Վերջին անգամ ե՞րբ են Բավրայում եղել հայ իշխանավորները

Վերջին անգամ ե՞րբ են Բավրայում եղել հայ իշխանավորները

Հավանաբար, դժվար է, այո՞, հասկանալը, որ Ջավախքն էլ Հայաստանին կպած մի փոքրիկ Հայաստան է: Իսկ գուցե հնար չկա՞ մինչև հայ-վրացական սահմանը, որտեղից սկսվում է Ջավախքը, ճանապարհ սարքել, որ մեկ անգամ Ջավախք գնացողը մեկ էլ ցանկություն ունենա անցնել այդ ճանապարհով: Խոսքը լյուքս մայրուղու մասին չէ, այլ ներկա էշի արահետը սովորական ավտոճանապարհի վերածելու: Ջավախքն ու Ախալքալաքը դեռ մի քանի տարի առաջ կապված էին Գյումրիի հետ: Այսօր այդ ճանապարհով հատուկենտ մեքենաներ են անցնում: Բավրան, ընդհանրապես, մոռացված աշխարհ է՝ կեղտ ու թրիքի մեջ կորած, ցեխաջրի մեջ կոլոլված: Եվ սա առաջին հայկական բնակավայրն է, որ տեսնում է այդ անցակետից Հայաստան մտնող օտարերկրացին:



Մի քանի տարի առաջ այդ անցակետում հերթեր էին գոյանում, անցուդարձ կար, բեռներ էին փոխադրվում: Այսօր սահմանապահներն այնտեղ, խցիկներում նստած, ճանճ են քշում: Անցակետը, որպես անցակետ, մեռնում է: Եվ պատճառը դարձյալ ճանապարհազուրկ իրավիճակն է: Ո՞ր գործարարն այդ խայտառակ ճանապարհով բեռնատար կհասցնի Ջավախք, որ Ջավախքից, ենթադրենք, կարտոֆիլ տեղափոխի Երևան: Ախալքալաքում հյուրանոցի տիրոջ հետ եմ խոսում: Ասում է՝ մեռած տեղ է Ախալքալակը: Եթե Հայաստանից էլ չգան-չգնան, կյանքն ամբողջությամբ կանգ կառնի:



Երբ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին վերջապես դուրս բերեցին 80-ականների վագոն-տնակներից ու նստեցրին հատուկ ծածկի տակ տեղադրված ապակեպատ խցիկներում, բոլոր մեծամեծները թափվել էին Բավրա, թե հեսա տեսեք՝ ինչ ենք անելու, ինչքան է մեծանալու բեռնափոխադրումների ծավալը: Ի դեպ, Սև ծովի վրացական նավահանգիստներ տանող ամենակարճ ճանապարհը հենց Բավրայով է անցնում: Բայց հիմա արդեն պարզ է, որ այդ ամենը էկրանների առաջ պարծենալու համար էր:



Նույն վիճակն է նաև վրացական կողմում: Տարիներ առաջ Սահակաշվիլին կառուցեց ճանապարհի՝ Ախալցխայից մինչև անցակետ հատվածը: Այն էլ ինչ ճանապարհ կառուցեց: Այսօր այդ ճանապարհից հուշեր են միայն մնացել, պատառիկներ: Վրաստանի իշխանությունները, չի բացառվում նաև միտումնավոր, ոչինչ չեն անում ճանապարհը վերանորոգելու համար: Հավանաբար, հասկացել են, որ դա նպաստում է Հայաստանի հետ Ջավախքի կապին:



Վրաստանի իշխանություններին հասկանալ կարելի է, իսկ մերո՞նց: Ստացվում է, որ մերոնք վրացիների հետ թև թևի տված՝ Ջավախքի հերն անիծում են: Բա այսպես ո՞նց կլինի, հարգելի Գագիկ Բեգլարյան...



Եթե մտածում եք, որ շուտով փող կտան ու «Հյուսիս-հարավ»-ով կկպնեք Վրաստանին, կարծում եմ, սխալ հաշվարկներ եք անում: Այս առիթով հայտնի ասացվածք կա՝ մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա: Երբ Ջավախքը դատարկվի հայերից, այդպիսի 10 «Հարավ-հյուսիս» էլ լինի, գրոշի արժեք չի ունենա: Նկատի ունեմ՝ հայության համար:



Էդիկ Անդրեասյան