Համայնքային ընտրություններում գործում է հին ու բարի մեթոդը՝ ոչինչ տեղի չի ունենում

Համայնքային ընտրություններում գործում է հին ու բարի մեթոդը՝ ոչինչ տեղի չի ունենում

Ապրիլի 17-ին Հրազդանում սպասվելիք «թեժ» ընտրությունները ստվեր են գցել նույն օրը կայանալիք մի քանի համայնքների ընտրությունների վրա: Hraparak.am-ը ներկայացնում է համայնքները, որտեղ տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, այստեղ «ինտրիգային» պրոցեսներ տեղի չեն ունենում, գործում է հին ու բարի ժամանակների մեթոդը՝ ոչինչ տեղի չի ունենում:



Վայոց ձորի Գետափ համայնք. այստեղ պայքարելու են 4 թեկնածուներ: ՀՀԿ-ի կողմից առաջադրված է Գագիկ Ալոյանը, ով հանդիսանում է համայնքի ղեկավարը: Այստեղ ունենք 2 ինքնառաջադրված թեկնածուներ՝ Յուրիկ Հովհաննիսյան, Մուրադ Մուրադյան: Ինչպես Հրազդան քաղաքում, այնպես էլ այստեղ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրել է իր թեկնածուին՝ Մայիս Նազարյանին:



Սյունիքի մարզի Վարդանանք համայնքն ունի 2 թեկնածու՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Գարեգին Կոստանդյանը և անկուսակցական Ամեն Սարգսյանը:



Նույն պատկերն ունենք նաև Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում: Գյուղապետի պաշտոնի համար պայքարելու են գյուղապետ Հայրապետյան Սերյոժան և վերջինիս օգնական Էդիկ Մինասյանը:



Արծվանիկ համայնքում նույնպես «թեժ» չի լինելու, գրանցվել են 2 թկնածուներ՝ համայնքի ղեկավար Անուշավան Հարությունյանը և անկուսակցական Վրեժ Գասպարյանը:



Հետաքրքիր պատկեր է Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում, պայքարելու են ՀՀԿ-ի կողմից առաջադրված Քամալյան Ջիվանը, ով հանդիսանում է համայնքի ղեկավարը, և Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից առաջադրված Հայկ Սարգսյանը, ով ի դեպ անհատ ձեռներեց է: Սա միակ համայնքն է, որտեղ ՀՅԴ-ական թեկնածու կա: Անկուսակցական Գարեգին Վասիլյանը հետ է վերցրել փաստաթղթերը:



Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում գյուղապետ Հակոբ Բաբայանը պայքարելու է Խաչատրյան Արմենի դեմ, երրորդ թեկնածուն՝ գյուղապետի աշխատակազմի ղեկավարը, հետ է վերցրել փաստաթղթերը:



Կոտայքի Հատիս համայնքում բոլոր գրանցված թեկնածուներն անկուսակցականներ են: Գարսեվանյան Սամվել՝ համայնքի ղեկավարն է, Տարոն Գևորգյան, Մարսել Վարդանյան:



Բյուրեղավան համայնքում կրկին կուսակցականներ չկան, առաջադրվել են 3 թեկնածուներ՝ համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանը, Էդիկ Պողոսյանը, վերջին պահին պայքարից հրաժարվել է Հայկ Եղյանը:



Լոռու Սարչապետ համայնքում համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Բորիս Բարոսյանը մրցակից չունի, միակ «հակառակորդը»՝ համայանքապետարանի աշխատակազմի քարտուղարը, ինքնաբացարկ է հայտնել:



Լոռու Սարամեջ համայնքում ՀՀԿ-ական համայնքի ղեկավարը՝ Հայկ Հովհաննիսյանը, պայքարելու է ինքնառաջադրված թեկնածու Անդրանիկ Ավագյանի դեմ:



Խնկոյան համայնքում էլ ՀՀԿ-ական համայնքի ղեկավարը՝ Վարուժան Համբարձումյանի միակ «ախոյանը», գեղեցիկ սեռի ներկայացուցիչ Ռուզաննա Համբարձումյանը ինքնաբացարկ է հայտնել:



Դաշտադեմ համայնքում համայնքի ղեկավարը նույնպես մոտիվացիա չունի, գյուղապետ Մարինե Խռոյանի մրցակիցը Վահան Աղայանը ինքնաբացարկ է հայտնել:



Գեղարքունիքի Զոլաքար համայնքում՝ գյուղապետ Ղազարյան Արմանի մրցակիցը ինքնաբացարկ է հայտնել:



Այրքում ՀՀԿ-ական համայնքի ղեկավարը՝ Արտյոմ Շաբոյանը կարող է նույնիսկ խոստումներ չտալ համագյուղացիներին, մրցակիցը՝ Վարդան Մաթևոսյանը, ինքնաբացարկ է հայտնել:



Ինչպես երևում է` այս համայնքներում գյուղապետերի սերնդափոխություն տեղի չի ունենում, սովորության համաձայն ընտրվում են նույն գյուղապետերը, որոնք Հանրապետական կուսակցության անդամներ են:



Շարունակելի: