Փոփոխության դու սիմվո՞լ կամիս գրվիլ այս օրից

Փոփոխության դու սիմվո՞լ կամիս գրվիլ այս օրից

Ծանոթներս հաճախ ասում են՝ այ մարդ, դու այդ ինչքա՜ն ես հարգում ու սիրոմ Արտաշես Մամիկոնիչին, որ նրա ոչ մի խոսք բաց չես թողնում:



Բա ի՞նչ անեմ: Ո՞նց չհարգես մի մարդու, ով այնքան արհեստավարժ է դատարկություն ասելու մեջ: Ընդ որում՝ նրա ասած յուրաքանչյուր դատարկություն նախորդից ավելի դատարկ է, և ռեկորդը ռեկորդի հետևից է ծնվում: Նա ընդամենը մեկ հարցազրույցում ունակ է միանգամից մի քանի դատարկ միտք հնչեցնել՝ մեկը մյուսից ավելի դատարկ: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին պետք է լինի մարդը՝ իր եղկելի հոգեկերտվածքով, ստորաքարշության իր անկրկնելի գործիքակազմով, թուքումուրի հանդեպ ունեցած իր աննախադեպ իմունիտետով, որ կարողանա մեկ հրապարակային ելույթում միաժամանակ քցել նախորդին, գովել նորեկին, խայտառակել իրեն ԱԺ խցկած կուսակցությանը, այդ ամենի արանքում հաճոյանալ թիվ մեկ շեֆին և ձեռքի հետ ակնարկել, որ ինքը իսկական հայրենասեր է: Էս հունարի տեր մարդուն ո՞նց չհարգես, չսիրես ու նրա մասին չգրես:



«- Պարոն Գեղամյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, եւ արդյո՞ք Կարեն Կարապետյանին տեսնում եք վարչապետի պաշտոնում։



– Ամենակարեւորը, որ նրան այդ պաշտոնում տեսնում է մեր երկրի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը։ Ինչու եմ ես դրանով սկսում խոսքս, որովհետեւ այն ինֆորմացիան, որին տիրապետում է երկրի նախագահը, մենք, ոչ ոք, նման ծավալով չենք տիրապետում՝ լինի դա ներքաղաքական, ներտնտեսական եւ արտաքին քաղաքական»:



Հենց այսպես են առաջացել կրոնական հավատալիքները, էն որ ասում են Աստծո գործերն անքննելլի են: Ի վերջո հենց Աստաված է տիրապետում աշխարհի արարչագործության մասին ամենաշատ ինֆորմացիային: Եվ ուրեմն Մամիկոնիչն ի՞նչ կարող է ասել Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության և Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին, երբ դա անում է վերևում նստածը:



Հետևյալ դատարկությունն արդեն սիրո խոստովանություն է առ նոր ղեկավարը, միևնույն ժամանակ՝ քծնանք բարձրյալին.



«Ուստի եթե այդ ամենը համադրելով՝ նպատակահարմար է գտել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակել, եւ ավելին՝ նրա հետ հույսեր են կապում, ապա, բնականաբար, մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Կարեն Կարապետյանն իր կողմից ձեւավորող կառավարությունը հասցնի մեծ հաջողությունների, եւ, ինչպես ասաց, Սերժ Ազատիչը, որ նա դրական, զարգացման փոփոխությունների խորհրդանիշ դառնա»:



Ստացվում է, որ Կարեն Կարապետյանին դրել են մեր գլխին, որ մենք նրանից սիմվոլ սարքենք, և ոչ թե, որ նա փոփոխություններ կատարի: Սիմվոլները քիչ էին, մեկն էլ է ավելանում, ընդ որում մեր ձեռքով ու մեր ջանքերով: Մամիկոնիչի խոսքից դա է հասկացվում, թեև Սերժ Սարգսյանը ասել էր, որ մենք պետք է նստենք ու հետևենք, թե ինչպես է նորընծա վարչապետը հիմնահատակ փոխում մեր կյանքը և նույնիսկ նոր ոգի հաղորդում ՀՀԿ-ին:



Մամիկոնիչը հերթական դատարկության համար երբեք ձեռքը գրպանը չի տանում: Այն նրա լեզվի ծայրին է միշտ:



«– Ձեր կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունում կամ Հայաստանի Հանրապետությունում չկա՞ր այնպիսի քաղաքական գործիչ, ով կարող էր ստանձնել վարչապետի պաշտոնը։



– Բարեբախտաբար, այսօր Հանրապետական կուսակցությունը իր դաշնակից կուսակցությունների հետ ունի այնպիսի կադրային ներուժ, որն ի զորու է, այո՛, մեր երկրի վիճակը զարգացման հուն տեղափոխելու համար, ուրույն, գործնական հզոր քայլեր անել, բայց մենք ունենք վարչապետի մեկ պաշտոն, այդ պաշտոնը նպատակահարմար գտանք վստահել Կարեն Կարապետյանին։ Այստեղ խնդիրներն են կարեւոր, որոնք դրվել եւ ձեւակերպվել են նոր կառավարության առաջ։ Եթե երկիրդ սիրում ես, ուրեմն առաջին դերակատարին, որը ստանձնում է այս բեռն ու պատասխանատվությունը, դու պարտավոր ես սատարել»:



Լավ է, մխիթարեց: Մենք այնպիսի ներուժ ունենք, որ կկարողանայինք առանց Կարապետյանի էլ զարգանալ: Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը, պարզվում է՝ ավելի ճարպիկ է ինքնագովազդի հարցում, քան Մամիկոնիչը: Բալասանյանի ներուժը գոնե բավականացրել է քաղաքապետարանի աշխատողներին ժամանակին աշխատավարձ տալ, ու նա այդ մասին ազնվորեն գրել է իր գովազդային պաստառի վրա: Մամիկոնիչն ավելի խայտառակ բան է խոստովանում՝ ներուժ ունեինք զարգանալու, բայց չենք զարգացել: Այ քու ցավը տանեմ, բա ո՞ւմ էիք սպասում այսքան տարի և, առհասարակ, ինչո՞վ եք զբաղված եղել, որ նախագահը հեռու տեղերից է մարդ բերում, որ սիմվոլ դարձնենք:



Ինչևէ, Կարեն Կարապետյանը, ըստ Գեղամյանի, գնացել է մեծ ռիսկի և ստանձնել մեր ավգյան ախոռները մաքրելու մեծ ու պատասխանատու գործը, իսկ մենք, եթե հայրենասիրության նշույլ կա մեր մեջ, պետք է սատարենք նրան այդ գործում: Հարց չկա, սատարենք: Միայն թե պետք է հստակեցնել՝ ո՞վ է պարտավոր ավելի սատարել Կարապետյանին. նրա՞նք, ովքեր ամեն անգամ մատնանշում էին, որ այսպես չի կարել, որ ավգյան ախոռները լցվում են, թե՞ նրանք, ովքեր լցնում էին այդ ախոռները՝ վերնախավին քծնելով, իրենց ռուսալեզությամբ նրա քաղաքականությունը գովազդելով, երկրի հաշվին արտասահման ուղարկվող անիմաստ դելեգացիաներ գլխավորելով, անարժեք գրքեր հրատարակելով, իրենց պնակալեզությամբ իշխանություններին փչացնելով, դատարկ դմբդմբոցով ընդդիմության ձայնը լռեցնելով, հուսահատություն ու թևաթափություն սերմանելով:



Սերժ Սարգսյանն իրո՞ք ցանկանում է, որ Կարեն Կարապետյանը փոփոխությունների սիմվոլ դառնա: Ուրեմն Կարեն Կարապետյանն առաջին հերթին այս սբրոդից պետք է ազատի մեզ, որից հետո սատարման հարցն արդեն ինքնըստինքյան կլուծվի:



Էդիկ Անդրեասյան