Կիրառել են անթույլատրելի զենքեր

Կիրառել են անթույլատրելի զենքեր

Չնայած հանգամանքին, որ փոխնախարարներ Շավարշ Քոչարյանի եւ Դավիթ Տոնոյանի հետ փակ հանդիպմանն առանձնապես «աշխարհացունց» մտքեր չեն հնչել, սակայն 3 ժամ տեւած զրույցի, հնչած 45 հարցերի արանքում որոշ մեսիջներ հղվել են պատգամավորներին, որոնք ցանկացել են իմանալ` ո՞վ է, ի վերջո, հրադադարի հեղինակը. Ռուսաստա՞նը: Հարցը հնչել է մի քանի ռակուրսով՝ թե ռուսոֆիլների, թե արեւմտամետների շուրթերից, պատասխանը եղել է խոսուն. «Հրադադարի ռեժիմը հաստատվել է միջազգային հանրության ջանքերով, այդ թվում եւ` Ռուսաստանի. կողմերի հետ հեռախոսազրույցներ են ունեցել եւ Բայդենը, եւ Պուտինը»: Հաջորդ կրկնվող հարցը եղել է զոհերի թվի մասին. թիվ չի նշվել, սակայն ասվել է, որ «նեյտրալ» գոտում, ուր 2 պոստ կա, դիակները դուրս բերել հնարավոր չէ, երկու կողմերից էլ այնտեղ զոհեր կան: Երբ մերոնք են փորձում, ադրբեջանցիներն են կրակում, եւ հակառակը: Ի դեպ, չի բացառվում, որ այդ պոստերում կենդանի ադրբեջանցի զինվորներ էլ լինեն, որոնք չեն կրակում, սակայն չեն համարձակվում նաեւ դուրս գալ: Եթե հետ գնան, նրանց վրա ադրբեջանցիք կկրակեն: Ի դեպ, պատգամավորները տեղեկացվել են նաեւ, որ «Ադրբեջանը զենք օգտագործելու կարմիր գիծն անցել է. կիրառել է միջազգայնորեն անթույլատրելի զենքեր»: Եվ որ «հանկարծակիության գործոնը, որի վրա եղել է Ադրբեջանի հիմնական շեշտադրումը, չի աշխատել»: