Ռադիկ Մարտիրոսյանը Վիկտոր Համբարձումյան չէ, որ մտածենք՝ այդ անունը մեզ փառք ու պատիվ է բերում

Ռադիկ Մարտիրոսյանը Վիկտոր Համբարձումյան չէ, որ մտածենք՝ այդ անունը մեզ փառք ու պատիվ է բերում

Հունիսի 27-29-ը ԳԱԱ-ում տեղի են ունենալու ակադեմիայի նախագահի, փոխնախագահի, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների, ինչպես նաեւ նախագահության անդամների ընտրություններ, բայց գլխավոր ինտրիգը, անշուշտ, ԳԱԱ նախագահի ընտրություններն են լինելու, որին ուշի ուշով հետեւում են նաեւ ակադեմիայի շրջանակներից դուրս։ Մի կողմից՝ Ռադիկ Մարտիրոսյանի վերջին աղմկահարույց հարցազրույցը, որտեղ նա անզգուշություն ունեցավ «քոսոտ երկիր» արտահայտությունն անելու, ինչը մեծապես վնասեց նրա հեղինակությանն ընտրությունների շեմին, մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ Ռադիկ Մարտիրոսյանն անընդմեջ 2 անգամ արդեն ընտրվել է ակադեմիայի նախագահ եւ, կանոնադրության համաձայն, այլեւս վերընտրվելու հնարավորություն չունի, էլ ավելի են սեւեւռում հանրության ուշադրությունն առաջիկա ընտրությունների նկատմամբ։



ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ Լենսեր Աղալովյանը մեզ հետ զրույցում չցանկացավ խոսել կայանալիք ընտրությունների մասին, ոչ էլ, առավել եւս՝ գնահատական տալ Ռադիկ Մարտիրոսյանի պաշտոնավարման վերջին տասնամյակի վերաբերյալ պատճառաբանելով, թե ժամանակին Մարտիրոսյանի հետ առաջադրվել եւ մրցել է նախագահի պաշտոնի համար, այդ պատճառով չի ուզում վերլուծել ներկայիս իրավիճակը։ Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք. կանոնադրության համաձայն, Ռադիկ Մարտիրոսյանն այլեւս չի կարող որպես նախագահ պաշտոնավարել, դա նշանակո՞ւմ է, որ փոփոխություն կլինի, եւ այդ փոփոխությունն ինչքանո՞վ է անհրաժեշտ ակադեմիային։ «Միշտ էլ փոփոխությունն անհրաժեշտ է, բայց, ընդհանրապես՝ նայած... օրինակ, Վիկտոր Համազասպովիչը բացարձակ մեծություն էր, եւ իմաստ չուներ փոփոխության, բայց էլի փոխեցին իրեն...»։ Այն հարցին, թե չի՞ ցանկանա այս անգամ եւս առաջադրվել, պատասխանեց. «Այսօրվա վիճակով՝ ոչ»։ Ո՞րն է պատճառը, ցանկությո՞ւն չունի։ «Հիմքեր կան»։ Շատ է ճահճացած իրավիճակն ակադեմիայում, դրա՞ համար է խուսափում։ «Չէ, ուրիշ հարցեր կան, որ ինձնից կախված չեն, լուրջ, խանգարիչ հանգամանք կա...»։ Իսկ եթե ընդհանուր ժողովում նորից իր թեկնածությունն առաջադրե՞ն։ «Երեւի չհամաձայնեմ... կամ՝ նայած ովքեր կլինեն...»,-եզրափակեց Աղալովյանը։



Մաթեմատիկոս, պրոֆեսոր Համլետ Միքայելյանի համար մի փոքր դժվար է գնահատել ակադեմիայի գործունեությունը, քանի որ այդ համակարգում չի աշխատում, բայց կարող է ասել, որ ակադեմիայի գոյությունն այն կառուցվածքով, որ կա՝ թե տնտեսապես, թե գիտության, կրթության զարգացման տեսանկյունից, նպատակահարմար չէ. «Նկատի ունեմ, որ մեր լավագույն կադրերին առանձին գիտական հաստատություններում ենք պահում եւ հեռու ենք պահում համալսարանական կրթությունից։ Մեր ուսանողները հնարավորություն չունեն շփվելու մեր լավագույն դասախոսների, գիտնականների հետ, բայց նրանց հիմնական գործը գիտության զարգացման հետ միասին պետք է լինի նաեւ նոր սերունդ պատրաստելը։ Իմ խորին համոզմամբ, ակադեմիաների ինստիտուտները պետք է լինեն համալսարաններին կից, ինչպես արեւմտյան երկրներում է»։



Դեռ ամիսներ առաջ կառավարությունում հանդիմանել էին ԳԱԱ ղեկավարությանը, թե ինչ եք տալիս երկրին, որ այդքան պահանջում եք․ ակադեմիայի մեղքի բաժինն այստեղ որքանո՞վ է մեծ։ «Դա որեւէ կերպով արդարացում չէ Հովիկ Աբրահամյանին ու կառավարությանը, որ կրթությանը շատ աննշան հատկացումներ են արվում, եւ դա նպաստում է, որ արտագաղթ լինի, այն էլ՝ լավագույն ուժերի, լավագույն կադրերի արտահոսք լինի, ինչն ակնհայտ է, ու հատկապես երիտասարդներն են գնում։ Նման պահանջ չի կարելի դնել գիտնականների առաջ, որովհետեւ ֆունդամենտալ գիտությունների արդյունքը երեւում է տարիներ հետո։ Գիտությունը պետք է ֆինանսավորել, բայց ֆինանսները ճիշտ տեղում դնել եւ ճիշտ ուղղորդել»։



Ինչ վերաբերում է ԳԱԱ նախագահի փոփոխության հարցին, ապա. «Եթե կանոնադրությունն այդպիսին է, կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանը պետք է հետեւի, որ կանոնադրությունը պահպանվի, օրենքը բոլորի համար է, նաեւ՝ Ռադիկ Մարտիրոսյանի, եւ Ռադիկ Մարտիրոսյանը Վիկտոր Համբարձումյան չէ, որ մտածենք՝ այդ անունը մեզ փառք ու պատիվ է բերում։ Բոլորը պետք է օրենքին ենթարկվեն, եւ չեմ կարծում, թե Ռադիկ Մարտիրոսյանն ուզի օրենքին հակադրվել»։ Այն դիտարկմանը, որ մեր երկրում սովորաբար ճանապարհ են գտնում օրենքը շրջանցելու համար եւ հղում են անում մարդու վաստակին կամ այլ թեկնածուների բացակայությանը, ասաց. «Օրենքի մեջ չի նշվում վաստակը, որ եթե մեկը վաստակ ունի, ապա իրավունք ունի 3 անգամ ընտրվելու, 25 տարվա երկիր ենք եւ պետք է արդեն սովորենք, որ եթե օրենք է, ուրեմն բոլորի համար է»։ Այդուհանդերձ, Միքայելյանը թերահավատ է, որ մի հոգու փոփոխությամբ ինչ-որ բան կստացվի, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի կարողանանք մեր գիտական ներուժը պահպանել մեր երկրում։



ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալբերտ Մուշեղյանը կարծում է, որ պետք է նոր ընտրություններ լինեն եւ ոչ թե վերընտրություններ, 10 տարին ավելի քան բավական էր դրսեւորվելու համար, եւ եթե կա կարգ, ուրեմն դրան պետք է հետեւեն բոլորը. «Եթե կարգն այդպիսին է, պետք է ղեկավարվել դրանով, կամ եթե ավելին պետք է անեն, ուրեմն պետք է փոխել այդ կարգը։ Հայաստանի նախագահը 2 անգամից ավել իրավունք չունի ընտրվելու, չէ՞։ Եթե դա սահմանված է երկրի ղեկավարի համար, ապա մյուսները նույնպես պետք է ղեկավարվեն սահմանված կարգով»։ Մուշեղյանն իր խոսքում նկատեց, որ զարմանալի տրամաբանություն է իշխում մեզանում, ինստիտուտների տնօրեններին սահմանափակում են 65 տարվա տարիքային շեմով, իսկ այս դեպքում, չգիտես ինչու, ուրիշ կարգ է գործում. «Նույն կարգը պետք է իշխի, եթե մարդն ի վիճակի չէ ղեկավարել մեկ ինստիտուտ, պետք է նույն տրամաբանությունը գործի նաեւ այլ դեպքերում»։



Իսկ անձի փոփոխությունը, ի դեմս նախագահի, ինչ-որ բան կփոխի՞ ակադեմիայում եւ գիտության բնագավառում։ Ալբերտ Մուշեղյանը չի կարծում, թե գիտության մարդու կարողությունները սահմանափակված են տարիներով, ցանկացած դեպքում պետք է ընտրել արժանի մեկին. «Այդ ակադեմիան սկսվել է մեծագույն գիտնականներով, դա Հովսեփ Օրբելին էր, Վիկտոր Համբարձումյանը, բայց նրանք այնպիսի անհասանելի մեծություններ էին, որոնցով աշխարհը կարող էր պարծենալ...։ Եթե այդպիսի մարդիկ լինեն կամ մոտավորապես նման մարդ, իհարկե, պետք է փոխել, երիտասարդներին դնել»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ