Ոչ մի 2017, նոր տարուն՝ նոր Հայաստան. հեղափոխությունը հետաձգվեց մեկ տարով

Ոչ մի 2017, նոր տարուն՝ նոր Հայաստան. հեղափոխությունը հետաձգվեց  մեկ տարով

Եվ ահա «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը խրոխտ դեմքով կանգնած է Ազատության հրապարակում հավաքված մարդկանց առջև, նույնպիսի խրոխտությամբ, էմոցիոնալ շեշտադրումներով ելույթ է ունենում և մարդկանց հայտնում, որ հաջորդ կարևոր հավաքը տեղի է ունենալու հունվարի 22-ին, ուղիղ մեկ ամիս անց, իսկ հիմա դեռ խորհուրդ է տալիս ամեն օր ժամը 5-ին գալ Ազատության հրապարակ. «Մենք ցույց կտանք ընթացքում, որ սա տևական պայքար է, և եթե ձեզ պետք է, 200-ը կդառնա 20 հազար և այլն, բայց դրանով չէ, այդ մաթեմատիկայով չէ լուծումը, լուծումն այդ պարզ հայաստանյան ճշմարտության մեջ է, որ մենք մերժում ենք սուտը և կեղծիքը, մենք ունենք ճշմարտության Հայաստան, մենք ուզում ենք այն հայրենիքը, որն ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը: Մեկ ամիս անց՝ հունվարի 22-ին, ժամը 5-ին, մեր այսօրվա որոշումից հետո մենք պետք է շարունակենք քաղաքացիական ժողովը, ամսի 22-ից պետք է բացվի նոր շրջան թե գաղափարական, թե կազմակերպական:Եվ ով հիմա գլխաքանակ է հավաքում, այլ ոչ թե Հայաստանի հպարտ քաղաքացիներ, իրենք կտեսնեն, որ եթե իշխանությունն արդեն ինքնակամ չհեռացավ, չեկավ ներողություն չխնդրեց, այդ կանանց ուղարկեցին, խաժամուժ ուղարկեցին, հանցագործ ուղարկեցին սեփական ժողովրդի նկատմամբ, ակնհայտ է, որ նրանք պետք է ձերբակալվեն, ակնհայտ է Հայաստանի հանուն նրանք պետք է պախատասխանատվություն կրեն»:



Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ամփոփիչ հարցուպատասխանի «ճակատագրական» օրն էր, երբ պետք է որոշվեր հետագա անելիքները, և որոշվեց, կրկին հավաքվում ենք մեկ ամիս անց, համոզված ենք մեկ ամիս անց էլ մարդկանց հրավիրելու են հավաքի ևս մեկ ամիս անց: Այնուահանդերձ, նախաձեռնության անդամները չեն լքելու Ազատության հրապարակը. «Նոր Հայաստանը կմնա հրապարակի վրա, մենք հրապարակից չենք հեռանալու, այստեղ կմնա մեր պետական դրոշը, մինչև մենք չունենանք նոր հանրապետություն: Ոչ մի 2017, նոր տարուն՝ նոր Հայաստան: Մեր հերթապահ երիտասարդները պիտի լինեն հրապարակում, եկեք զորակցեք, ցանկացած ժամ, գիշեր ցերեկ, մանավանդ ժամը 5-ին սովորություն թող լինի, եկեք: Նոր տարվա գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, երբ ես պիտի լինեմ իմ մորս՝ Վարդիթեռի հետ, իմ ծննդյան տարեադարձին, ապա պետք է գոծուղվեմ Նոր Հայաստանի կողմից տարբեր երկրներ որոշակի քաղաքական և դիվանագիտական աշխատանք կատարելու համար, ապա կվերադառնամ հայրենիքն իմ: Մենք պետք է դիմավորենք նոր տարին միասին, 11-ին այստեղ լինենք».- հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը:



«Նոր Հայաստանի» անդամները մտածել էին միայն մեկ բանի մասին՝ տաքության, այսուհետ հանդիպումները լինելու են դահլիճներում: Դե ինչ, մեզ մնում է հիմա էլ սպասել 2017 թվականին: Եղան և այլ ելույթներ, մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ օրերս ձերբակալված Վահան Շիրխանյանին. «Առհասարակ այդ խմբի ձերբակալումը, որ տեղի ունեցավ, առաջին օրվանից անլուրջ տպավորություն է թողել, իմ կարծիքով շարունակվում է այդ անլրջությունը, գործող ռեժիմին իր համապատասխան «ԱԱԾ»-ով շուտվանից ոչ մեկ չի վստահում: Որ այդ գործում կա քաղաքական աստառ , ես չեմ կասկածում: Նույնպես պարոն Շիրխանյանի ձերբակալումը: Վստահ եմ, որ այդ ռեժիմը դրա տակլից չի կարող դուրս գալ»: