Ու մենք, փայտերն առած…

Ու մենք, փայտերն առած…

Կար ժամանակ, որ Ալիեւի եւ, առհասարակ, Ադրբեջանի քարոզչությանը ՀՀԿ-ից շատ ակտիվ արձագանքում էր Էդուարդ Շարմազանովը: Այժմ այդ խիստ պատվաբեր գործը հանձնարարված է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:



Փոխվե՞լ են, արդյոք, դրանից ադրբեջանական կողմին պատասխան տալու որակն ու թափը: Մեր կարծիքով` ոչ: Դեռ մի բան էլ մեր պատասխաններից անհետացել են շարմազանովյան պատմական էքսկուրսներն ու պատկերավոր մտածողությունը: Հիշում եմ` Շարմազանովը մի անգամ ասաց` Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում մենք Թուրքիային դուրս ենք անում դռնից, իսկ նա ներս է մտնում պատուհանից: Հիրավի գեղեցիկ պատկեր…



Բայց այնպես էլ չէ, որ Արտակ Զաքարյանը մարտական տրամադրությամբ զիջում է Շարմազանովին: Կասեի` նույնիսկ գերազանցում է, երբ խոսում է ինչ-որ փայտի մասին, որը պետք է միշտ մեր ձեռքին լինի Ալիեւի հետ բանակցությունների ժամանակ: Ճիշտ է, սա փոխաբերական իմաստով է ասվում, բայց դու արի ու փայտի փոխաբերական իմաստը բացատրիր Մինսկի խմբի համանախագահներին, որոնց համար փայտը փայտ է, Ղարաբաղը` Ղարաբաղ, խնդիրը` խնդիր, շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու որոշումը` որոշում:



Հարգելի Արտակ Զաքարյան, բանակցությունների գնալը շատ նման է խնձորի այգի գնալուն, որի նպատակը խնձոր ուտելն է եւ ոչ թե այգու պահակին ծեծելը: Փայտով: Էն խեղճ Ալիեւն ի՞նչ է ասել, որ ծեծենք: Եթե ծեծելու էինք, ապա դրա ամենալավ տեղը Վիեննան էր, երբ ապրիլյան պատերազմը նոր էր ավարտվել, ու պետք էր Ալիեւից պատասխան պահանջել այդ արյունահեղության համար: Մինչդեռ դուք փայտը ձեռքներդ եք առնում հիմա, երբ հեյդարորդին բարբառել է ընդամենը հետեւյալը. «Գնում ենք բանակցությունների՝ առանց որեւէ պայման ընդունելու, բանակցությունները պետք է առարկայական լինեն, իմիտացիայի համար չեն»: Ի դեպ, շատ խելացի բան է ասել: Այլապես ամեն հանդիպում վերածվում է ցիրկի: Մի սուտ հայտարարություն են տարածում եւ համարում են հանդիպումը կայացած: Դե արի ու հասկացիր` այդ հանդիպման ինչն է կայացած:



Արտակ Զաքարյանի մարտական տրամադրվածության պատճառներից մեկն էլ, ըստ մեզ, Ալիեւի հայտարարությունների մասին վատ տեղեկացվածությունն է: Բանն այն է, որ այդ մարդը (Ալիեւը), խոսելով Կասպրչիկի օֆիսի թվակազմի ընդլայնման մասին, ԱՊԱ գործակալությանը մեսրոպյան հայերենով ասել էր, որ խոսքը ԵԱՀԿ դիտորդական առաքելության թվակազմը նախկին 4-ի փոխարեն (2-ական՝ ամեն կողմի համար) կրկնակի կամ 2.5 անգամ ավելացնելու մասին է եւ ոչ թե ԵԱՀԿ խոշոր առաքելության: Բայց դու տես, որ մեր Արտակը, ինչպես հայտնի ֆիլմում, «կատաղել» է ու մի լավ տեղը դրել Ալիեւին` մեղադրելով ստախոսության մեջ. «Եվ Վիեննայում, եւ Սանկտ Պետերբուրգում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման ու մոնիտորինգային կարողությունների ավելացման մասին եղել են պաշտոնական հայտարարություններ, եւ Ալիեւն էլ եղել է այդ հայտարարությունների կողմերից մեկը։ Դա նշանակում է, որ առանց նրանց համաձայնության այդ հայտարարությունները հրապարակվել չէին կարող։ Եթե այդպես քաջարի է Իլհամ Ալիեւը, ապա թող հենց Վիեննայում կամ Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես հայտարարեր, որ այդ համատեղ հայտարարությունները ԵԱՀԿ ՄԽ ինքնագործ հայտարարություններ են եւ չեն արտահայտում Ադրբեջանի տեսակետը: Հետին թվով բացատրություններն ու Հայաստանի ուղղությամբ հերթական հոխորտանքը հղելը վաղուց արդեն ծանոթ սցենար է. «Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներն իրական երաշխիք կարող են լինել կայուն զինադադարի համար։ Եթե Ալիեւն այդ մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չի տեսնում, ապա դրանով դուռ է բացում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հաջորդ ագրեսիայի համար։ Ուրեմն թող հետեւանքների համար էլ պատասխանատու լինի իր ժողովրդի առաջ»: Ներողություն եմ խնդրում այս երկարաշունչ մեջբերման համար:



Հարգելի Արտակ Զաքարյան, Ալիեւը, նույնիսկ եթե դեմ էր, պարզապես չէր կարող ասել, որ Ադրբեջանը դեմ է դիտորդական որեւէ առաքելության կամ տեսանկարահանող սարքերի տեղադրման: Այլ հարց է, որ կփորձի խոչընդոտել այդ ամենին: Այ, այն ժամանակ էլ փայտն առեք ձեռքներդ եւ ոչ թե վազեք հերթական հանդիպման:



Ի դեպ, Ալիեւը մի շատ հետաքրքիր թեմա էլ էր շոշափել` Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ շնորհելու հետ կապված: Ինչո՞ւ այս մասին չեք խոսում եւ չեք հակադարձում Ալիեւին, որը, թեեւ նոր բան չի ասել, բայցեւ այդ հայտարարությամբ գլխիվայր շրջել է կարգավորման ողջ գործընթացը: Ալիեւը խոսել է Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու իր պատրաստակամության մասին, պայմանով, որ դա լինի Ադրբեջանի կազմում եւ նրա տարածքային ամբողջականության պահպանմամբ: Նկատենք` տարածքների վերադարձի հարցն այս դեպքում կորցնում է հրատապությունը, եւ մտածելու հերթը գալիս է Հայաստանին, ՄԽ համանախագահներին եւ հատկապես Ռուսաստանին, որովհետեւ Ալիեւի առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարցի կարգավորման բոլշեւիկյան տարբերակ` դեռ Հեյդար Ալիեւի ժամանակներից եկող: Այ, սրան պատասխանեք, հարգելի Արտակ Զաքարյան, եւ ոչ թե զբաղվեք Պապի այցի պատմական արժեքը կարեւորելով, որ առանց որեւէ բացատրության էլ հասկանալի է ամենքին:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ