20 րոպեանոց կարկուտը Լոռիում վնասել է ցանքատարածություններն ամբողջությամբ /ֆոտո/

20 րոպեանոց կարկուտը Լոռիում վնասել է ցանքատարածություններն ամբողջությամբ /ֆոտո/

Լոռու մարզի մի շարք գյուղերում երեկ ուժգին կարկտահարություն է գրանցվել, որը տևել շուրջ 20 րոպե: Կարկուտն առավել ուժգին է եղել մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Կուրթան և Թումանյանի տարածաշրջանի Դեբետ գյուղերում: Բոլոր տեղերում էլ Կարկուտը մեծ վնասներ է հասցրել: Դեբետում, օրինակ, տարերքը գրեթե հողին է հավասարեցրել տնամերձ հողատարածքների ցանքատարածություններն ամբողջությամբ: Համայնքի բնակիչներն ասում են, որ եթե պետական աջակցություն չլինի բնակիչներին, ապա իրենք փաստի առաջ կկանգնեն:



Դեբետի գյուղապետ Արարատ Քոչարյանը hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ընդհանուր առմամբ, գյուղն ունի շուրջ 84 հա տնամերձ հողատարածքներ, որոնք ամբողջությամբ վնասվել են: Լուրջ վնաս են կրել նաև պտղատու այգիները: Առաջացած սելավաջրերի հետևանքով վնասվել են նաև առանց այդ էլ շարքից դուրս եկած ներհամայնքային ճանապարհները:



Համայնքում հակակարկտային կայաններ տեղադրված չեն: Վերջին տարիներին նման կարկտահարություն գյուղում չեն հիշում, ասում են՝ կարկուտ եկել է, բայց ոչ այս ուժգնության:



Ի դեպ, կարկտահարությունը Դեբետում այնքան առատ է եղել, որ չնայած երեկ էր եղել, սակայն այսօր կեսօրի դրությամբ այն դեռևս չէր հասցրել հալվել: