Հակոբհակոբյանական պատկերներով խոսող բանաստեղծը․ Նշան Աբասյանի «Ուրիշ լռությունը»

Հակոբհակոբյանական պատկերներով խոսող բանաստեղծը․ Նշան Աբասյանի «Ուրիշ լռությունը»

Այսօր Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի նախասրահում տեղի ունեցավ ժամանակակից բանաստեղծ Նշան Աբասյանի «Ուրիշ լռություն» ժողովածուի շնորհանդեսը: Գիրքն ամփոփում է շուրջ ութ տասնյակ բանաստեղծություն՝ գրված 2010-2015 թթ.: «Ուրիշ լռությունը» հեղինակի երրորդ ժողովածուն է:



Բացման խոսքում գրքի խմբագիր, գրականագետ Արմեն Ավանեսյանը խոսելով Նշան Աբասյանի պոեզիայի մասին նկատեց, որ հաճախ մարդիկ ասում են՝ Նշանը ռոմանտիկ է, բայց ըստ Ավանեսյանի, բանաստեղծը փորձում է լռության միջոցով հասնել ինքն իր հետ մենանալուն․ «Նշանի մոտ մենությունը բովանդակային է՝ վերածնունդ»։  



Գրականագետ Հայկ Համբարձումյանն էլ իր խոսքում նշեց, որ Նշան Աբասյանի գործերը ընթերցելիս առաջին բառը, որ գալիս է մտքիդ՝ խոնարհությունն է։ Ըստ գրականագետի, Աբասյանը ձգտում է բառի միջոցով պատկեր ստեղծել, այլ ոչ թե բառն օգտագործել, որպես բողոք։



«Նշանը տարբերվում է առանց ճիգ անելու՝ ինքն իր տեսակով»,- այսպես բնութագրեց Նշան Աբասյանին արձակագիր Հովհաննես Երանյանն ու ընդգծեց, որ աստվածային մնջություն եւ շշմելու մեղեդի կա նրա բանաստեղծություններում եւ ընդմանեը 10 բառի միջոցով նա կարողանում է փոխանցել պատկերը, ձայնը, մեղեդին։ Արձակագիրը նաեւ նկատեց, որ այդ պատկերները գուցե մարտիրոսսարյանական չեն, բայց հաստատ հակոբհակոբյանական են։   



Գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ով գրքից ընթերցեց մի բանաստեղծություն, ապա իր խոսքում նշեց, որ Նշան Աբասյանի բանաստեղծություններում ընթացք ու շարժում տեսավ, իսկ ընթացքը կարեւոր է ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ գրականության․ «Նշանի գործերի հյուսվածքի թափանցիկությունը շատ գեղեցիկ է, որևէ երկրորդ իմաստ, երկիմաստություն չկա, պարզ բաներ են, բայց այդ պարզությունն այնքան լավ է…»։ 



Շնորհանդեսից հետո ինքը՝ բանաստեղծը նշեց, որ համաձայն չէ իր պոեզիային տրվող ռոմանտիկ բնորոշմանը ու երբ իր գործերում փորձում է հակադրվել դրան, կարծես դրանով ավելի է ամրացնում բանաստեղծությունն ու մի նոր ռոմանտիկ շերտ բացում։  



Սոնա Ադամյան