Երբ գնում ես մի տեղ, որից տեղյակ չես, ի՞նչ մենեջերի մասին է խոսքը

Երբ գնում ես մի տեղ, որից տեղյակ չես, ի՞նչ մենեջերի մասին է խոսքը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած «պրոֆեսիոնալների կառավարությունում» գյուղատնտեսության նախարարի պորտֆելը վստահվել է Իգնատի Առաքելյանին։ Վերջինիս, ինչպես նաեւ՝ այլ նորանշանակ նախարարների անունը հայտնի չէ հանրությանը։ Թեեւ, ինչպես գործող պաշտոնյաներից մեկը մեզ հետ զրույցում նշեց՝ «լրագրողներդ միշտ դժգոհ եք, հայտնի են լինում՝ ասում եք նույն մարդիկ են, այստեղից հանում, մեկ այլ տեղ են նշանակում, հայտնի չեն լինում՝ դժգոհում եք, թե ինչու հայտնի չեն»։



Իգնատի Առաքելյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է։ Նրա կենսագրության ուշագրավ դրվագներից մեկը, թերեւս, այն է, որ նա 1998-2016թ.թ. աշխատել է Երեւանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խմբում՝ որպես փորձագետ-հաշվապահ, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն։ 



Թե ինչ փոփոխություններ կարող է անել գյուղատնտեսության ոլորտում Իգնատի Առաքելյանը զվարճալի պատմությունների մեջ հայտնված Սերգո Կարապետյանից հետո՝ դեռ վաղ է գնահատական տալը։ Գյուղատնտեսության ոլորտը, համենայնդեպս, իշխանությունների կողմից ուշադրության արժանացածներից չէ։ Դժվար չէ հիշելը, թե ինչ խնդիրների են բախվում գյուղացիները բերքի իրացման հարցում, քանի-քանի անգամ են այդ մասին բարձրաձայնել եւ ինչպիսի երախտիքի խոսքեր են շռայլել եթերով հայտնի գործարարի հասցեին, որը կարողացել էր իրացնել նրանց բերքը։ 



Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը եւս չի շտապում գնահատական հնչեցնել գյուղատնտեսության նախարարի աշխատանքի մասին։ «Եթե տեսնեիք միայն անցյալ տարի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի վիճակն այս օրերին, երբ մենք ունեինք խաղողի ռեկորդային բերք, եւ իրոք, ծանր տարի էր...: Իսկ այս տարի շատ բարենպաստ տարի է, անցյալ տարվա խաղողի բերքի 50 տոկոսն էլ չունենք։ Այստեղ, սակայն, կա երկրորդ հոգսը, որ անցյալ տարվա գումարները (իսկ դրանք լուրջ գումարներ են, գյուղնախարարությունը հայտարարում էր 800 միլիոն դրամ, իսկ մեր ունեցած տեղեկություններով՝ դրանք մի քանի անգամ ավելին են) գյուղացիները չեն ստացել։ Սրանից զատ՝ նրանք չեն ստացել նաեւ բանջարեղենի վաճառքի գումարները»,- հիշեցնում է Հրաչ Բերբերյանը։



Անդրադառնալով նորանշանակ նախարարի գործունեությանը՝ Հրաչ Բերբերյանն ասում է, որ «Պեռնո Ռիկարը» սննդարդյունաբերության ոլորտին է առնչվում եւ որեւէ կապ չունի գյուղատնտեսության ոլորտի հետ։ «Շատ եմ ցավում, բայց նա կապ չունի անասնապահության, գյուղատնտեսության հետ»,- ասաց Հրաչ Բերբերյանը։ «Ի՞նչ կարող ենք ակնկալել Իգնատի Առաքելյանից»,- հետաքրքրվեցինք մենք։ «Կաշխատի՝ կտեսնենք»,- արձագանքեց Հրաչ Բերբերյանը։ Այնուամենայնիվ, ըստ մեր զրուցակցի, նոր նախարարի հարցն իրենք քննարկել են Ագրարագյուղացիական միավորման խորհրդում ֆերմերների հետ, հնչել են տարբեր կարծիքներ, սպասում են, թե Իգնատի Առաքելյանը ինչպիսի թիմ կհավաքի եւ ինչպես կաշխատի։



Հրաչ Բերբերյանի հետ զրույցում նկատեցինք, որ այսօր արդիական է համարվում լավ մենեջեր լինելը, եւ այդ դեպքում կապ չունի՝ մարդը տվյալ ոլորտի՞ց է գնացել, դարձել նախարար, թե՞ ոչ։ «Իհարկե, կարեւոր է լավ մենեջեր լինելը, բայց երբ գնում ես մի տեղ, որից տեղյակ չես, ի՞նչ մենեջերի մասին է խոսքը։ Նույն հաջողությամբ կարելի էր մեր ֆերմերներից մեկին նշանակել առողջապահության նախարար։ Լավ ֆերմեր է, լավ շահույթով աշխատում է»,- ասաց մեր զրուցակիցը։  Նա կարծում է, որ գյուղատնտեսության ոլորտում առաջնայինն այսօր խաղողի կուտակված պարտքերը փակելն է, որովհետեւ գյուղացիները վարկեր ունեն բանկերում, եւ նրանց վիճակը վատ է։
«Ես համոզված եմ, որ այս տարվա խաղողի բերքը հենց արձագանքն է այն բանի, որ անցյալ տարի գյուղացիները չստացան գումարները»,- ասաց մեր զրուցակիցը։



Նա նկատեց, որ այս տարի ցորենի գները շեշտակի իջել են, եւ դա կախված է միջազգային շուկայից, կախված է նրանից, թե ՌԴ-ն որքան էժան ցորեն եւ ալյուր է ներկրում Հայաստան։ Հրաչ Բերբերյանն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Վարդենիսի տարածաշրջանում գյուղացիներից 90 դրամով են ցորեն գնում։ «Եթե լավաշը սուպերմարկետներում վաճառվում է 460 դրամով, ցորենն ընդամենը 90 դրամ է կգ, ապա տեսեք, թե ինչ շահույթների մասին է խոսքը»,- նկատում է Հրաչ Բերբերյանը։



Թագուհի Հակոբյան