ԵԽԽՎ նախագահը ստահակ է, ջեբկիր

ԵԽԽՎ նախագահը ստահակ է, ջեբկիր

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում բարձրացրեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի ադրբեջանամետ ելույթին բողոքի նոտա հղելու հարցը: Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նախագահին անվանեց ստահակ եւ իսպանացի ջեբկիր` ասելով` երբ ադրբեջանցիների կողմից Թալիշում խոշտանգվում ու սպանվում էին խաղաղ բնակիչները, Պեդրո Ագրամունտը որպես Ադրբեջանի մեղսակից հանդես եկավ եւ խայտառակ հայտարարություններ արեց: Նա հիշեցրեց, որ Ագրամունտը 47 անդամ երկրի նախագահ է այս դեպքում հանդես գալիս, եւ անթույլատրելի է նրա կողմից նմանօրինակ հայտարարություններ անելն ու սատար կանգնելը Ադրբեջանին:«Պեդրո Ագրամունտը ռազմական հանցագործ Ալիևի մեղսագործն է, և մենք պարտավոր ենք դրան հստակ արձագանքել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:



ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն էլ տեղեկացրեց, թե Պեդրո Ագրամունտի հետ հեռախոսային խոսակցություն է ունեցել և նրան տեղեկացրել է իրավիճակը՝ ասելով, թե Ադրբեջանն է նախահարձակ եղել «Փորձել եմ նաեւ բազմակողմանի տեղեկատվություն պատրաստել եւ տեղեկացնել ԵԽԽՎ առաջնային դերակատարություն ունեցող նախագահական կոմիտեի, բյուրոյի անդամներին»:



Հիշեցնենք, որ Ագրամունտը երեկ, մասնավորապես, հայտարարել է.«Ես խիստ անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում բռնությունների վերաբերյալ զեկույցներից եւ խորապես տխրել եմ երեկ մահացածների համար»: Նա երկու կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցությունները: Հիշեցնելով, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալիս հանձն են առել հակամարտությունը լուծելու համար օգտագործել միայն խաղաղ միջոցներ, Ագրամունտը երկու երկրների կառավարություններին կոչ է արել զերծ մնալ բռնություններից եւ ողջունել է Ադրբեջանի կողմից շփման գծում ռազմական գործողությունները «միակողմանի» դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունը: ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը նաեւ կոչ է արել «ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, հայկական զորքերը հեռացնել Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: