Շուլեր` սլավոնական բառ է, նշանակում է խաբեբա եւ գրվում է մեկ լ-ով

Շուլեր` սլավոնական բառ է, նշանակում է խաբեբա եւ գրվում է մեկ լ-ով

Քաղաքական գործչին «շուլեր» ասելը ցուցարարների ամենամեծ մեղքը չէ, եթե մանավանդ հաշվի առնենք, թե իրար ինչեր են ասում հենց քաղաքական գործիչները: Իսկ եթե քաղաքական գործիչը նաեւ որոշակի կալիբր ունի կամ ունեցել է ժամանակին, եւ մարդկանց հիշողության մեջ պատառիկներ են մնացել նրա գործունեության հետ կապված, «շուլեր» բառը նույնիսկ փաղաքշական է ինչ-որ տեղ: Կա՞ մեկն այսօր Հայաստանում, որ կբանավիճի այն ճշմարտության հետ, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ քաղաքական գործիչների 90 տոկոսը շուլերներ են եղել: Դրա վկայությունն այսօրվա Հայաստանն է, որը ոչ ոք չի երազել, բայց ունեն բոլորը:



«Շուլեր» բառից երեւի արդեն հասկացաք, որ ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ օրերս տեղի ունեցած միջադեպից է` Հրանտ Բագրատյանի մասնակցությամբ: Ցուցարարը Հրանտ Բագրատյանին շուլեր է անվանել: Քանի՞ շուլեր կարելի է գտնել այսօր ԱԺ-ում։ Հենց միայն ՀԱԿ խմբակցությունում՝ 7 հոգով մտան ԱԺ, այսօր 7 տարբեր երգ են երգում: Իսկ գուցե Վարդան Այվազյա՞նը շուլեր չէ, որի հետ նույն Բագրատյանը «սիրալիր» երկխոսություն ունեցավ բոլորովին վերջերս: Բագրատյանի խորհրդարանական շրջապատում բազմաթիվ են շուլերները, պարզապես նրանց տարիքը մեզ թույլ չի տալիս այստեղ անուններ շարել:



Իսկ որտե՞ղ են քիչ նրանք: Մի՞թե կառավարությունում նույն շուլերները չեն: Միայն պաշտպանության նախարարությունում քանի՞ շուլեր հայտնաբերվեց, երբ վերմակը մի փոքր բարձրացրին: Վստահաբար, դեռ այնտեղ հարյուրավոր ու ավելի խոշոր շուլերներ կան, որոնց տեսնելու համար պետք է վերմակը մինչեւ վերջ բարձրացնել: Բայց ո՞վ թույլ կտա, չէ՞ որ ավելի հզոր շուլերներ կան: Նեղանալ պետք չէ: Սա քաղաքական իրավիճակ է, որ նույնանում է շուլերության հետ, եւ, մեր համոզմամբ, Բագրատյանին շուլեր անվանած (ընդ որում՝ հոգնակի թվով) քաղաքացու ասածի մեջ ճշմարտության հատիկ, անգամ պարկ կա, որ կուտակվել է նորանկախ Հայաստանի 25-ամյա պատմության ընթացքում:
Ցուցարարին հասկանալու համար պետք է մտնել նրա դրության մեջ: Խնդրո առարկա վեճի ժամանակ Բագրատյանը պահանջում էր հակառակը, որ ցուցարարը մտնի իր դրության մեջ եւ հիշի, որ ինքն է ստեղծել ՀՕՊ համակարգը, որն իբր այս իշխանությունները տալիս են ռուսներին: Նախեւառաջ` Հայաստանի ՀՕՊ համակարգը ոչ թե տալիս են ինչ-որ մեկին, այլ ներառում են տարածաշրջանային հավաքական համակարգի մեջ, ինչը ենթադրում է շատ ավելի ժամանակակից պաշտպանական միջոցների տեղակայում եւ շատ ավելի հուսալի վահան: Բագրատյանը, որը, ըստ երեւույթին, առաջիկա ընտրությունների հետ կապված որոշակի ծրագրեր ունի, դեմ է, որ Հայաստանի ՀՕՊ համակարգը ներառվի տարածաշրջանային հավաքական համակարգի մեջ, բայց դու տես, որ փողոցում կռիվ է սարքում իր պոտենցիալ ընտրողի հետ, որը նույնպես բողոքում է այդ որոշման դեմ:



Պարադոքս է, այնպես չէ՞: Արդյոք սա չի՞ նշանակում, որ ընդդիմադիր կողմերից մեկը (Բագրատյանը կամ ցուցարարը), այնուամենայնիվ, ազնիվ չէ:
Բագրատյանի պատասխանը ցուցարարին` «շուլերը տատդ ա», հայհոյանքի պես է հնչում: Գեներալ Սեյրանը կասեր` այ Հրանտ, դու էլ հո ինտելիգենտ, կարդացած տղա ես, ի՞նչ գործ ունես էն մարդու տատի հետ: Ես լինեի կամ Մանվելը` ջոկ հարց: Եվ արդեն ոչ մի նշանակություն չունի, որ ցուցարարը շշով հարվածել է Բագրատյանին: Դա տեղի է ունեցել «վիրավորանք» հասցնելուց հետո: Վիճակն ավելի թեթեւ չէր լինելու, եթե ցուցարարը շշով հարվածելու փոխարեն պարզապես ասեր` «սիկտիր», ինչը պատահեց մեկ այլ շուլերի հետ Բաղրամյան պողոտայում: Ինչո՞ւ եք վիրավորում ՀՀ քաղաքացուն, պարոնայք շուլերներ:



Ֆեյսբուքում մի նախկին շուլեր էլ գրառում է կատարել այս առնչությամբ, որի մեջ շշով հարվածելու պահն է կարեւորել եւ քաղաքացուն մեղադրել, որ նա, իբր, ի դեմս Բագրատյանի, խեղճ տղա է տեսել եւ չէր համարձակվի շշով հարվածել, եթե Բագրատյանի փոխարեն իշխանական շուլեր լիներ կանգնած: Այսինքն, եթե քաղաքացին շշով հարվածեր Շմայսին կամ Այվազյանին, կարելի էր, իսկ Բագրատյանին կամ Ստյոպա Սաֆարյանին` չէր կարելի: Բագրատյանը պահանջում է, որ քաղաքացին գա եւ իրենից ներողություն խնդրի շշով հարվածելու եւ շուլեր ասելու համար: Ես էլ եմ պահանջում, որ ցուցարարը ներողություն խնդրի միջադեպի համար: Բայց պահանջում եմ, որ Բագրատյանն էլ ներողություն խնդրի եւ տղամարդավարի ասի, որ ինքը չկարողացավ տիրապետել իրեն ու հակադարձեց:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ