ԲՀԿ-ական Վահան Բաբայանի համար հանրաքվեն անցել է բարձր և նորմալ մակարդակով

ԲՀԿ-ական Վահան Բաբայանի համար հանրաքվեն անցել է բարձր և նորմալ մակարդակով

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, իր կարգավիճակով ընդդիմադիր Վահան Բաբայանն այսօր լրագրողներին ասաց, որ հանրաքվեն անցել է նորմալ, և դրա արդյունքի վրա չեն կարող ազդել մի քանի լոկալ տեղերում բարձրաձայնած կադրեր։



«Կարծում եմ, որ եթե նույնիսկ եղել են որոշ տեղերում նման բաներ, պետք է այդ մարդկանց ի հայտ բերել, որովհետև իրենք առաջին հերթին արջի ծառայություն են մատուցել հենց կազմակերպիչներին և «Այո»-ի կողմնակիցներին, և պատժել այդ մարդկանց։ Բայց, ընդհանուր առմամբ, ես կրկին ասում եմ, որ հանրաքվեն անցել է շատ բարձր և նորմալ մակարդակով։ Մնացյալը՝ խոսակցություններ ու բամբասանքներ են, որոնք եթե ավելի լուրջ մոտենանք, պետք է դիմեն իրավապահ մարմիններին»։



Լրագրողներից մեկի հարցին, թե իր համար այս խայտառակ ընտրությունների արդյունքներն ընդունելի՞ են, պարոն Բաբայանն ասաց․ «Խայտառակ դա Ձեր մեկնաբանությունն է, և կխնդրեի նման մեկնաբանություններ չանել, որովհետև, եթե եղել են խախտումներ, դիմեք իրավապահ մարմիններին»։



Hraparak.am-ի հարցը, թե տեղյա՞կ է՝ ԲՀԿ-ից քանի՞ հոգի է արջի ծառայություն մատուցել, Բաբայանն անպատասխան թողեց։ Նա նաև ասաց, որ իր համար կարևորը փաստերն են և ԿԸՀ-ի տվյալները, իսկ եթե խախտումների փաստեր կան, նորից խնդրեց դիմել իրավապահ մարմիններին։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ