Նախընտրական քարոզչության խնդրահարույց դրույթներ

Նախընտրական քարոզչության խնդրահարույց դրույթներ

Նոր Ընտրական օրենսգրքի նախագծում խնդրահարույց կետերը շատ են, որոնք քննադատության տեղիք տվեցին մի շարք շրջանակներին։ Քննադատությունները, սակայն, հիմնականում ընտրական գործընթացում վերահսկողության իրականացման նոր մոտեցումներին ու ռեյտինգային ընտրակարգին էին վերաբերում։ Իսկ, ահա, քարոզչական մասի վերաբերյալ դեռեւս գնահատականներ չեն հնչել։



Երեկ մենք զրուցեցինք «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի հետ, որը մի շարք խնդրահարույց դրույթներ մատնանշեց այստեղ՝ ի տարբերություն նախորդ օրենսգրքի։ Նրա խոսքով՝ նախորդն էլ մի բան չէր եւ փոխելու տեղեր շատ ուներ, բայց այդ կետերը չեն փոխվել, իսկ մի քանի փոփոխություն էլ ուղղակի հետընթաց կարելի է համարել։



«Փոփոխությունները հետեւյալն են, որ խնդրահարույց կարող են դառնալ, առաջին հերթին նկատենք, որ նախագծում հանված է նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտներ սահմանող դրույթը, ինչը կարող է հանգեցնել նրան, որ դրանով կզբաղվեն նաեւ օտարերկրյա քաղաքացիներ, կազմակերպություններ, քաղաքացիություն չունեցող անձինք։ Ճիշտ է, որոշակի բարելավում է իրականացված հեռուստատեսային քարոզչության ոլորտում, մասնավորապես՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) վերապահված է հեռուստաընկերությունների գործունեության մշտադիտարկում իրականացնելու լիազորություն, եւ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի նախագծով, եթե որեւիցե հեռուստատեսություն կամ ռադիոընկերություն երկու անգամ խախտի սահմանված կարգը, ապա ՀՌԱՀ-ի որոշմամբ մինչեւ քվեարկության ավարտը, այսինքն՝ մինչեւ քվեարկության օրվա 20։00-ն, նա կզրկվի հեռարձակման իրավունքից»,-ասաց նա։
Երրորդ փոփոխությունն այն է, որ Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոընկերության վճարովի եթերի սակագները կսահմանի ոչ թե Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, այլ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը։ Այս տրամաբանությունը Կարեն Վարդանյանին հասկանալի չէ. «Որովհետեւ, ըստ էության, ստացվում է, որ կարգավորող կառույցը դառնում է նաեւ քաղաքականություն որոշող կառույց»։ Փոփոխություն է իրականացված նախընտրական շտաբներ բացելու դրույթում. «Եթե նախկինում նման բան կարող էր անել միայն համապատասխան թեկնածուն կամ կուսակցությունը, ապա այսօր այս դրույթը հանվել է՝ կրկին անհասկանալի նկատառումներով»։



Վարդանյանն անդրադարձավ նաեւ քարոզչության ֆինանսավորման խնդրին. «Նախ նշենք, որ շեշտակիորեն բարձրացվել է ծախսման համար թույլատրելի միջոցների չափը՝ հասցվելով 500 մլն. դրամի, ինչը թերեւս կուսակցությունների մեծամասնության համար անմատչելի է։ Այստեղ հատկապես պետք է մատնանշել, որ ներդրվել է ինստիտուտ, որով կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածուն կարող է գումար հատկացնել նախընտրական հիմնադրամին մինչեւ 5 մլն. դրամի չափով։ Դա կարող է հանգեցնել նրան, որ կուսակցությունները կսկսեն վաճառել իրենց տեղերը ցուցակներում»։



Փորձագետը նկատեց նաեւ, որ անվճար տրամադրվող եթերաժամի ծավալի հետ կապված փոփոխություններ արված չեն, կրկին դա ընդամենը 60 րոպե է, ինքը սա քիչ է համարում քարոզչական 28 օրերի համար։ «Եվ, ըստ էության, այդ ժամին, թե կոնկրետ որ ժամին դա պիտի հեռարձակվի, այդ բոլոր հարցերը մնացել են բաց եւ թողնված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայեցողությանը։ Ամփոփելով կարող ենք ասել, որ այս մի քանի դրույթների մասով հետընթաց է արձանագրվել, իսկ մնացածը մնացել է անփոփոխ։ Թեպետ նախկինն էլ մի շատ երեւելի չէր»,-եզրափակեց Կարեն Վարդանյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ