Սենսացիոն մանրամասներ Հիլարի Քլինթոնի նամակագրությունից. Թոնի Բլերը ժամանակին փորձել է փրկել Քադաֆիին

Սենսացիոն մանրամասներ Հիլարի Քլինթոնի նամակագրությունից. 
Թոնի Բլերը ժամանակին փորձել է փրկել Քադաֆիին

Նոյեմբերի 1-ին բրիտանական «The Daily Mail»-ը հրապարակել է հոդված, որում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը 2011-ն փորձել է փրկել Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆիի ռեժիմը: Այդ մասին է վկայում նրա նամակագրությունը այդ ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որը վերջերս հրապարակել է Պետդեպը:



Բլերը, ով այդ տարիներին զբաղեցնում էր «մերձավորարևելյան կվարտետի» հատուկ ներկայացուցչի պաշտոնը, բազմիցս հեռախոսազրույցներ է ունեցել անձամբ Քադաֆիի հետ և Քլինթոնին կոչ է արել «չստորացնել» լիբիական առաջնորդին: Նախկին վարչապետը Քլինթոնին գրել է, որ Քադաֆիի «աջ ձեռքը» ողջախոհ և խելամիտ մարդ է և որ Քադաֆիին նրան հավանություն է տվել: Բրիտանական պարբերականը ենթադրում է, որ խոսքը գնացել է Լիբիայի ՆԳՆ ղեկավար Մուսսա Կուսսեի կամ հետախուզության ղեկավար Աբդալլա Սենուսիի մասին:



«Ինձ զանգահարելէ Քադաֆիի աջ ձեռքը: Նա հարցնում էր լիբիական հակամարտության կարգավորման գործում առաջընթացի մասին: Ասաց, որ հարցնում է Ք-ի (Քադաֆիի) անունից: Ես ասացի Ք-ին, որ պետք է որևէ մկին նշանակել բանակցությունները վարելու համար և եթե նա անի դա, ապա ես անպայման մյուս կողմին դա կփոխանցեմ և կդիտարկեմ բանակցությունների հնարավորությունը», -մեջբերում է «The Daily Mail»-ը՝ 2011-ի օգոստոսի 9-ին ուղարկված նամակից: