Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը

Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը

Սերժ Սարգսյանը հեռուստալրագրողների հետ իր ասուլիսի ժամանակ բավականին սուր քննադատության էր ենթարկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։ 



Մեջբերենք Սերժ Սարգսյանի խոսքից․ «Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետում գրված է. «Հանրապետության նախագահը զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում»:



Ուշադրություն դարձրեք բառին՝ համակարգում է, ոչ թե ղեկավարում: Ասացեք խնդրեմ, համակարգելով` հանրապետության նախագահն ինչպե՞ս կարող է անվտանգություն ապահովել: Ես ուզում եմ մի կոնկրետ օրինակ բերել եւ այս օրինակի վրա ցույց տալ այն վտանգը, որ կարող է սպառնալ, իսկ հիմա մեր իրավիճակն այնպիսին է, որ մեր անվտանգությանն այդ սպառնալիքի հավանականությունը շատ մեծ է: Մի պահ պատկերացնենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններում հաղթել է մեր քաղաքական ուժերից մեկը, որի ծրագրային դրույթները, իմ խորին համոզմամբ, հակասում են մեր պետական շահերին: Ես չեմ ասում լավ է, թե վատ, ասում եմ՝ իմ համոզմամբ: Եվ այդ քաղաքական ուժն ի՞նչ պետք է անի ընտրություններում հաղթելուց հետո: Պետք է իր ղեկավարին կամ մարդուն, որին իրենք վստահում են, նշանակեն վարչապետ: Մեր Սահմանադրությունն ասում է, որ հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող անձին: Ես չէի կարող չնշանակել, պարտավոր եմ նշանակել: Ենթադրենք՝ նշանակեցինք այդ մարդուն որպես վարչապետ, եւ ձեւավորվեց կառավարություն: Էլ չեմ ասում կառավարության որակի մասին, որովհետեւ իրենք քաղաքական ուժ են, եւ եթե ես չհամաձայնվեմ կոնկրետ օրինակ՝ պաշտպանության նախարարի թեկնածուի շուրջ, ապա ճգնաժամ կառաջանա: Բայց ենթադրենք համաձայնվեցի. ի՞նչ պետք է անի այդ կառավարությունը: Այդ կառավարությունը պետք է իրականացնի իր ծրագրային դրույթները: Սա շատ ակնհայտ է, չէ՞: Հիմա ենթադրենք այդ քաղաքական ուժը նույն «Ժառանգություն» կուսակցությունն է:



Ի՞նչ է ասում «Ժառանգություն» կուսակցությունը: Ասում է՝ անհապաղ պետք է ճանաչել ԼՂ անկախությունը: Կառավարությունը որոշում կկայացնի, օրենքի նախագիծ կուղարկի ԱԺ, Ազգային ժողովը կճանաչի ԼՂՀ անկախությունը, եւ, համաձայն մեր Սահմանադրության, այդ օրենքը կգա նախագահական: Ես պարտավոր եմ 21-օրյա ժամկետում վավերացնել այդ օրենքը կամ էլ առարկություններով ետ ուղարկել Ազգային ժողով: Բայց քանի որ իրենք մեծամասնություն են, նոր-նոր տեղի են ունեցել ընտրություններ, իրենք հաղթող են, իրենք կհաղթահարեն վետոն եւ նորից կուղարկեն նախագահական: Եվ ես պարտավոր եմ 5-օրյա ժամկետում վավերացնել: Բայց ի՞նչ է նշանակում ճանաչել ԼՂՀ անկախությունը:



Դա նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, որովհետեւ, եթե դու պաշտոնապես ճանաչում ես անկախությունը, այլեւս ի՞նչ բանակցություններ, իսկ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Երկրորդ՝ դա նշանակում է անհարգալից վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նկատմամբ, որովհետեւ համանախագահները նրանք են, նրանք արդեն 23 տարուց ավելի միջնորդներ են, բանակցություններ են վարում: Եվ բնական է, որ այդպիսի վերաբերմունքը նրանց համար շատ տհաճ պետք է լինի: Հաջորդ դրույթը՝ եթե հիշում եք, այս տարվա մայիսին «Ժառանգության» ներկայացուցիչներից մեկն օրենքի նախագիծ բերեց ԱԺ, որով մենք պետք է Թուրքիայից պահանջենք Արեւմտյան Հայաստանի տարածքները: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է մի պատերազմ էլ հայտարարել Թուրքիային: Եվ ես ոչինչ անել չեմ կարող: Մյուսը՝ եթե հիշում եք, այդ կուսակցության հաջորդ դրույթն այն է, որ պետք է հարկերը կրճատել եւ աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել: Իսկ մենք որտե՞ղ ունենք փող: Մենք փող ունենք միայն բյուջեում, որը համալրվում է միայն ու միայն հարկերով, եւ այդ բյուջեի մի ահռելի մասը մենք հատկացնում ենք մեր անվտանգությանը, հիմնականում՝ պաշտպանությանը: Այսինքն` ինչ է դուրս գալիս. պաշտպանության հնարավորությունները սահմանափակենք, կրճատենք միջոցները, պատերազմ հայտարարենք Ադրբեջանին, Թուրքիային, եւ պատասխանատվությունն այդ դեպքում ո՞ւմ վրա է: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա տրամաբանակա՞ն է»:



«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց․ «Երեւի թե այն, ինչ այս տարիների, այս երկու տարվա ընթացքում տեղի է ունենում, դա պատերազմական գործողություններ չեն, այսինքն՝ հրանոթից կրակելն ընդամենը սովորական զինավարժություններ են, զինվորների եւ քաղաքացիների մահն ընդամենը բեմականացում էր, այո՞։ Երեւի թե դա՞ նկատի ունի։ Չէ՞ որ այս տարիների ընթացքում մենք էլի պատերազմական գործողությունների շրջանում ենք գտնվում, ինչի՞ մասին է խոսքը»։ Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը՝ պարոն Մարտիրոսյանը հեգնանքով հակադարձեց․ «Այո, ինքը շատ ճիշտ քաղաքականություն տարավ, երեքուկես տարի եվրոպացիների հետ բանակցեց Ասոցացման համաձայնագրի շուրջ, ինչ է թե ճանաչեն կեղծված ընտրությունները, հետագայում իրենց, բառիս բուն իմաստով, հայերեն ասած՝ «քցեց», որի արդյունքում բանաձեւեր ենք ստանում, որի արդյունքում տնտեսությունը որեւէ ձեւով չբարելավվեց, խոստացավ, որ ԵՏՄ ենք մտնում անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, բայց տեսնում ենք, որ ո՛չ անվտանգությունն ապահովվեց, Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին բազմամիլիարդ զենքի վաճառք, պատերազմական գործողություններ Հայաստանի սահմանին, իսկ տնտեսության առումով էլ` խայտառակ անկում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե պաշտոնապես միայն առեւտրաշրջանառությունը 30 տոկոս ընկել է, իրականում պատկերացրեք, թե ինչքան է ընկել»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ