ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովն այս անգամ կկայանա Աղվերանում, այն կտեւի 3 օր

ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովն այս անգամ կկայանա Աղվերանում, այն կտեւի 3 օր

Այսօրվանից սկսվում է Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ժողովը: Մեր տեղեկություններով՝ այն ընթանալու է Աղվերանում, Կոմկուսի կենտկոմին պատկանող հանգստյան տանը, կտեւի 3 օր: Ժողովի ժամանակ քննարկելու են մի շարք կարեւոր ներքաղաքական, արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, ԼՂՀ կարգավորում, ապրիլյան պատերազմական վիճակ: Ժողովի ավարտին կընդունվի հայտարարություն, ընտրելու են ՀՅԴ Գերագույն մարմին՝ հայաստանյան ղեկավար կառույցի նոր կազմ: Մեր աղբյուրները հայտնեցին, որ կազմում փոփոխություններ կլինեն, բայց ոչ արմատական:



Նշենք, որ ՀՅԴ ԳՄ ժողովն անց է կացվում 2 տարին մեկ, դաշնակցականները սովորաբար հավաքվում են քաղաքից դուրս, փակ ժողովներ կազմակերպում, որին լրագրողները որպես կանոն չեն մասնակցում, մի քանի օր քննարկումներ են ընթանում, ապա հայտարարություն է տարածվում: Ժողովն ավարտելուց հետո Երեւանում ասուլիս են հրավիրում, հրապարակում այն, ինչ հարմար են գտնում: Օրինակ՝ այդպես էլ օդում կախված են մնում փակ դռների ետեւում ընթացող թեժ քննարկումների, վիճաբանությունների մասին խոսակցությունները, այդ մասին ՀՅԴ-ն ոչինչ չի հայտարարում:



Հիշեցնենք, որ 2014թ ապրիլի 18-20-ը Աղվերանում տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի հերթական Գերագույն Ժողովի ժամանակ ընտրվել էր Գերագույն մարմին՝ հետեւյալ կազմով՝  Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Հրաչ Թադեւոսյան, Միքայել Մանուկյան, Պետրոս Մեղրյան, Արտաշես Նիկոյան, Հովհաննես Թադևոսյան, Վարդան Ալեքսանյան և Սամվել Երանյան: