«Վանաձոր ՋԷԿ»-ի աշխատակիցները սպառնում են կառավարությանը (ֆոտոշարք)

«Վանաձոր ՋԷԿ»-ի աշխատակիցները սպառնում են կառավարությանը (ֆոտոշարք)

«Վանաձոր ՋԷԿ»-ի շուրջ 50 աշխատակիցներ այսօր չվճարված աշխատավարձերի պահանջով բողոքի ցույց են իրականացրել գործարանի բակում` սպառնալով, որ եթե առաջիկայում կառավարությունը քայլեր չձեռնարկի ու չվճարի իրենց տարիներով կուտակված աշխատավարձերը, ապա իրենք պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել, ընդհուպ մինչև կառավարությանն ու իշխանություններին վնաս հասցնելը:



Աշխատակիցներն ասում են, որ գործարանը 2011թ-ին 5 ամսվա աշխատավարձերի պարտքեր ունի շուրջ 153 աշխատակիցների: Նրանք դիմել են դատարան, դատը շահել են, դատարանը պարտավորեցրել է վճարել աշխատակիցների աշխատավարձերը, սակայն սայլը տեղից չի շարժվում:



«Պապաս գործարանի աշխատող էր, 2 ամիս առաջ ա մահացել, ես եկել եմ պապայիս փողերը ստանամ, որ կարողանամ գերեզմանը սարքել ու մեր ընտանիքի հոգսը թեթևացնել»,-մեզ հետ զրույցում ասաց հավաքվածներից մի երիտասարդ:



Գործարանի նախկին տնօրեն Էդիկ Հունանյանի խոսքով, այս ամենը պետք է կառավարական մակարդակով լուծվի, իշխանությունները որևէ քայլ չեն անում, թեկուզև դատարանի որոշումները ի կատար ածելու համար: Աշխատակիցները ցույցի վերջում որոշեցին կրկին հավաքվել մեկ շաբաթ անց, որից հետո արդեն կսկսեն այլ ճանապարհներ օգտագործել իրենց գումարները ստանալու նպատակով:



Նկատենք, որ գործարանում ամիսներ առաջ մեծամասշտաբ ապամոնտաժման աշխատանքներ էին իրականացվում, աշխատակիցներին որոշակի ամիսների աշխատավարձ վճարվեց, սակայն 5 տարի առաջվա  չվճարված գումարները շարունակում ենօդում կախված մնալ: