Սերժ Սարգսյանը՝ ցուգցվանգի մեջ

Սերժ Սարգսյանը՝ ցուգցվանգի մեջ

Այս շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել էր Մոսկվա` Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման համար: Թվում է՝ դա ոչ այնքան քննարկում էր լինելու, որքան Մոսկվայի կողմից Սերժ Սարգսյանին ԼՂՀ-ին առնչվող պահանջների ներկայացում: Այդ պահանջների թվում կարող է լինել որոշակի շրջաններ Ադրբեջանին հանձնելու եւ այդպիսով ղարաբաղյան կարգավորումը մեռյալ կետից շարժելու տարբերակ։ Կարող է լինել Ղարաբաղը` շրջակա տարածքներով, ՌԴ վերահսկողության տակ վերցնելու եւ դրանով էլ ղարաբաղյան հակամարտությունն ըստ էության հանգուցալուծելու տարբերակ: Հնարավոր են եւ այլ տարբերակներ նույնպես՝ Կրեմլում մտահղացված, ինչը վերջնահաշվում մոտ ապագայում հայտարարություններից եւ քայլերից կերեւա: Թե Ղարաբաղն ու Սարգսյանն ինչ իրադրությունում կհայտնվեն՝ առաջիկայում կտեսնենք: Ներկա պահին տեսանելի է այն, որ Հայաստանում էլ Սերժ Սարգսյանը ցուգցվանգի իրավիճակում է:



Ներքաղաքական պարապ կրակոցները



Հայաստանի ներքաղաքական կամ ներքին կյանքում առանձնակի ոչինչ չի կատարվում, բացի նրանից, որ հասարակությունը տոտալ մերժում է իշխանության ցանկացած նախաձեռնություն: Գործող իշխանությունն այնքան անընդունելի է ժողովրդի համար, որ նրա ցանկացած քայլ մերժվում է, քննադատվում, ծաղրվում եւ վերջնահաշվում չի բերում ոչ մի դիվիդենտ:



Դիցուք, նույն սահմանադրական հանրաքվեի եւ խորհրդարանական համակարգի անցնելու համար Սերժ Սարգսյանը, ակներեւաբար, ակնկալում էր դրական վերաբերմունք, մինչդեռ ի՞նչ ստացավ: Աջուձախ ապտակներ, հարվածներ ու քննադատություն` հանրաքվեին մասնակցելու բոյկոտից մինչեւ դեսպանատների հայտարարություններ, ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ-ի կոշտ ու աննպաստ գնահատականներ: Հետո, իբր քաղաքական համագործակցության մթնոլորտ ձեւավորելու ձգտումներով, Սարգսյանը ՀՅԴ-ի հետ համագործակցություն կնքեց: Դարձյալ ոմանք ծաղրեցին, ոմանք սրամտեցին, մյուսներն անտեսեցին, բայց, բացի որոշ ԲՀԿ-ականներից, կարծես չգտնվեց մեկը, որ հայտարարեր, թե կցանկանար ՀՅԴ-ի կամ ՀՀԿ-ի տեղում լինել եւ համագործակցության մաս կազմել: Լավագույն դեպքում ասացին. իրենց մեղքը՝ իրենց վիզը:



Փետրվարին, եթերներից նոր իջածի կերպարանք ընդունած, Սարգսյանը ՀՀ նախագահականում երկարաշունչ մի ելույթով, ըստ իր քարոզչամեքենայի, կառավարման համակարգի բարեփոխման հայտ ներկայացրեց: Մեկը, որն իր նախագահության 8 տարում գոնե մեկ անգամ մամլո ասուլիս չի տվել, որտեղ նախապես չհամաձայնեցված հարց հնչեր, կամ խուսափել է ԱԺ-ին եւ ժողովրդին տարեկան ուղերձներով դիմելուց, հետաքրքիր է, թե ինչ իրավական հիմքով էր «մկների ժողով» հավաքում ՀՀ նախագահի նստավայրում եւ ճառում «ամեն ինչի ու ոչնչի» մասին: Ակներեւաբար, նախագահականի պատերից դուրս ճառը մնաց անունկնդիր եւ անարձագանք։ Ի վերջո, նախագահի իր լիազորությունները կրճատելու թատերական ներկայացումը Սարգսյանն ավարտեց նրանով, որ իր անձնական օգնականներին` Personal Assistant կամ Aid ասվածներին սկսեց նշանակել պետական այնպիսի պաշտոններում, որտեղ նշանակվելու համար անձը պետք է տվյալ կամ գոնե համանման համակարգերի հիերարխիայով բարձրացած լինի: Այլ կերպ ասած՝ հիմա էլ ձեռնամուխ են եղել պետական ծառայության համակարգը ոչնչացնելուն եւ անգամ ձեւական կողմը չեն պահպանում: Ի՞նչ է նշանակում՝ երկրի նախագահը գնա պետեկամուտների ազգային կառույց, որպեսզի նորանշանակ ղեկավարին ներկայացնի անձնակազմին: Դա նշանակում է, որ, ըստ այդ նախագահի, երկրում չկա ոչ գործադիր իշխանություն, ոչ վարչապետ, ոչ նախարար: Դժգո՞հ է վարչապետից ու նախարարից՝ քայլը պետք է լինի վարչապետ եւ նախարար փոխելը, ոչ թե նրանց շրջանցելն ու ֆունկցիաները յուրացնելը:



Այդուհանդերձ՝ այն, ինչ երկրի ներսում է արվում, կարելի է անտեսել նրա համեմատ, ինչը Սարգսյանն արտաքին աշխարհին է ցուցադրում:



Արտերկրի առջեւ զավեշտախաղը



Ո՞վ կարող էր պատկերացնել երկրի նախագահ, որը սեփական դեսպանների հետ խոսի հանրության առջեւ: Մնում է սեփական աշխատակազմի հետ խոսակցությունները վարել ուղիղ եթերում, տեսախցիկների առջեւ: Ի՞նչ է նշանակում՝ երկրի նախագահը հրավիրի այսուայն երկրում հավատարմագրված իր դեսպաններին, ժամերով մենախոսի, թե ինչ է ակնկալում նրանց հավատարմագրման երկրներից, հետո էլ այդ ամենը եթերով հեռարձակի ու մետրանոց մամլո հաղորդագրություններ տարածի: Գուցե Սարգսյանը, դիցուք, Գերմանիայի կամ Ֆրանսիայի` Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հրավիրել է հանդիպման, եւ նրանք մերժե՞լ են գալ, ճարահատյալ Ֆրանսիայից եւ Գերմանիայից իր դեսպանների՞ն է կանչել, որ խոսի: Թե՞ Սարգսյանը խելամտորեն խուսափում է Ֆրանսիայի, Գերմանիայի, ընդհանրապես՝ արեւմտյան դեսպանների հետ շփումներից, առավել եւս՝ հանդիպում-քննարկումներից, քանի որ դեսպանները կարող են կոռուպցիան հաղթահարելու անհրաժեշտությունից խոսել, ընտրություններ չկեղծելու հրամայականը բարձրաձայնել, պետական քարոզչամեքենայի գործունեությունից հարցնել, քաղաքակրթական ընտրության մասին ակնարկել, որոնց Սարգսյանը ոչինչ չունի պատասխանելու:



Այլեւս չասած, որ արեւմտյան դեսպանները կարող են իմաստազրկել Սարգսյանի շոուն՝ բացատրելով, թե ինչու արեւմտյան գործարարները չեն կարող հետաքրքրվել Հայաստանում ներդրումներով կամ տնտեսական գործունեությամբ: Եթե Եվրոպայի խոշոր արդյունաբերական ընկերությունները հեռանում են ռուսական շուկայից, քանի որ ՌԴ տնտեսության վարկանիշն իջել է «աղբանոցային» մակարդակի եւ փլուզվում է, ի՞նչ տրամաբանությամբ պետք է ԵՏՄ-ի խողովակով Ռուսաստանին կապված ՀՀ տնտեսությունն արեւմտյան գործարարի համար վանող չլինի: Եթե Ռուսաստանը ողորմելիության այն վիճակում է, որ անգամ «Ռոսնեֆտի», «Բաշնեֆտի» կամ «Ալռոսի» վաճառահանվող ակտիվների համար արտերկրից գնորդ չի գտնվում կամ երեք միլիարդ դոլարի ՌԴ պետական պարտատոմսերը տեղադրելու համար միջազգային բանկ չի գտնվում, ո՞վ նման երկրի հետ տնտեսապես շաղկապված պետությունում ներդրումներ կանի:



Եվ հետո՝ արեւմտյան, մանավանդ ֆրանսիացի կամ գերմանացի այդ ո՞ր գործարարը եւ ինչո՞ւ պիտի Վրաստանը թողած՝ Հայաստանում ներդրումներ անի, երբ Վրաստանի հետ վերացած են ԵՄ մաքսային սահմանները, ապրանքների, ներդրումների, ծառայությունների (շուտով՝ նաեւ անձանց) ազատ տեղաշարժի ռեժիմ է գործում, մինչդեռ Հայաստանի` ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններում` ԵՏՄ-ի երեսից, բավականին պատնեշներ կան: Եվ, վերջապես, կա բարոյականության հարց. եթե ԵՏՄ-ն Սարգսյանի հոժարակամ ընտրությունն է, թող գնա եւ ԵՏՄ իր գործընկերների հետ էլ Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները քննարկի, ԵՄ-ից ինչո՞ւ է տնտեսական աջակցության մեծացում ակնկալում:



Վերջնահաշվում, Սարգսյանն ինչ ջանքեր էլ գործադրի, որքան էլ իր դեսպաններին հրավիրի ու տեսախցիկների առջեւ ճառի, Արեւմուտքից ոչ միայն չի ստանա, այլեւ չի լսի ոչինչ` տնտեսության կոռուպցիայի հաղթահարման, ընտրությունների արդյունքները չկեղծելու, մարդու իրավունքները հարգելու եւ նմանատիպ պահանջներից բացի: Սա այն իրականությունն է, որից Սարգսյանը ելք չունի:



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ