Խաղեր` առանց կանոնների

Խաղեր` առանց կանոնների

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի նախօրյակին ամերիկյան գործարարներին եւս մեկ անգամ հորդորել էր չմասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո անցկացվող այդ համաժողովին` նշելով, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն այդ հարցում մնացել է անփոփոխ: Քիրբին նաեւ մանրամասնել էր, որ ԱՄՆ գործարարների մասնակցությունն այդ համաժողովին իր մեջ ռիսկեր է պարունակում` ինչպես տնտեսական, այնպես էլ բարոյական, եւ կարող է մեծ վնաս հասցնել ամերիկյան ընկերությունների միջազգային հեղինակությանն ու վարկին: Ըստ Քիրբիի` չի կարելի մասնակցել տնտեսական համաժողովի մի երկրում, որը շարունակում է իր ռազմական միջամտությունը հարեւան Ուկրաինայում:



Թե որքանով է համոզում Քիրբին, թողնենք շուտ համոզվողներին եւ ԱՄՆ քաղաքականությամբ հիացած հանրույթներին, իսկ մենք փորձենք հասկանալ` միշտ եւ բոլոր հարցերո՞ւմ է ԱՄՆ-ն այսքան սկզբունքային, թե՞ միայն, ասենք, Ռուսաստանի հանդեպ է այդպես տրամադրված:



Երբ Իլհամ Ալիեւն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը բացահայտ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, ԱՄՆ-ում ոչ մեկին չնախազգուշացրեցին, որ զերծ մնան Ալիեւի կազմակերպած միջոցառումներին մասնակցելուց: Իսկ այդ պատերազմի օրերին եւ դրանից հետո էլ միջազգային միջոցառումներ տեղի ունեցան Բաքվում, որոնց սիրով մասնակցեցին նաեւ ամերիկյան համապատասխան շրջանակները` թե քաղաքակրթական, թե մարզական: Լավ կլիներ, իհարկե, լսել ԱՄՆ Պետդեպի կարծիքը, թե ինչ տարբերություն կա Ուկրաինայում ռուսական ռազմական միջամտության եւ Ղարաբաղի վրա ադրբեջանական զորաշարժի միջեւ: Ի վերջո, եթե Ուկրաինայի պարագայում Մինսկի ինչ-ինչ պայմանավորվածություններ են գործում, ապա Ղարաբաղի հարցով կա 1994թ. հրադադարի հստակ փաստաթուղթ` վավերացված եւ ստորագրված բոլոր շահագրգիռ երկրների կողմից:



Մենք չենք ասում, որ ԱՄՆ-ն անտարբեր մնաց ապրիլյան պատերազմի օրերին: Դա ճիշտ չէր լինի: Ավելին` խնդրի խաղաղ կարգավորման ամերիկյան կոչերը, անշուշտ, արդյունք տվեցին Ալիեւին հանգստացնելու հարցում, բայց, ամեն դեպքում, մեր կարծիքով, դա միայն նվազագույնն էր, որ արեց ԱՄՆ-ն` չհամարձակվելով կամ չփորձելով դատապարտել ագրեսորին ու չբոյկոտելով այդ երկիրը: Մինչդեռ ապրիլյան պատերազմն Ալիեւի մեղքերից միայն մեկն էր: Իսկ որքանո՞վ է հարիր ԱՄՆ նման գերտերությանը շփվել մի երկրի ղեկավարի հետ հենց ԱՄՆ-ում, երբ տվյալ երկրում բանտարկվում, բռնաբարվում, խոշտանգվում են ժողովրդավարական արժեհամակարգի համար պայքարող ակտիվիստներն ու այլախոհները:



Մենք նաեւ տեսնում ենք, որ ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը ԼՂ ազատագրված տարածքների հետ կապված եւ մինչ օրս դրանք որակում է որպես «գրավյալ» տարածքներ: Բայց ճիշտ կլիներ, որ ԱՄՆ Պետդեպը հանրայնացներ նաեւ իր տեսակետը Շահումյանի տարածաշրջանի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչն էր պատճառը, որ խորհրդային եւ ադրբեջանական զորքերը նախահարձակ պատերազմ սկսեցին Ղարաբաղի դեմ: Երբ ԱՄՆ Պետդեպը հստակեցնի այս ամենը, ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կդադարի օրումեջ գրառում անել այն մասին, որ հարցի խաղաղ կարգավորման համար հայերը պետք է վերադարձնեն «գրավյալ» տարածքները: Եվ ամենազարմանալին էլ այն է, որ Ղարաբաղում եղած, իր աչքով ամեն ինչ տեսած մարդու լեզուն չի պտտվում, որ հայտարարի` Ալիեւին ներկա շփման գծից մեկ մետր ներս թողնելն անգամ մահ է Ղարաբաղի համար, էլ ուր մնաց ԽՄԿԿ պոլիտբյուրոյի վաստակին տարածքներ նվիրելը:



Եթե Ադրբեջանի եւ Ռուսաստանի նկատմամբ այսպիսի երկդիմի մոտեցում ցուցաբերեր մի սոված երկիր, ինչպիսին, օրինակ, Հոնդուրասն է, դեռ կարելի կլիներ հասկանալ նրան: ԱՄՆ-ի նման գերտերության պարագայում, որն իր պատժամիջոցներով կարողանում է ծնկի բերել այլ գերտերությունների, դա անհասկանալի է, անգամ` ծիծաղելի: Մի՞թե Ալիեւների դինաստիայի հարստությունն այնքան շլացուցիչ է, որ ազատության եւ ժողովրդավարության երկիր ԱՄՆ-ն այսպես կոտրատվում է դրա առաջ:



Որպեսզի չստացվի, թե Ադրբեջանի վրա տղա ենք բերում, արժե հիշեցնել Ղարաբաղի հարցով շահագրգիռ բոլոր կողմերին` հայ ժողովուրդն իր անկախությունը ԼՂՀ-ում հռչակել է ինքնուրույն, ինքնուրույն պաշտպանել հայրենի հողը եւ ինքնուրույն էլ շարունակելու է կերտել իր երկրի ապագան: Իսկ մնացած ամեն ինչը, որ տեղի է ունեցել եւ շարունակում է տեղի ունենալ Ղարաբաղի շուրջ, ընդամենը քաղաքական խաղեր են, խաղեր` երկդիմի եւ առանց կանոնների:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ