Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը՝ Ազգային պատկերասրահում

Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը՝ Ազգային պատկերասրահում

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ հուլիսի 10-ը եւ նվիրված է նշանավոր քանդակագործի մահվան 20-րդ տարելիցին։ Ցուցահանդեսում ներկայացված են Բենիկ Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքներից, մանրաքանդակներ, որմնաքանդակներ, ինչպես նաեւ գեղանկարչական աշխատանքներ։ Բացման խոսքում պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ ցուցահանդեսից հետո պատկերասրահն իր հնարավորությունների սահմանում ձեռք կբերի 2 գործ, քանի որ ափսոս է, որ այդ գործերը, դուրս գան մեր երկրից։



Գեղանկարիչ Փարավոն Միրզոյանն էլ նշեց, որ Բենիկ Պետրոսյանը եղել է իրենց ընկերը, ուսուցիչը. «Այս 20 տարիները Բենիկը մեզ հետ չէ, բայց տեսնում ես, որ ժամանակն ավելի է հարստացրել նրա արվեստը։ Այսօր մենք ունենք մի մեծ հրաշալի վարպետ, որը ժամանակի ընթացքում եւ այսօր էլ դառնում է ավելի մեծ։ Բենիկն ու նրա արվեստն այնքան ճշմարիտ են ու այնքան ժամանակակից, որ արդեն անցել է կես դար նրա ստեղծագործական ժառանգությունից, ու երբ համեմատում ենք համաշխարհային արվեստի ընթացքի հետ, տեսնում ենք, որ մենք ունենք մի մեծ արվեստագետ, որը պատիվ է մեր ազգին, մեր մշակույթին»։



Ինչպես նկատեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Բենիկ Պետրոսյանը մեզ ժառանգություն թողեց նախեւառաջ իր ընտանիքը, իր տաղանդավոր երեխաներին (նկատի ունի քանդակագործ Արեգ Պետրոսյանին եւ նկարիչ, ձեւավորող Արեւ Պետրոսյանին). «Իր ստեղծագործությունները եւ իր երեխաները մի ամբողջական մշակութային արժեք են։ Ինձ համար շատ կարեւոր է իրենց քաղաքացիական կեցվածքը, որոնք երբեք անհաղորդ չեն մնում այն խնդիրներին, որ հասարակության ուշադրության կենտրոնում են»։



Բենիկ Պետրոսյանը ստեղծագործել է մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ քանդակագործության բնագավառներում, բարձր մակարդակի է հասել հատկապես մանրաքանդակի ոլորտում։ Նրա գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, տարբեր երկրների թանգարաններում, նաեւ մասնավոր հավաքածուներում։



Բենիկ Պետրոսյանի երազանքն էր Երեւանում մանրաքանդակի միջազգային կենտրոն ունենալը։ Մի առիթով նա ասել է. «Ունենք միջնադարյան մանրանկարչություն, ինչո՞ւ չունենանք նաեւ մանրաքանդակի դպրոց։ Շատ կուզենայի, որ Երեւանում բացվեր մանրաքանդակի միջազգային կենտրոն՝ իր ցուցասրահով եւ արվեստանոցներով։



Աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվեն քանդակագործներ, աշխատեն, ստեղծագործությունների մի մասը թողնեն Հայաստանին, մյուս մասը տանեն իրենց հետ։ Թող ստեղծագործական ժառանգությունս հիմք հանդիսանա այս գաղափարի իրականացման համար։ Սա երազանքս է, բայց հույս ունեմ, որ մի օր կիրականանա…»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ