Սպասենք նոր ագրեսիայի՞

Սպասենք նոր ագրեսիայի՞

«Միայն Ադրբեջանի ռազմական հաջողությունները կստիպեն, որ Սարգսյանը եւ Տեր-Պետրոսյանը հայտարարեն Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի մասին»,- Լեւոն Տեր-Պետրոսյանի Արցախ այցի առիթով նման կարծիք է հայտնել վերլուծաբան Էլխան Շահինօղլուն:



Մայիսի 1-ին մերձճակատային շրջաններ է այցելել Իլհամ Ալիեւը: Տեղում նրան դիմավորել է պաշտպանության նախարար Հասանովը, ով, դատելով տեղեկատվական հոսքերից, Բաքվի իր նստավայրը փոխարինել է Բարդայի բանակային կորպուսի հրամանատարի առանձնասենյակով:



Մայիսի 2-ին ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանում նկատվում են հակառակորդի տեխնիկայի տեղաշարժ եւ կենդանի ուժի կուտակումներ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տպավորություն ունի, թե ցանկացած տեղաշարժ դեռեւս ագրեսիայի նախանշան չէ:



Այդուհանդերձ, մոտենում են մայիսյան տոները: Լրանում է Շուշիի ազատագրման 24-րդ տարին: Շուշին Ադրբեջանում խորհրդանիշ է: Բացառված չէ, որ մայիսի 7-8-ին հակառակորդը փորձի նոր սադրանքներ հրահրել: Ավելի վաղ ռուս փորձագետ Օլեգ Կուզնեցովը vesti.az-ին ասել էր, որ մայիսի 7-9-ը Ռուսաստանում բոլորը զբաղված են լինելու հաղթանակի տոնակատարություններով, եւ Ադրբեջանը պետք է օգտագործի եռօրյա ժամանակահատվածը:



«Ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Ադրբեջանի արտաքին քաղաքականության ֆարվատերից»,- կարծիք է հայտնել Regnum-ի մերձավորարեւելյան եւ կովկասյան հարցերով մեկնաբան Ստանիսլավ Տարասովը, իսկ նույն գործակալության տնօրեն Մոդեստ Կոլերովը գտնում է, որ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւը եւ փոխվարչապետ Ռոգոզինը փչացրել են Մոսկվայի 25 տարվա դիվանագիտական ձեռքերումները՝ պաշտպանելով Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը շարունակելու դիրքորոշումը:



Իսկ հակառակորդի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ճակատային գծում «հայկական խաղաղ բնակավայրեր եւ բնակչություն չկա»…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ