Ճշմարտության ընդունումը հարթեց հաշտեցման ուղին

Ճշմարտության ընդունումը հարթեց հաշտեցման ուղին

Եթե թվարկելու լինեմ երկրները, որոնք շատ սիրում եմ, Հայաստանից հետո կասեմ՝ Իտալիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան..., սակայն եթե թվարկելու լինեմ երկրները, որոնց հանդեպ հետաքրքրության, ինչ-որ տեղ նույնիսկ զարմանքի զգացում ունեմ, ապա դրանք երկուսն են` Գերմանիա եւ Ճապոնիա: Ինձ համարյա առեղծված է թվում, թե ինչպես համաշխարհային պատերազմներում լիովին ավերված, ողջ աշխարհի թշնամանքն իրենց վրա ուղղած, գործած ագրեսիայի ու հանցանքների ծանրության ներքո խոնարհված այդ երկրները մի քանի տասնամյակում փյունիկի նման վեր հառնեցին, վերակառուցվեցին ու կրկին դարձան համաշխարհային առաջատարներ արդեն ոչ միայն քաղաքականության ու տնտեսության, այլեւ համաշխարհային օրինականության, անվտանգության ու խաղաղության պահպանման գործում:



Իմ այդ հետաքրքրության պատճառով էլ Հայաստանում Ճապոնիայի դեսպանի` Ն. Գ. Էյջի Տագուչիի հետ զրույցը հենց Երկրորդ համաշխարհայինի թեմայից էլ սկսեցի: 



Երկրորդ համաշխարհայինի արձագանքները եվ մերօրյա սպառնալիքները 



- Պրն. դեսպան, խոստովանեմ, որ Ձեզանից հարցազրույց խնդրելու գաղափարը ծագել է Երկրորդ աշխարհամարտի 70-ամյակի կապակցությամբ վարչապետ Սինդձո Աբեի հայտարարությունից: Այդ տեքստն ինձ շատ էր դուր եկել, ու ես զարմացա քննադատությունից, որ այն առաջ բերեց աշխարհում: Հետո հասկացա, որ խնդիրը ֆրազն էր, թե ճապոնացիների հաջորդ սերունդները, որոնք կապ չունեն Երկրորդ աշխարհամարտի հետ, չպետք է պարտադրված լինեն ներողություն հայցելու: Չնայած բոլոր նախորդած ու հաջորդած ներողություններին ու ցավակցություններին, որոնցով բառացիորեն ծածկված էր պրն. Աբեի խոսքը, այդ ֆրազն ուշադրություն գրավեց, եւ արձագանքը զգայական էր:



- Ասում եք` Ձեզ դուր էր եկել պրն. Աբեի հայտարարությունը, բայց այն նաեւ քննադատություն առաջացրեց: Ես կարող եմ ասել, որ փաստացի օտարերկրյա կառավարությունները` Ֆիլիպիններում, Ավստրալիայում եւ այլն, ողջունեցին այդ հայտարարությունը: Հարավային Կորեան որոշ վերապահումներ ուներ, բայց նույնպես դրականորեն վերաբերվեց պրն. Աբեի հայտարարությանը: Վերջին հաշվով, այդ ելույթը լիովին համապատասխանում էր քաղաքական ուղեգծին եւ մեկ անգամ եւս կրկնում էր այն, ինչը Ճապոնիայի նախորդ կառավարություններն ասել էին Երկրորդ աշխարհամարտի 50-ամյակի, 60-ամյակի կապակցությամբ:



Մենք շարունակաբար ճանաչում ենք Ճապոնիայի կողմից իր հարեւանների հանդեպ իրականացրած ագրեսիան եւ ներողություն ենք խնդրում դրա համար: Ինչ խոսք, նաեւ նորից ու նորից մեր ցավակցությունները, զղջումն ու վշտակցությունն ենք հայտնում նրա համար, ինչ պատահել է: Կարծում եմ՝ մեր կողմից ճշմարտության ընդունումը եւ կատարվածի համար խորը զղջումը հարթեցին այլ ժողովուրդների ու կառավարությունների հետ հաշտեցման ուղին:



- Անշուշտ՝ այդպես է, բայց քննադատության մասին հիշատակելով՝ ես կառավարություննների արձագանքը նկատի չունեի, այլ ավելի շատ հասարակությունների եւ քաղաքացիների, որոնք տառապել են պատերազմի ընթացքում, օրինակ՝ կորեացի կանայք, որոնք շահագործվել են որպես «սեքս-ստրուկներ»: Քանի դեռ նրանք ապրում են, ներողության հայցումները կարող են կարեւոր լինել նրանց համար:



- Այդ տեսանկյունից՝ այո, հաշտեցում անհրաժեշտ է ոչ միայն կառավարությունների, այլեւ շարքային քաղաքացիների հետ, որոնք վերջնահաշվում ամենից շատ են տառապել, եւ ցանկացած պատերազմում նրանք են լինում ամենամեծ զոհը: Ճապոնական կողմում մենք սա լիովին գիտակցում ենք: Դեռ անցյալ դարի 90-ականներին մենք հատուկ հիմնադրամ ստեղծեցինք, եւ նախաձեռնություններ կյանքի կոչվեցին, որոնց նպատակն այն կանանց աջակցելն էր, որոնց արժանապատվությունը դաժանորեն ոտնահարվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, Ճապոնիայի ռազմական իշխանությունների մասնակցությամբ, լինեն նրանք Կորեայում, թե Ինդոնեզիայում կամ Ֆիլիպիններում: Երկրորդ աշխարհամարտի զոհերի հետ անհատական, անձնական հաշտեցման ուղղությամբ ջանքեր մենք հետեւողականորեն գործադրում ենք, նաեւ փորձում ենք իրենց զրկանքների, կորուստների դիմաց որեւէ կերպ փոխհատուցել, եթե դա հնարավոր է, բայց միշտ չէ, որ հաջողության ենք հասնում: Այդ կանայք երբեմն ուղղակի մերժում են Ճապոնիայի որեւէ օգնությունը:



- Դա էլ հասկանալի է: Նրանք անցել են սարսափների միջով, որոնցից, ինչպես պրն. Աբեն է ասում, «խոսելու կարողությունն ես կորցնում», հետեւաբար, Ճապոնիայի հետ հաշտվելը պետք է որ շատ դժվար լինի իրենց համար, եթե ընդհանրապես հնարավոր է: Բայց Ճապոնիան ճիշտ է վարվում, եթե ձգտում է այդ անձանց հետ հաղորդակցման:



- Այո, մենք ձգտում ենք ու շարունակում ենք ջանքեր գործադրել: Անցյալ տարի դեկտեմբերին Հարավային Կորեայի կառավարության հետ մի նոր համատեղ նախաձեռնություն կյանքի կոչեցինք: Ճապոնական կողմի ֆինանսավորմամբ Կորեայի կառավարությունը կազմավորելու է հիմնադրամ Երկրորդ աշխարհամարտի զոհերին, նաեւ այդ կանանց, որոնց մասին խոսեցինք, սատարելու համար: Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ ջանքերը:



- Հրաշալի է, որովհետեւ դա անցյալի էջը փակելու ճիշտ ուղի է: Իսկ գալով մեր օրերի խնդիրներին՝ համաշխարհային կայունությանն ու անվտանգությանն սպառնացող մեծագույն վտանգներից մեկը Հյուսիսային Կորեայի հրթիռներն ու միջուկային ծրագիրն են, ինչի մասին խոսվում է անվերջ, մանավանդ՝ այս տարի: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում Փխենյանի դեմ, եւ որքանո՞վ են դրանք արդյունավետ:



- Իրականում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող մի քանի խնդիրներ կան: Առաջինը, այո, Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների փորձարկումներն ու միջուկային ծրագիրն են: Վստահ եմ, գիտեք` ինչ իրադրություն է ռեգիոնում, 2016 թվականը տառացիորեն սկսվեց Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներով, ինչն անմիջական սպառնալիք էր՝ ուղղված հարեւաններին, հատկապես Ճապոնիային եւ Հարավային Կորեային: Խնդիրը քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ): Այնտեղ շատ խիստ բանաձեւ ընդունվեց, միաձայն կերպով, որը դատապարտում էր Փխենյանի հրթիռային փորձարկումները եւ որոշ ավելի կոշտ պատժամիջոցներ էր սահմանում երկրի դեմ:



Այդուհանդերձ, Հյուսիսային Կորեան շարունակում է հրթիռների փորձարկումը եւ աշխատանքներն իր միջուկային ծրագրի ուղղությամբ: Այսինքն՝ խնդիրը բարձրացված է, այն մնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում է, եւ հետագա անհրաժեշտ քայլեր կարող են ձեռնարկվել: Այդուհանդերձ, եթե միջազգային հանրության բոլոր պետությունները, մանավանդ ԱԽ անդամ երկրները, հանձնառու լինեն եւ ամբողջությամբ կատարեն ՄԱԿ ԱԽ 2270 բանաձեւի պահանջները, ապա համոզմունք կա, որ դա էլ արդյունք կտա:



- Դուք ասացիք՝ Ասիա-խաղաղօվկիանոսում խնդիրներ կան` հոգնակի թվով. ուրիշ ո՞ր խնդիրը նկատի ունեիք:



- Հարավչինական ծոցում ազատ նավագնացության խնդիրը:



- Օ՜, այո… բոլոր երկրներն ու կարեւոր պաշտոնյաները ոչ միայն Ձեր տարածաշրջանում, այլեւ ԱՄՆ-ում, Եվրամիությունում հայտարարություններ են անում Հարավչինական ծովում միջազգային ծովային օրենսդրությունը հարգելու անհրաժեշտության մասին: Գիտեք, այդ մասին ես անընդհատ լսում եմ, բայց այդպես էլ կարգին չգիտեմ, թե որն է խնդրի էությունը:



- Եթե ամփոփ ներկայացվի, խնդիրը հետեւյալն է. Հարավչինական ծովը, ինչպես ցանկացած այլ ծով, կազմված է առափնյա երկրների տերիտորիալ ջրերից եւ ընդարձակ միջազգային ջրային տարածքից, որը բաց է միջազգային ծովագնացության համար: Մասնավորապես, Հարավչինական ծովով նավագնացությունը հիմնական ծովային երթուղին է տարածաշրջանի բազմաթիվ երկրների, այդ թվում` Ճապոնիայի համար:
Այժմ Հարավչինական ծովի առափնյա որոշ երկրներ պնդում են, որ միջազգային ջրային տարածքը պետք է դադարի այդպիսին համարվել, եւ նշյալ երկրների ազգային իրավազորությունը (national jurisdiction) պետք է տարածվի այդ ջրային տարածքի վրա: Ի լրումն դրա, նաեւ ծովի դիտարկումից ակներեւ է, որ կատարվում են ցամաքային լայնամասշտաբ շտկումներ, առաջապահ ուղեկալներ են կառուցվում, որոնք կարող են վիճարկվող տարածքում օգտագործվել ռազմական նպատակներով: Վերջնահաշվում այդ ամենը նշանակելու է Հարավչինական ծովում միջազգային ազատ նավագնացության ավարտ, ինչի հետ մնացյալ երկրները չեն համաձայնում եւ խորը մտահոգություններ ունեն: Ի վերջո, Հարավչինական ծովի առափնյա երկիր լինես, թե ոչ, ազատ միջազգային նավագնացությունն այդտեղ էական է ամենքի համար, եւ դա է պատճառը, որ բոլոր մայրցամաքներում խոսվում է այս խնդրի մասին:



Այժմ Ֆիլիպիններն առկա վեճը տեղափոխել են միջազգային դատարան, եւ առաջիկա մեկ-երկու ամսում ակնկալվում է, որ հարցը կլսվի: Ինչ խոսք, բոլոր երկրները չէ, որ պատրաստակամ են ընդունելու դատարանի վճիռը, բայց այդ վճիռն առնվազն քաղաքական առումով փոփոխություն կստեղծի:



- Այո… Հեռավոր Արեւելքը հաստատ աշխարհի ամենադյուրին ռեգիոնը չէ:



 Անվտանգության եվ պաշտպանության Ճապոնիայի ընկալումը 



- Պրն. դեսպան, ենթադրում եմ՝ Դուք լսել եք, թե ԱՄՆ-ում նախագահական հավակնորդ Դոնալդ Թրամփն ինչ է ասել Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի առնչությամբ: Նա առաջարկում է, որ վաղ կամ ուշ Տոկիոն եւ Սեուլը սեփական միջուկային զենք ստեղծեն եւ իրենց պաշտպանեն Հյուսիսային Կորեայի «մոլագարից»: Ի՞նչ տրամադրություն կամ արձագանքներ են առաջացնում նման կոչերը Ճապոնիայում:



- Ես ձեռնպահ կմնամ պրն. Թրամփի հայտարարությունները մեկնաբանելուց: Բայց կարող եմ հավաստիացնել, որ Թրամփի պատկերացումներն ամենեւին չեն համընկնում Ճապոնիայի կառավարության հայացքների հետ: Մենք միջուկային զենքի չտարածման քաղաքականության եւ համաձայնագրերի ակտիվ մասնակից ենք եւ միջուկային զենքերի առնչությամբ վարում ենք «երեք ոչ»-ի քաղաքականություն: Այդ քաղաքականությունը սահմանում է չտիրապետել, չարտադրել եւ չգործադրել որեւէ տիպի միջուկային զենք, ինչ էլ դա լինի, եւ մենք լիովին հավատարիմ ենք մնում այս քաղաքականությանը:
Մենք միակ երկիրն ենք երկրագնդի վրա, որը կրել է միջուկային զենքի գործադրման սարսափներն ու հետեւանքները, երբ Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա նետվեցին ատոմային ռումբեր:



Մենք տեսել ենք այն անսահման տառապանքն ու ավերումը, որ պատճառում է միջուկային զենքը, դրա համար էլ լիովին սատարում ենք ու կանգնած ենք նախագահ Օբամայի «միջուկային զենքից զերծ աշխարհ» (nuke-free world) նախաձեռնության կողքին, որը նա նախանշեց 2009-ին, Պրահայի իր հայտնի ելույթում: Մենք ցանկանում ենք, որ միջուկային զենքերը ոչնչացվեն, ոչ թե ինքներս այն ձեռք բերենք:



Շարունակելի



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ