Մերօրյա Մաշտոցը ոչ սուրբ է, ոչ էլ գյուտարար

Մերօրյա Մաշտոցը ոչ սուրբ է, ոչ էլ գյուտարար

Արամայիս Մնացականյանը, նույն ինքը՝ Արմայիս Մնացականը, նույն ինքը՝ Արակը, մի մարդ է, որը մեր օրերում ձեռնոց է նետել Մեսրոպ Մաշտոցին, ստեղծել է նոր այբուբեն, որը կոչել է Արէն Աբէն։ «Ար-ը մեր տոհմի, ցեղի, ազգի անունն է, մենք ենք Աստծո լեզվով խոսողները, այստեղից էլ մեր անունը՝ Արմենիա։ Արէն՝ նշանակում է Ար-ին պատկանող, Աբէն, այսինքն՝ Ա-ն, Բ-ն եւ մնացածը»,-ասում է Արամայիս Մնացականյանն ու նշում, որ ոչ լեզվաբան է, ոչ էլ պատմաբան, մասնագիտությամբ բանասեր է, կոչումով՝ բանաստեղծ, եւ ամեն մի միտք, որ ծնվում է իր գլխում, ուզում է կիսել իր ցեղի հետ։ Իսկ նոր հայոց այբուբենի վրա մոտ 3 տարի է աշխատում, ապա պայուսակից հանում ու ցույց է տալիս 2013թ. «Գարուն» ամսագրում տպագրված իր հոդվածը՝ վերնագրված «Հայոց այբբենում փոփոխությունների լրացման ու պարզեցման առաջարկներ»՝ միաժամանակ նկատելով, որ դրանից հետո գրված վերջնական տարբերակում այբուբենից հանել է յ-ն, ռ-ն, ֆ-ն, այբուբենում չկան նաեւ երկհնչյուններ, գրում ես այնպես, ինչպես հնչում է բառը, եւ, ըստ իր առաջարկների, մեր այբուբենը պետք է լինի 33 նշանագիր։ 



Արամայիս Մնացականյանը, նույն ինքը՝ Արակը, նշում է, որ դեռ 1913թ. Մայր Աթոռն ինքը կազմակերպեց լեզվի քննարկում, որը հանձնարարվել էր Մանուկ Աբեղյանին, ի դեպ, իր առաջարկությունների մի մասը քաղել է հենց այդ քննարկման ժամանակ հնչած առաջարկություններից։ «Մեր այբուբենը խնդիր ունի, եւ այդ խնդիրը գալիս է ի սկզբանե, մենք պետք է գրենք այնպես, ինչպես լսեցինք, բայց եթե գրենք գրական հայերենով, մեծ հակասություններ են առաջանում։ Ավելին՝ բոլոր հարցերի հանգույցը կամ, ինչպես ասում են, շան գլուխը թաղված է մի տեղում՝ Հայոց այբուբենի մեջ»,-ասում է նա ու նշում, որ ժամանակի ընթացքում մաշտոցյան այբուբենն էլ փոփոխությունների է ենթարկվել, եւ անգամ 1922-40թթ. այբուբենից հեռացվել են ե-ն, ո-ն, ինչը պարզության, կիրառելիության ամենալավագույն տարբերակն է։ Այսինքն՝ ավելո՞րդ են այդ տառերն այբուբենում։ Ըստ Մնացականյանի, դրանց ավելորդությունն ապացուցվել է վաղուց՝ Գյուլբուդաղյանի եւ Աբեղյանի գրքերում այդ հարցն իր լուծումներով տրված է։ Նա ասում է, որ այբուբենում կա մեծատառերի եւ փոքրատառերի համապատասխանության հարց, նաեւ եւ-ի հարցը, որն այբուբենի անդամ իրավունք չուներ լինելու եւ այբուբենում օգտագործվել է որպես շաղկապ օ-ի, ֆ-ի համար։ Բանասեր բանաստեղծը պարզ լուծումների կողմնակից է, դրա համար զարմանում է, թե ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում ինչպես է հնարավոր մի տառը գրել 2 մասնիկով․ «Դա նշանակում է, որ մի էջ հավաքելու համար դուք 1800 նիշ եք խփում, որից ու-ն կրկնվում է 150 անգամ, այսինքն՝ 150 անգամ կրկնակի գործողություն եք անում, կրկնակի էներգիա ծախսում»։



Մնացականյանին խնդրեցինք մի փոքր ավելի հստակեցնել, թե ինչպես կարող ենք ե-ն, ո-ն չօգտագործել, երբ ինքն էլ իր խոսքի մեջ օգտագործում է այդ տառերը, եւ, ի վերջո, ինչպե՞ս պետք է կարդանք «ոզնին», եթե հանենք «ո» տառը։ «Օզնի, օրսորդ, օսկի․ ինձ համար, որպես բանաստեղծի, ոչ մի արգելք չկա»,-շեշտակի ասում է Մնացականյանն ու սեղանին շարում իր բանաստեղծություններով ձեւավորված բացիկները՝ նշելով, որ սրանք գրված են նախնական արէրենով կամ կիսաարէրենով։ Իսկ արէրենը, ըստ էության, նույն հայերենն է, ուղղակի որոշակի շտկումներով՝ ավելորդ տառերը մաշտոցյան այբուբենից հանված։ Այնուհետեւ մերօրյա Մաշտոցը ծանոթացնում է իր այբուբենի առանձնահատկություններին. «Տեսեք, առաջին քայլը եղել է նա, որ ես գրել եմ «երգը»՝ ք-ով, «սուրբը»՝ փ-ով, այսինքն՝ ես գրել եմ այնպես, ինչպես իմ ականջը լսում է»։ Նա համաձայնում է՝ ինքն էլ խոսում է հայերեն, քանի որ դիմացինի համար, այս դեպքում՝ իմ, այդ լեզուն նորություն է, բայց գրում է բացառապես արէրենով։



Արամայիս Մնացականյանի առաջարկությունները չեն սահմանափակվում միայն այբուբենով, նա հիմա էլ պայուսակից հանում է մի մեծ օրացույց ու առաջարկում օգտվել ոչ թե բյուզանդական կայսրերի անուններով կազմված ամսանուններից, այլ մեր սեփական, այսպես, օրինակ՝ հունվարը արարն է՝ արարիչ իմաստով, փետրվարը Արլոսն է՝ արարի լույսը, Արակը՝ Արարի ակունքը, եւ այդպես շարունակ։ Ամիսներից բացի, Մնացականյանը փոփոխել է նաեւ շաբաթվա օրերը, քանի որ, ըստ նրա, շաբաթն այլ ազգի ծիսակարգ է, եւ պետք է կարեւորել օրը։ Ըստ այդմ, շաբաթվա օրերն էլ կազմել է՝ ելնելով այս տրամաբանությունից. երկուշաբթին՝ մինօր, այսինքն՝ առաջին օր, ապա, հաջորդաբար՝ էրկօր, հէրօր, քառօր, ափօր, օղօր, օթօր. «Ասենք, եթե ուզում եմ ասել՝ ես կգամ շաբաթվա 3-րդ օրը, ասում եմ՝ ես կգամ օթօրի հէրօրը»։



Հետաքրքրվեցինք, թե իր առաջարկությունները ներկայացրե՞լ է, ասենք, Լեզվի տեսչություն կամ Լեզվի ինստիտուտ, Մնացականյանը նկատում է՝ ինչքանով որ հարկ համարել է, դիմել է նախագահին, վարչապետին, կրթության եւ գիտության նախարարին, մշակույթի նախարարությանը, Գիտության պետական կոմիտեին, Լեզվի ինստիտուտ, ԵՊՀ, մի քանի ստեղծագործական կոլեկտիվների։



Պատասխանը գրեթե բոլոր դեպքերում շատ հակիրճ է եղել, չնայած պահանջել է, որ մասնագիտական հանձնաժողով ստեղծվի՝ իր առաջարկները քննարկելու համար, բայց. «Պատասխանն այսպիսին էր, որ Մեսրոպ Մաշտոցը համարվում է սուրբ, նրա տառերը սրբի մասունքներ են, եւ մենք իրավունք չունենք դրանց մատով դիպչելու»։ Ապա շարունակում է, որ եթե ԿԳՆ-ն ծանոթ լիներ գրերի պատմությանն ու իմանար, թե ինչքան փոփոխությունների է այն ենթարկվել տարբեր ժամանակաշրջաններում, իրեն չէր համարի առաջին «սրբապիղծը»․ «Եթե կրթության եւ գիտության նախարարությունը հիմնվում է սրբության վրա եւ այլ առարկություններ չունի, ստացվում է, որ ինչ-որ տեղափոխություն է եղել՝ սրբերը հայտնվել են կրթության եւ գիտության նախարարությունում, իսկ այնտեղ, որտեղ սրբերն են գտնվում, գիտությունն ու կրթությունն են»։



Եթե ԿԳՆ-ն կրոնական դիրքերից է պատասխանել Մնացականյանին, ապա Լեզվի ինստիտուտի ու ԵՊՀ-ի պատասխաններն էլ, ըստ նրա, եղել են ոչ գիտական, շատ թույլ՝ իրենց հիմնավորումներով, եւ կրկնել են այն լեզվաբանական քարացած կանոնները, որոնք գործուն չեն։ «Ինձ չեն էլ հրավիրում այդ քննարկումներին, որ կարողանամ տեղում այդ վերլուծություններն անել»,-ասում է նա, ապա ակնարկում այն հնարավոր պատճառները, որի համար ընթացք չեն տալիս իր առաջարկին, այն է, որ փոփոխության դեպքում ստիպված են լինելու սովորել նոր լեզու՝ արէրեն։



Թե ինչքանով է իր առաջ քաշած խնդիրն այսօր արդիական ու հրատապ եւ ինչքանով է խանգարում մարդկանց հաղորդակցմանը, ըստ նրա, այս խնդիրները հրատապ են եղել մշտապես։ «Առաջին օրից սկսած, երբ մեզ ներկայացրել են այն այբուբենը, որ կոչվում է մաշտոցյան, այդ օրվանից ինքը խնդիր է առաջացրել»,-ասում է նա ու նկատում, որ եթե ինքն այլ կարծիք ունի, դա դեռ չի նշանակում, որ իր կարծիքը սխալ է, ավելին՝ եթե ոչինչ չկարողանա փոխել ազգի ճակատագրի մեջ, պետք է գոնե հայոց լեզուն պարզեցնի։