Հայաստանը չի, որ ասենք՝ ՀՀԿ անդամ ես, վերջ, թուրդ աջ ու ձախ պետք է կտրի

Հայաստանը չի, որ ասենք՝ ՀՀԿ անդամ ես, վերջ, թուրդ աջ ու ձախ պետք է կտրի

Նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» խիստ հակահայ զեկույցի ընդունումը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը չի հաջողվել տապալել: Ավելին, վերջին պահին ադրբեջանական պատվիրակությանը հաջողվել է ավելի կոշտ ու հայկական կողմի համար խայտառակ ձեւակերպումներ մտցնել փաստաթղթում:



Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն երկու օր է՝ ցնծության մեջ են կատարվածից: Ըստ haqqin.az-ի՝ Ադրբեջանն առաջարկել է մի քանի ուղղումներ անել փաստաթղթում, մասնավորապես, զեկույցի 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը դեռ կարգավորված չէ» պարբերությունը փոխարինվել է «Ադրբեջանի գրավյալ տարածքները դեռ ազատագրված չեն» պարբերությամբ: Երկրորդ ուղղումը վերաբերել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ազատ արձակմանը: Առաջարկվել է զեկույցում ամրագրել. «...Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքները բռնազավթած



Հայաստանին՝ անհապաղ ազատ արձակել այդ անձանց»:



Ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել է նաեւ դատապարտել այն, որ հայկական կողմը հրաժարվել է համագործակցել զեկույցի հեղինակի հետ:



Մասնավորապես, հայկական կողմի համագործակցությանը վերաբերող հատվածը, որտեղ Ուոլթերը նշած է եղել, թե ափսոսում են, որ հայկական կողմը չի համագործակցել զեկույցի հեղինակի հետ, փոխվել է «վճռականորեն դատապարտում ենք, որ...» ձեւակերպմամբ:



Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարական հարցերի հանձնաժողովը հանձնարարել էր իր ադրբեջանամետ մոտեցումներով հայտնի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին զեկույց պատրաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Զեկույցում հղում է արվում ԵԽԽՎ 1416 բանաձեւին եւ պահանջվում է հայկական զորքերն անհապաղ դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից: ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված զեկույցը քննարկման կդրվի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, որը տեղի է ունենալու հունվարին, եւ պարզ կդառնա՝ ընդունվո՞ւմ է բանաձեւը, թե՞ ոչ: Ի դեպ, այդ նիստին մասնակցելու նպատակով Փարիզ են մեկնելու ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ու պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:



Մինչդեռ զավեշտն այն է, որ այս խայտառակ իրավիճակի «հերոսները»՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները, սեփական անգործությունը քողարկելու անհեթեթ «հիմնավորումներով» երկու օր է՝ լրատվամիջոցները ողողել են Ադրբեջանին ուղղված իրենց հոխորտանքներով եւ հայտարարում են, թե զեկույցն ընդունվելու դեպքում էլ քաղաքական իրավական հետեւանքներ չի ունենալու:



Իսկ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը պարզապես ապշեցնում է իր «դիվանագիտական» հիմնավորմամբ: Նա ասում է, որ զեկույցը լեգիտիմ չի կարող համարվել, քանի որ այն միակողմանի է. Ուոլթերը զեկույցը պատրաստելիս այցելել է Ադրբեջան, իսկ Ղարաբաղում նա չի եղել։ «Եվ սա շատ ճչացող, ակնառու թերացում է զեկուցողի աշխատանքում»,- նկատում է տիկին Նաղդալյանը՝ համարելով, որ ԵԽԽՎ-ն չի կարող ընդունել մի զեկույց, որը զեկուցողը գրել է «իրենց տանը նստած»:



Մինչդեռ Ուոլթերը պաշտոնական նամակով դիմել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ Ստեփանակերտ այցելելու թույլտվություն ստանալու համար, բայց մերժում էր ստացել: ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին հարցրինք՝ հնարավո՞ր է արդյոք, որ փոխգործակցության բացակայությունը նաեւ իր ազդեցությունն ունեցավ նման զեկույցի ընդունման հարցում, մանավանդ, որ փաստաթղթում դատապարտվում է Ղարաբաղի բոյկոտը:



«Նախեւառաջ մենք չենք մերժել համագործակցությունը, հակառակը՝ մենք քաղաքակիրթ եւ քաղաքացիական հասարակությանը վայել ձեւով հայտարարում էինք, որ պատրաստ ենք համագործակցել: Պարզապես ի սկզբանե նման վերնագրով փաստաթուղթն արդեն անհեթեթ ու անտրամաբանական էր, եւ երեւում էր, որ պատվեր էր»: Բաբայանն ասաց, որ առաջարկ է հնչել փոխել վերնագիրը, բայց ապարդյուն: Մեր հարցին՝ շփումն ու համագործակցությունը չէի՞ն մոտեցնի ցանկալի արդյունքին, պատասխանեց. «Եթե նրան մենք ընդունեինք, որեւէ բան չէր փոխվի: Եթե այդ անձը պատվեր է կատարում եւ օկուպացված է համարում Ղարաբաղը, էլ ի՞նչ խոսեինք այդ մարդու հետ: Խոսեինք, պետք է գրեիք՝ դավաճաններ են, այդպիսի մարդու հետ են գործակցում: Եվ, վերջապես, դա կդիտվեր մեր պարտությունը եւ զեկույցի հեղինակի կասկածներն ավելի կխորացներ»:



Բաբայանի խոսքով՝ փաստաթուղթն օբյեկտիվ չէ. «Երեւում է, որ այն պատրաստված է Բաքվում: Ցավալի է, որ ադրբեջանական կոռուպցիան, կաշառակերությունը ներթափանցել են եվրոպական կառույց: ԵԽԽՎ այդ հանձնաժողովը կարծես խավիարաթաթախ է դարձել, նավթաթաթախ. սա է մտահոգիչը: Թվում է, թե եվրոպական կարեւոր հարթակներից մեկը, որը պետք է լինի անաչառության վերհանման ջատագովներից, դառնում է արեւելյան շուկայի տաղավարներից մեկը, այն ընդօրինակում է Միլի մեջլիսի գործելաոճը»։ Բաբայանի կարծիքով, հայաստանյան պատվիրակները նման պարագայում ոչինչ անել չէին կարող. «Սա կոռուպցիա է, եւ ադրբեջանական կողմը պատվիրել է, որպեսզի համապատասխան պատգամավորները կողմ քվեարկեն»: ԼՂ նախագահի մամլո խոսնակի գնահատմամբ, այդուհանդերձ, փաստաթուղթը միայն խորհրդատվական է. «Քաղաքական եւ իրավական հետեւանք այն չի կարող ունենալ, համոզված եմ, որ նրա ճակատագիրը կլուծվի փոշու մի հաստ շերտի տակ»:



Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի համար անընդունելի է համագործակցության մերժումը. «Իրենք կարող է խռովեն՝ գործի չգնան, բայց չէ՞ որ պետություն են ներկայացնում, պատասխանատվությունը պիտի զգան: Ի վերջո, արդյոք այդ բոյկոտը լավագույն լուծո՞ւմն էր այս ամեն ինչից դուրս գալու, ինչո՞ւ է հարցը բոյկոտին հասել, սա է խնդիրը»: Զեկույցի՝ հետեւանք չունենալու վերաբերյալ հայտարարությունները նա տարօրինակ է համարում. «Լավ, եթե հետեւանք չի ունենալու, ինչո՞ւ են պետական միջոցները վատնում ու գնում գործուղումների եւ մի հատ էլ մեզ համոզում, որ մի տխրեք, մեկ է՝ մեր վեջին չի, կոպիտ ասած»։ «Իրականում իրենք էլ գիտեն, որ դա լուրջ բան է:



Իհարկե, այդ զեկույցի հիման վրա ոչ Ղարաբաղն է հանձնվելու, ոչ էլ որեւէ հող, բայց եթե բանաձեւը վերջնականապես ընդունվի, ապա տարիներ շարունակ դա դրոշակ է լինելու Ադրբեջանի ձեռքին, ու անընդհատ նույն խնդրով քննարկման ժամանակ պահանջելու է վերահաստատել գործընկեր կառույցի դիրքորոշումը»: Ստյոպա Սաֆարյանը հիշեց, որ մինչ օրս խոսվում էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերից: Կարո՞ղ էր հայաստանյան պատվիրակությունը կանխել հակահայ փաստաթղթի ընդունումը։



«Հայկական պատվիրակության կազմում ես չեմ տեսնում պատգամավոր, թող ինձ ներեն բոլորը, շատերի հետ եմ աշխատել, իհարկե, Արմեն Ռուստամյանին պրոֆեսիոնալ եմ համարում, իր որակների մասին իմ գնահատականն այլ է, բայց այնտեղ մարդիկ չեմ տեսնում, որ իրենք ԵԽԽՎ-ում եղանակ ստեղծող կամ հարգանք վայելող պատգամավորներ են: Բա ո՞ւր էին Հայաստանի բարեկամները, նրանց ընկերներն այդ կառույցում, ինչպե՞ս եղավ, որ հիմնականում բոլորը պաշտպանեցին ադրբեջանամետ որոշումը, ի՞նչ արեցին, որ չստացվեց»:



Սաֆարյանը գրեթե համոզված է, որ հայկական պատվիրակությանը դժվար թե հաջողվի տապալել բանաձեւի վերջնական ընդունումը, քանի որ, նրա խոսքով, արդեն իսկ լսվել են ԵԽԽՎ հանձնաժողովի խմբակցությունների դիրքորոշումները. «Պետք էր դիրքորոշումները ձեւավորելու ընթացքում ազդեցություն գործել: Հերմինե Նաղդալյանի ելույթին եթե Հայաստանում մեծաթիվ ծափահարողներ չկան, այդպիսին չեն լինելու նաեւ Եվրոպայում:



Լիդերը, որը բացարձակ հեղինակության, հարգանքների հաշվին է հարգանք ստեղծում, այստեղ էլ պետք է այդպիսին լինի, հայաստանյան բարքերը չեն, որ ասենք՝ կուսակցության անդամ ես, վերջ, թուրդ աջ ու ձախ պետք է կտրի»: