Լեւոն Անանյանի մահից հետո Գրողների միությունը վարի գնաց

Լեւոն Անանյանի մահից հետո Գրողների միությունը վարի գնաց

Ջավախքցի գրող Նազարեթ Կիրակոսյանը Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի գրողների միության անդամ է։ Մոտ 80 տարեկան գրողը բնակվում է Ջավախքի Տուրցխ գյուղում։ Այստեղ հիմնականում կաթոլիկ հայեր են բնակվում։ Ժամանակին եղել է գյուղի դպրոցի տնօրենը, այնուհետեւ՝ գյուղապետը։ Նրա գրչին են պատկանում սարկազմով, երգիծանքով գրված բազմաթիվ բանաստեղծություններ։ Դրանց մի մասը զետեղված է «Քծնախտի դեղ» ժողովածուում։ Նրա հետ հանդիպեցինք հարազատ օջախում։
«Շատ դժվար է եղել առաջին գիրքը տպագրելն ինձ համար, որովհետեւ միշտ երգիծական է եղել միտքն ինձ մոտ, եւ էսօրվա դրությամբ անկախությունը դուրս չի գալիս, էն ժամանակ սովետական պետությունը դուրս չէր գալիս։ Ես կոմունիստ եմ եղել, չի եղել բյուրոյի նիստ, որ իմ հարցը չքննարկվի. վախեցրել են, խիստ նկատողություն, պատիժ, կոմունիստական տոմսը հետ վերցնել։ Հետո տեսել են, որ հաջողության չեն հասնում, փորձել են կաշառել պաշտոնով չկաշառվող մարդուն։ Երբ դպրոցի տնօրեն էի, գրել էի՝ պաշտոն տվին ապիկարին, մեր շրջանը զարկեց քարին, ու դրա համար ինձ հանեցին պաշտոնից»,- պատմում է Նազարեթ Կիրակոսյանը։



- Ձեր սերնդակից ո՞ր գրողներին եք նախապատվությունը տալիս։



- Մեզ ուսուցչություն են արել մեծ գրողներից Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Գեւորգ Էմինը, Սերո Խանզադյանը, նրանք բոլորն էլ մեծ գրողներ են։ Ավելի հին սերնդի գրողներից տեսել եմ Ավետիք Իսահակյանին, երբ աշակերտ էի։ Բայց, իհարկե, Հովհաննես Թումանյանը բոլոր գրողների ուսուցչապետն է, Իսահակյանը՝ նույնպես, Տերյանը շատ քաղցր, շատ հայրենասեր, շատ անուշ բանաստեղծ է։



- Այսօր Հայաստանում շատ են քննադատում մտավորականությանը, որ նրանցից շատերը պալատական մտավորականներ են՝ իշխանությանը հլու-հպատակ, մնայուն արժեքներ չեն ստեղծում, դրա համար էլ այսօրվա սերունդը շարունակում է հին գրողների թողածով դաստիարակվել։



- Որովհետեւ գրքից, գրականությունից երես թեքեցին, եւ բանաստեղծներն այսօր որակ չեն տալիս։ Սովետական պետությունը համ հոնորար էր տալիս, համ արժեւորում էր գիրքը։ Քննադատություն կար, գրաքննություն կար, արժեւորում կար։ Գրողների միության անդամ դառնալու համար երեք մեծ դասական գրողից երաշխավորություն էր պետք, թեեւ ինձ համար 17 հոգի էին երաշխավորել՝ վրացի, հայ։ Հիմա գնում՝ փողը տալիս, Գրողների միության անդամ է դառնում շատ պատահական, փողոցային մարդ։



- Հիմա Ձեր գնահատականը մեր այսօրվա մտավորականության, գրողների վերաբերյալ ինչպիսի՞ն է։



- Ես չգիտեմ՝ ով կլսի, ինչպես կցավի, բայց Լեւոն Անանյանի մահից հետո Գրողների միություն մի անգամ եմ մտել՝ գրքի քննարկման, ելույթ եմ ունեցել այնտեղ, Մելս Հարությունյանի գիրքն էր՝ «Ապտակով սնված տղան»։ Լավ տղա է, լավ մանկագիր է Էդվարդ Միլիտոնյանը, բայց ուրիշ էր Լեւոն Անանյանը, ուրիշ էր նրա ժամանակը։ Նրանից առաջ էլ Գրողների միություն մտնում էինք որպես սրբատուն, վախենալով։ Մի տեղ, որ մտել է Չարենցը, Ավետիք Իսահակյանը, մտել-դուրս են եկել որպես Գրողների միության անդամ՝ Շիրվանզադեն, բոլոր մեծերը... Իսկ հիմա, Լեւոն Անանյանի մահից հետո, Գրողների միությունը վարի գնաց, ես այդպես գիտեմ։ Ճիշտ է, ե՛ւ Լեւոնն էր այնտեղից այստեղ շնորհավորում իմ ծննդյան օրը, ե՛ւ Էդվարդը, բայց դա չի նշանակում, որ չհասկանամ, թե ինչ է կատարվում։ Այնտեղ մի խումբ հարբեցող գրողներ կային եւ կան երեւի, որ խիստ վիրավորական է գրող կոչվող անձի համար։



- Հայաստանում ներքաղաքական խառը ժամանակներ են, եւ մտավորականությանը մեղադրում են, որ ոչինչ չեն անում, ավելի շատ իշխանության սազանդարներն են։ Ի՞նչ պետք է անի մտավորականությունը։



- Մտավորականությունը ոչինչ չի կարող անել, որովհետեւ ուժեղ գրող չկա Շիրազի, Պարույր Սեւակի պես, որ հետեւից գնան։ Ո՞ւմ լսեն։ Բոլորն իրար հավասար միջակություններ են։



- Երիտասարդ սերնդի գրողների մեջ տեսնո՞ւմ եք խոստումնալից կադրեր՝ նորօրյա Շիրազ, Սեւակ, Չարենց, էլ չասենք՝ Թումանյան դառնալու ընդունակ։



- Ժամանակակից դպրոցները նման աշակերտ չեն կարող դաստիարակել։ Դպրոց չկա, ուսուցում չկա, ուսում չկա։ Եթե դպրոց չկա, ծնողներն էլ օրվա հացի պայքար են մղում, հացակռիվ է, ժամանակ չկա տնային դաստիարակության, փողոցից ոչինչ չունի սովորելու, էլ ի՞նչ Թումանյան կամ Շիրազ պիտի ծնվի։ Դժվար է։ Կծնվի, եթե Աստված ցանկանա, ինչպես որ Շիրազ տվեց հայ ժողովրդին այն նեղ վիճակում եւ այդ ընտանիքից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ