Մշակութային նոր այլընտրանքային հարթակ՝ «Միաբան»

Մշակութային նոր այլընտրանքային հարթակ՝ «Միաբան»

«Միաբան». այսպես է կոչվում շաբաթներ առաջ ստեղծված մշակութային հիմնադրամը, որն իրենից ներկայացնում է մշակութային մի նոր հարթակ։ «Միաբանի» նպատակն է նպաստել մեր երկրում արվեստի եւ մշակույթի զարգացմանը, խրախուսել եւ աջակցել տարբեր ծրագրերի` երաժշտության, կինեմատոգրաֆիայի, թատրոնի, կերպարվեստի եւ ստեղծագործական գործունեությանն այլ ոլորտներում: «Միաբանի» հիմնադիրներն են դերասան Միքայել Պողոսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, դիվանագետ, սփյուռքագետ Ռոմեն Կոզմոյանը, անհատ ձեռներեց Մարտին Մինասյանը։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է տաղանդավոր հայ երիտասարդների բացահայտմանը, նրանց ստեղծագործական առաջընթացին, որը պետք է արվի նաեւ նյութական ներդրումների հաշվին։ Կայքի էջում՝ miaban.am-ում, արդեն տեղադրված են մի շարք նախագծեր՝ իրենց նկարագրությամբ, ֆինանսավորման անհրաժեշտ գումարով եւ մինչ այս հանգանակված գումարի չափով։



Ինչպես նշեց հիմնադրամի տնօրեն Արփի Պապոյանը, ընթացող դրամահավաքի համար այս պահի դրությամբ բավականին լայնածավալ գործունեություն են ձեռնարկել, որպեսզի մարդիկ նախեւառաջ տեղեկանան այս հարթակի մասին եւ հետո նոր կարողանան մասնակիցը դառնալ դրան։ Թե ինչպես են ընտրվում անհատներն ու նախագծերը, որոնց ֆինանսավորմանն աջակցելու է հիմնադրամը, ապա փորձում են ներգրավվել դեռեւս ոչ այնքան ճանաչված նոր ստեղծագործողների ծրագրեր, որոնք հետաքրքիր կլինեն հասարակությանը։ Իսկ ընտրությունը կատարվում է մի քանի փուլով։ Առաջինը ներկայացված նախագծերի հավաքագրումն է, որից հետո այդ նախագծերը ներկայացվում են համահիմնադիրներին, վերջիններիս կողմից դրանք ֆիլտրացման են ենթարկվում, ինչից հետո մասնագետները նախագծերին մոտենում են մի քանի չափանիշներով, բյուջետավորման չափն են ստուգում եւ դիտարկում դրանք մի շարք մասնագիտական հարցերի տեսանկյունից։



Թե ինչպես կգնահատեն այս մի քանի շաբաթների ակտիվությունը, ապա, ըստ Արփի Պապոյանի, «հիմնադրամ» հասկացությունն առհասարակ մեր ազգի համար մի քիչ օտար հասկացություն է, թե ինչու պետք է գումարով կիսվես մեկ ուրիշի հետ, մինչդեռ մշակույթի միջոցով մենք փոխանցում ենք մեր պատմությունը, մեր գենետիկ հիշողությունը, մեր տեսակը եւ եթե դա հասկանանք ու փորձենք ինչ-որ կերպ սատար լինել հիմնադրամին, ապա ավելի շատ երիտասարդների համար հնարավոր կլինի ճանապարհ հարթել. «Սա շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ հասկանան, որ, ի տարբերություն կոմերցիոն բիզնեսների, երբ մարդիկ գումարներ են ծախսում սեփական կարիքները հոգալու համար, հիմնադրամն այս դրամահավաքն անում է ուրիշների հոգսը հոգալու համար, եւ սա բոլորիս խնդիրն է, անհատի, կազմակերպության հարց չէ։ Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, որ այդ գիտակցման պահը գա»։



Հարցին, թե, բացի անհատներից, հիմնադրամը փորձելո՞ւ է իր շուրջ համախմբել գործարարների, սփյուռքյան կառույցների, պետական օղակների, տնօրենը պատասխանեց, որ առանձին անհատների մակարդակով չեն ուզում քաղաքականացնել այս հարցը, բայց, անշուշտ, յուրաքանչյուր հիմնադրամ իր կողքին պետք է ունենա որոշակի ֆինանսական աղբյուր ունեցող մարդկանց, որոնք, գիտակցելով հարցը, հիմնադրամի կողքին կլինեն եւ կփորձեն օգնել որոշակի հարցերում. «Ուզում եմ նշել, որ այստեղ միայն ֆինանսավորման հարցը չէ, շատ կարեւոր է համախմբվելու հարցը, իզուր չէ, որ մեր հիմնադրամը կոչվում է «Միաբան»»։



Հիմնադրամը սատարելու է մշակույթի մի շարք բնագավառներ՝ երաժշտություն, գեղարվեստ, թատրոն, կինեմատոգրաֆիա, ինչպես նաեւ քայլեր է ձեռնարկելու պատմամշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, ճարտարապետական կոթողների քայքայման, ազգային եւ հոգեւոր խորհրդանիշների անհետացման կանխարգելման ուղղությամբ: Հիմնադրամի տնօրենը չի կարծում, թե ավելի արդյունավետ կլիներ այդքան մեծ շրջանակ չընդգրկել եւ կոնկրետանալ մի բնագավառի վրա, քանի որ արվեստն ինքնին մեկ գաղափար է, ուստի փորձելու են անդրադառնալ եւ սատարել արվեստի բոլոր ճյուղավորումներին։



Այն դիտարկմանը, որ սովորաբար նման մշակութային հիմնադրամների ստեղծումը խոսում է երկրում մշակույթի նախարարության անգործունակության մասին, Արփի Պապոյանն արձագանքեց, որ ամեն երկրում էլ գոյություն ունեն թե պետական եւ թե սոցիալական հաստատություններ, որոնք փորձում են ավելին անել տվյալ բնագավառի համար. «Սա նաեւ համաշխարհային պրակտիկա է։ Ես չեմ կարող ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել ուրիշի աշխատանքը, բայց կարող եմ ասել, որ մենք այն ուժն ենք, որ պետք է նպաստի այս ուղղության զարգացմանը, սա եւս մի հավելյալ հարթակ է, որ պետք է օգնի մշակույթի ոլորտի զարգացմանը»։



Առաջիկայում հիմնադրամն իրականացնելու է մի շարք միջոցառումներ՝ հանրության ուշադրության կենտրոնում պահելով հիմնադրամի գործունեությունը, բայց առայժմ դրանց մասին չեն ցանկանում բարձրաձայնել, քանի որ կան որոշակի ստրատեգիկ քայլեր, որոնց վրա աշխատում են. «Երեւի թե ամառվա վերջ կունենանք մեծ միջոցառում՝ բավականին շատ մարդկանց ներգրավվմամբ։ Այդ երեկոյին կլինեն այն մարդիկ, որոնք ներկայացված են նախագծերով, եւ օնլայն հաղորդակցության միջոցով մենք կկապվենք ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում մեր ընկերների, ծանոթների հետ՝ համախմբելու եւ այդ գաղափարը փոխանցելու նաեւ նրանց»։ Քանի որ հիմնադրամը նոր է հիմնվել, ապա «Միաբանի» ուշադրության կենտրոնում առայժմ Հայաստանի ստեղծագործ ուժերն ու մշակութային նախագծերն են, բայց չի բացառվում, որ հետագայում այն ընդլայնի իր մասշտաբները եւ համահայկական ընդգրկում ունենա։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ