Բաղրամյան 26-ի «կտերը» և ՀՀԿ խորհրդի «одобрямс»-ը

Բաղրամյան 26-ի «կտերը» և ՀՀԿ խորհրդի «одобрямс»-ը

Երեկ ՀՀԿ խորհրդի նիստի առնչությամբ այնքան Հովիկ Աբրահամյանի հրաժարականը չէր քննարկվում, որքան նրա՝ ՀՀԿ տիրույթում քաղաքականության մեջ մնալու հարցը: ՀՀԿ-ականները, թվարկելով վարչապետ եղած ժամանակներում Աբրահամյանի բավականին համեստ արժանիքները, իրենց ինտերվյուներում արագ-արագ կրկնում էին, որ նա կման քաղաքական իրադարձությունների կենտրոնում և կշարունակի նպաստ բերել երկրին ու ժողովրդին: Հավանաբար ՀՀԿ խորհրդի նիստից դա էր մնացել միայն իրենց հիշողության մեջ կամ էլ նրանց ասվել էր նախօրոք, որ հասարակությանը մատուցվելիք «հաշիշը» մատուցվի հենց այդ սոուսով: Իսկ Արմեն Աշոտյանն ընդհանրապես դա մատուցեց որպես գլխավոր լուր: Կարելի էր մտածել, որ ժողովրդին ամնից շատ հենց Հովիկ Աբրահամյանի՝ քաղաքականությունից չհեռանալն էր հետաքրքրում այդ օրը:



Մարդկանց, ովքեր կառավարության նիստի օրերին հավաքվում էին Հովիկ Աբրահամյանի «նստավայրի» մուտքի մոտ, երեկվանից մի միտք է տանջում՝ ի՞նչ է լինելու իրենց հետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, արդյոք, Կարեն Կարապետյանը ստանձնելո՞ւ է Հովիկ Աբրահամյանի «շռայլած» խոստումները, որ ահա-ահա լուծվելու են խնդիրները. մեկը տնից է զրկվել, մեկը տարիների աշխատավարձն է ուզում, երրորդը ցմահ բանտարկյալ ունի, չորրորդի ապրուստն ապահովող վաճառատեղերն են քանդում՝ ո՞ր մեկը թվարկես: Իսկ Հովիկ Աբրահամյանը խոստանում ու խոստանում էր, որ կնայեն, կլուծեն, հրավիրում էր իր մոտ զրույցի, հույս տալիս, թևավորում: Կարեն Կարապետյանն էդ իլլաջն ունի՞ բոլորին լսելու: Ժամանակին, երբ Երևանի քաղաքապետ էր, միայն փողոցային առևտրականների պրոբլեմներից գլուխն առավ ձեռքերի մեջ ու հրաժարական տվեց: ՀՀԿ-ականներն, այսուհանդերձ գովում են նրան, նշում, որ ինքնուրույն, կարող ուժ է: Կապրենք՝ կտեսնենք:



Գանք, սակայն, ՀՀԿ խորհրդի նիստին, որ այս անգամ ևս մեկ դերասանի թատրոն է հիշեցրել: Մամուլը գրում է, որ այն անցել է կարկառուն ՀՀԿ-ականների ավանդական և խորհրդավոր լռության, պայմաններում: Սերժ Սարգսյանը եկել է, ասելիքն ասել, Հովիկ Աբրահամյանին հանել, Կարեն Կարապետյանին նշանակել ու գնացել: Դահլիճը պարզապես մասվկա է ապահովել: Հովիկ Աբրահամյանի նվիրյալներից ոչ ոք հարց չի տվել, պարզաբանում չի պահանջել: Կատարյալ՝ «одобрямс», այլ խոսքով չես բնութագրի: Մինչդեռ կառավարության ղեկավարի հարց էր քննարկվում ներսում՝ ինչպես լրագրողներին ստեպ-ստեպ փոխանցում էին ներսուդուրս անողները: Ոչինչ էլ չի քննարկվել: Պարզապես հրապարակվել է նախագահի հերթական կարևորագույն որոշումը, որի ինչ լինելը այդպես էլ մնաց գաղտնիք, իսկ հրաժարականի հետ կապված հարցերը՝ անպատասխան:



Քրիստոնեա-դեմոկրատի շարժիչով ՀՀԿ-ական, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ՀՀԿ նիստից հետո այն տպավորությունն էր ստացել, որ հրաժարականը Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունն է, քաղաքական որոշումը, որն ինքը ողջամիտ է համարում: Խոսրով Հարությունյանի այս հայտարարությունը, հավանաբար, կմտնի հայ քաղաքական մտքի անթոլոգիաներ: Դրանով նա խոստովանում է, որ ՀՀԿ-ն (Սերժ Սարգսյանը) սխալվել է Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու հարցում, և հրաշալի է, որ Հովիկ Աբրահամյանը վերջապես եկել է այդ գիտակցությանը և ողջամիտ որոշում է կայացրել՝ հրաժարական տալով: Այլապես ինչո՞ւ պետք է հրաժարական տար այդ հրաշալի պաշտոնից: Խոսրով Հարությունյանի այս կուրյոզ մեկնաբանությունը ևս գալիս է ապացուցելու, որ նույնիսկ ՀՀԿ-ում շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում իրենց շուրջը:



Մեզ թվում է՝ Սերժ Սարգսյանը նաև այն մասին է մտածել, որ ՀՀԿ-ականները շուտ չխրտնեն Կարեն Կարապետյանից ու կամաց-կամաց հարմարվեն նրա ներկայությանը, համեմատաբար ավելի քաղաքավար նիստուկացին: Այդ պատճառով է, երևի, որ այս ողջ պատմության միջով կարմիր թելի պես ձգվում է Հովիկ Աբրահամյանի՝ քաղաքական էլիտայում մեծ դերակատար մնալու մասին առասպելը: Իսկ գեղեցիկ առասպելներին հավատալը միշտ էլ հաճելի է: Ի վերջո շատերը Հովիկ Աբրահամյանի շնորհիվ են բիզնեսի տեր դարձել, պաշտոն ձեռք գցել, զավակներին գործի տեղավորել, մի ամբողջ կյանք ապահովել իրենց ու իրենց մի քանի սերունդների համար: Այդ մասսան առնվազն կարող էր հայտնվել խելագարության եզրին, եթե չլիներ Բաղրամյան 26-ում մտածված գեղեցիկ առասպելը: 



Իսկ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո լռելու առիթ ՀՀԿ-ականները դեռ շատ են ունենալու: Փոփոխություններ են սկսվում:



Էդիկ Անդրեասյան