Հանրապետականը վատն է, մենք վատն ենք, եթե դու էլ ես վատը, ուրեմն գնա «ոչ» ասա

Հանրապետականը վատն է, մենք վատն ենք, եթե դու էլ ես վատը, ուրեմն գնա «ոչ» ասա

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է «այո»-ի եւ «ոչ»-ի ռեալիթի շոուն ՀՀ հյուսիսային եւ հարավային մարզերում, որի շրջանակներում «այո» եւ «ոչ» քարոզողները Հայաստանի տարբեր մարզերում ժողովրդի հետ հանդիպումներ են ունենում եւ տեսախցիկների առաջ իրենց քարոզն անում։



Շոուն անցնում է լրիվ «տնավարի վիճակներում»՝ կերուխում հասարակ քաղաքացիների տներում, ֆուտբոլ ու նարդի խաղալ, կիթառ նվագել, օղու թորման պրոցեսին ականատես լինել։ Այս ամենը քարոզիչները փորձում են զուգակցել սահմանադրական քննարկումների հետ եւ մարդկանց համոզել դեկտեմբերի 6-ին «այո» կամ «ոչ» ասել։ «Այո»-ականները, որոնք հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորներ են թե՛ հարավային, թե՛ հյուսիսային շրջաններում, յուրահատուկ տակտիկա են ընտրել իրենց «այո»-ն ժողովրդին հասցնելու հարցում․ «նպատակն արդարացնում է միջոցները» նշանաբանով նրանք պատրաստ են փնովել իրենց իշխանությունը, ամենաանհավանական խոստումները տալ, միայն թե համոզեն «այո» ասել։



Եվ, տեսնելով, որ ժողովրդին բուն Սահմանադրությունն առանձնապես չի հետաքրքրում, այլ սոցիալական խնդիրներով են տարված, ձեռնպահ չեն մնում նաեւ ավանդական մեթոդներից՝ ընտրակաշառքից։ Օրինակ՝ Մեղրիում խոստանում են գազի հարց լուծել, դպրոցի գույք հայթայթել եւ այլն։ Երբ փորձում են համոզել, որ Սահմանադրությունը դրական փոփոխություններ է առաջացնելու, ստիպված սկսում են փնովել գործող իշխանություններին։ Իսկ երբ ուզում են ապացուցել, որ պառլամենտական կառավարումը լավ բան է, սկսում են քննադատել Սերժ Սարգսյանին՝ մի մարդը սխալներ է թույլ տալիս, վերացնենք մի մարդու ինստիտուտը։ Մոտավորապես այսպես. «Չե՞ք ուզում Սերժ Սարգսյանին, չե՞ք ուզում ՀՀԿ-ին, վա՞տն են այս իշխանությունները, դե ուրեմն եկեք «այո» ասենք Սահմանադրությանը, որ փոխենք համակարգն ու չունենանք այլեւս այնպիսի նախագահ, ինչպիսին Սերժ Սարգսյանն է»։ Կամ՝ կոռուպցիայի դեմ պայքարը կապում են նոր Սահմանադրության հետ, հընթացս ընդունելով, որ երկրում կոռուպցիա կա եւ այլն։ Այս զավեշտալի վիճակը ՀՀԿ-ականները տարբեր կերպ են մեկնաբանում։



Սյունիքի մարզից հատուկ ԱԺ նիստերի համար Երեւան վերադարձած «այո»-ական Վարդան Այվազյանը, օրինակ, մեր մատնանշած ընտրակաշառքի փաստերի առնչությամբ ասաց․ «Իսկ վա՞տ է, որ խնդիրներ ենք փորձում լուծել։ Գնացել հասել ես, եթե կարելի է մարդկանց համար ինչ-որ խնդիր լուծել, նույն մեր ընդդիմադիր գործընկերներն էին ասում, որ աջակցեք՝ էդ խնդիրը լուծվի։ Դրա մեջ ի՞նչ վատ բան ես տեսնում դու։ Եթե մարդիկ ուզում են, որ գազ օգտագործեն, ինձ թվում է՝ էդտեղ որեւէ ընտրակաշառքի հետ կապված խնդիր չկա»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի գործոնը ՀՀԿ-ականների կողմից շահարկվելուն, ապա Այվազյանը կարծում է, որ Ս․ Սարգսյանը, որպես նախագահ, իրականացնում է իր պարտականությունները մինչեւ 2018 թվականը՝ ամբողջ ժամանակահատվածով, եւ այս հարցը կապել ինչ-որ անձերի հետ, ճիշտ չէ։ Այո, ժողովուրդն իրենց կարող է եւ փնովել, եթե իշխանությունները չեն լուծել իրենց սոցիալական խնդիրները, բայց «էնպես չի, որ ընդդիմության համար ուշաթափվում էին»։



Հարավում Այվազյանի գլխավոր օպոնենտ, «ոչ»-ական պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ է նկատել, որ ՀՀԿ-ականները սոցիալական խոստումներ են փորձում տալ ժողովրդին․ «Դա իրենց գործն է, բայց ի՞նչ անեմ, գոռա՞մ»։ Ըստ նրա՝ ժողովրդի հետ հանդիպումների արդյունքում նույնիսկ նրանք, ովքեր «այո»-ի կողմն էին հակված, թեքվեցին դեպի «ոչ»-ը։ ՀՀԿ-ականները, անշուշտ, հակառակն են պնդում։



Այս ամենի մասին իր տեսակետն արտահայտեց նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում «ընտրակաշառքի» նմանատիպ խոստումներին ՀՀԿ-ականների կողմից։ «Դա հիմարություն եմ համարում, դա արջի ծառայություն է, եթե մեզանում նման մարդիկ կան․․․ դա գազի խնդիր չի լուծում, դա սոցիալական հարցեր չի լուծում, պարզապես հնարավորություն է տալիս, որ էնպիսի մոդել լինի, որ ցանկացած խնդիր, այդ գազի խնդիրը, մյուս խնդիրները լուծելի լինեն կառավարման պրոցեսում նաեւ ժողովրդի եւ ընդդիմության մասնակցությամբ»։ Իսկ փորձելո՞ւ է այդ «հիմարությունն» անողներին կամ «արջի ծառայություն» մատուցողներին, որոնք հիմնականում ՀՀԿ-ականներ են, բացատրել, որ նման բան չանեն այլեւս։ «Դա, ես կարծում եմ, էդ ժամանակաշրջանը չի, մարդիկ արդեն չափահաս, մեծ մարդիկ են դարձել, որ ինչ-որ մի բան բացատրես։ Խնդիրն այն է, որ ժողովուրդն ինքը պիտի ընտրի՝ ում հետեւից է գնալու։ Էնպես չի, որ բոլոր քարոզիչները պատրաստ են ե՛ւ «այո»-ի ճամբարում, ե՛ւ «ոչ»-ի ճամբարում»,-ասաց նա։



Շատերը դժգոհում են ՀՀԿ-ից, Սերժ Սարգսյանից, ՀՀԿ-ականներն էլ ասում են` չեք ուզում Սերժ Սարգսյանին, դե եկեք կողմ քվեարկեք Սահմանադրությանը: ԱԺ նախագահն ասաց․ «Ես էլ ասում եմ հետեւյալը, որ սա ո՛չ նախագահի ընտրություն է, ո՛չ էլ խորհրդարանական։



Հանրապետականը վատն է, մենք բոլորս վատն ենք։ Ընդամենը բերել ենք մի փաստաթուղթ, որ դու էլ ես մասնակից դառնալու կառավարման պրոցեսին։ Եթե դու էլ ես վատը, ուրեմն գնա «ոչ» ասա»։ Բայց ստացվում է` դուք ձեզ, այսպես ասած, «ժերտվա՞» եք տալիս։ «Դա գիտե՞ս ինչ բարդ բան է։ Ինձ համար, օրինակ, եթե ես սովորական կուսակցական գործիչ լինեի, ավելի լավ կլիներ էսքան ուժերը ծավալել, հասնել նրան, որ նորից մի նախագահ ունենայի, նորից էդպես գնայի, ժողովրդի հերն էլ անիծած։ Ժամանակները փոխվում են, եւ ժամանակն իրենն է դնում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ