Իսկ խրամատներում լռություն էր (ռեպլիկ)

Իսկ խրամատներում լռություն էր (ռեպլիկ)

Եվ այսպես, կարող ենք արձանագրել, որ առաջին բարեփոխումն արդեն իրողություն է: Եվ շատ հետաքրքիր է, որ այն ամենեւին էլ կապված չէ ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի սիմվոլիկայի հետ: Փաստորեն, եթե ուզենայինք, կարող էինք բարեփոխվել նաեւ առանց կողմնակի միջամտության:



Կրկնակի հաճելի է, որ առաջին մեծ բարեփոխումը կապված է արձակուրդից նոր վերադարձած ԱԺ-ի հետ: Մենք երեկ, երբ ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը, բոլորովին նոր ԱԺ եւ բոլորովին նոր ՀՀԿ խմբակցություն տեսանք: Ես ապշած էի մնացել Խոսրով Հարությունյանի, Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի, ՀՀԿ կանանց, Շմայսի (դահլիճո՞ւմ էր, արդյոք) պահվածքից: Այնքան խորասուզված էին լսում Նիկոլին, որ էլ ասելու չէ: Այդպիսի բան չէր եղել, որ Նիկոլ Փաշինյանն անցներ ՀՀ նախագահի ստվերի մոտով, ու նրանք վեր չթռնեին, տեղից չխոսեին, չգոռգոռային, չփորձեին խանգարել:
ԱԺ նախագահության մասին ընդհանրապես խոսք չունեմ ասելու: Թե այդ ինչ առնականությամբ դիմադրեցին, որ չմիջամտեն, խոսափող չանջատեն, ինձ համար հանելուկ մնաց:



Մյուս կողմից էլ Նիկոլի ելույթի թեման բավականին հետաքրքիր էր, որովհետեւ վերաբերում էր հիմնականում մութ անձնավորությունների՝ դատախազների, իսկ դատախազները միշտ էլ հետաքրքրության սուբյեկտ են իրենց խորհրդավոր էության պատճառով: Եվ երբ Նիկոլ Փաշինյանը հին ու նոր դատախազներին մեկիկ-մեկիկ մերկացնելուց հետո հասավ նրանց կաբինետներում կախված Սերժ Սարգսյանի նկարի առասպելական հատկություններին եւ դատախազ-նկար փոխհարաբերության այլաբանությանը, ինձ մի պահ թվաց, թե ՀՀԿ-ականներն ԱԺ շենքը հիմա օդ կհանեն: Բայց նման բան տեղի չունեցավ: ՀՀԿ-ական պատգամավորների կուռ շարքերը նույնքան կուռ համբերությամբ լսեցին Նիկոլին, մինչեւ նա չասաց շնորհակալություն եւ չհեռացավ ամբիոնից:



Ի՞նչ է կատարվում: Գուցե ՀՀԿ-ականները դեռ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ուշքի չե՞ն եկել: Ի դեպ, հեշտ չէ նման բանից ուշքի գալը, մանավանդ որ մի վարչապետ են բերել, որը պետք է ռեւիզիա անի էս ամեն ինչը: Եվ ապա՝ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին ներկայացնելիս այնպիսի բաներ ասաց… Սպասվելիք փոփոխությունների համընդգրկուն չափերց շփոթված ՀՀԿ-ականներն այլեւս այն չեն, կարծես: Բա խայտառակություն չէ՞, որ կողքի մարդը պետք է գա ու ոգեշնչի իրենց:



Կարճ ասեմ՝ երեկ ԱԺ-ում մենք լրիվ սնոտիապաշտ ՀՀԿ տեսանք: Կարծեմ՝ նրանք նույնիսկ հավատացել են առանձին ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ իբր Սերժ Սարգսյանը որպես ընդդիմություն ընդունում է միայն Նիկոլ Փաշինյանին եւ «պադդերժկա» է անում նրա հանրահավաքները: Ընդունենք, որ հավատացյալ պատգամավորների վրա այս փոքրիկ նյուանսը կարող էր ազդած լինել, այլապես, կրկնում եմ, անբացատրելի է մնում հարցը, թե ինչու էին ՀՀԿ-ականները լուռ լսում Նիկոլին:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ