Թրամփը մեռավ, կեցցե քաղաքագիտական վերլուծությունը

Թրամփը մեռավ, կեցցե քաղաքագիտական վերլուծությունը

Հայաստանում կան մարդիկ, որոնք այլեւս չեն կասկածում ԱՄՆ նախագահի ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթանակին: Բուն ամերիկացիները, սակայն, դեռ մտավախություն ունեն, որ հանկարծ կհաղթի Դոնալդ Թրամփը: Ինչպե՞ս հասկանալ սա: Ավելին ասեմ՝ ԱՄՆ վարչակազմն իր ողջ զինանոցով դեռ պայքարում է Թրամփի դեմ, իսկ մերոնք այստեղ՝ Հայաստանում, հոդված են գրում, թե Թրամփը մեռավ, ու այլեւս հույս չկա, որ կհաղթի: Հիմա ի՞նչ՝ մերոնք Օբամայի գլխի տա՞կ են փափուկ բարձ դնում, թե՞ մի բան գիտեն, որ պնդում են՝ Քլինթոնը «հաղթել-պրծել ա»: Ես մի փոքր այլ կերպ եմ մտածում եւ, մինչեւ բուն ասելիքին անցնելը, քաղաքագիտական վերլուծությունների հայր Լեւոն Տեր-Պետրոսյանի թույլտվությամբ փոքրիկ զուգահեռ կանցկացնեմ վրացական, հայկական եւ ամերիկյան Իվանիշվիլիների միջեւ:



Իվանիշվիլին ամենախելոք մարդը չէր Վրաստանում: Նա պարզապես շատ փող ուներ, եկավ եւ քաղաքավարի ձեւով վերցրեց իշխանությունը: Այն էլ ում ձեռքից՝ համարյա ամերիկացի Սահակաշվիլու: Այսինքն՝ չենք կարող միանշանակ պնդել, թե ԱՄՆ-ն նրան իշխանության բերեց Վրաստանում: Տարիներ անց քիչ էր մնացել այս նույն սցենարը բեմադրվեր նաեւ Հայաստանում, սակայն կամ մեր Իվանիշվիլին այն չէր, կամ նրա շուրջը բոլորած խելացի քաղաքական ռահվիրաները, որոնց միակ քյարն այդ օրերից այն եղավ, որ հասցրին մի քանի անգամ բազմել հայկական Իվանիշվիլու շքեղ կահույքին ու կոնյակ «մզել»:



Ամերիկյան Իվանիշվիլին՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ավաղ, Վրաստանի եւ Հայաստանի օրինակով, չկարողացավ իր շուրջը համախմբել ամերիկյան քաղաքական էլիտայի ընդգծված դեմքերին, որոնք՝ դեմոկրատ, թե հանրապետական, այս օրերին Քլինթոնի շուրջն են: Բայց, չնայած այդ բեւեռացումին, չնայած ԱՄՆ գործող նախագահի խայտառակ քննադատություններին, չնայած կուսակիցների դավաճանությանը, Թրամփն է շարունակում հիացնել աշխարհը, ինչպես Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցիներին: Քլինթոնի միակ առավելությունը Թրամփի նկատմամբ այն է, որ ունի քաղաքական կենսագրություն, եւ նրա կողքին է ԱՄՆ վարչակազմը՝ իր ունեցած բոլոր լծակներով, այդ թվում եւ՝ գոտկատեղից ցածր խփող զինատեսակներով: Օբաման հասավ այնտեղ, որ անձամբ մեկնաբանեց Թրամփի մասնակցությամբ մի վաղեմի տեսանյութ, որտեղ իրենց հակառակորդ Թրամփն ինչ-որ անվայելուչ արտահայտություններ է թույլ տվել պոռնո-դերասանուհու հասցեին: ԱՄՆ կոնսերվատիվ հասարակությունը ցնցված է, Օբաման՝ ապշած, կին թեկնածու Քլինթոնը՝ ամոթից կարմրած... վախ, վախ, վախ... Իսկ այն, որ հենց Օբամայի իշխանության տարիներին ԱՄՆ-ում օրինականացվեցին միասեռական ամուսնությունն ու միասեռական պոռնո-դերասանությունը, դա ոչինչ, իսկ այն, որ իրենց թեկնածուի նախագահ ամուսինն էր մաքրուհիներին սիրահետում ու լազվում նրանց հետ, արդեն մոռացել են:



Ամեն ստորության պատրաստ են դիմելու, միայն թե Թրամփը չընտրվի: Ազատ Ամերիկան ոտքի է հանել համաշխարհային լրատվամիջոցները, առատորեն վարձատրում է բոլոր նրանց, որոնք Թրամփի դեմ կխոսեն, կգրեն, անցած-գնացած դեպքեր կհիշեն նրա վառվռուն երիտասարդությունից: Եվ այս ամենի պատճառն այն է, որ Թրամփը դեմ է ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությանը, Օբամայի քայլերը հիմարություն է որակում, հայտարարում, որ ահաբեկչության եւ ահաբեկիչների մասին ինքն ավելին գիտի, քան ամերիկյան գեներալները, խոստանում է տուն վերադարձնել ամերիկացի զինվորներին, միջուկային զենք չթափահարել, փախստականներին վերադարձնել իրենց երկրները... Մինչդեռ արաբական աշխարհն իրար խառնած Օբաման հայտարարում է, թե Թրամփի նմանին չի կարելի մոտ թողնել ատոմային ռումբի կոճակին: Ինչի՞ մասին են խոսում ամերիկյան բանակում անցկացված հարցման արդյունքները: Շարքայինների 47 եւ սպաների 27 տոկոսը պատրաստ է ձայնը տալ Թրամփին, եթե վաղն ընտրություններ լինեն: Թրամփի վարկանիշի ի՞նչ 30-39 տոկոսի մասին է խոսքը, երբ գործող վարչակազմն արդեն, հալյուցինացիաների մեջ ընկած, ռուս հակերներ է ձերբակալում ողջ աշխարհում, պնդելով պնդում, որ Պուտինն է կանգնած Թրամփի թիկունքին: Հայտնի երգիչներ, դերասաններ, շոուբիզի ներկայացուցիչներ՝ բոլորին, այդ թվում եւ Քիմ Քարդաշյանին են մոբիլիզացրել, որ Թրամփին վատաբանեն: Ասում են՝ նա քաղաքականությամբ զբաղվելու համապատասխան բազա չունի, բան չի հասկանում քաղաքականությունից: Հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ եք խառնվել իրար... Մի՞թե ԱՄՆ-ում էլ մարդիկ կարող են նախապատվություն տալ փողի տոպրակին: Իսկ գուցե Դոնալդ Թրամփն ա՞յլ հմայք ունի, որ չունի իրեն Եվրոպայում, Ուկրաինայում, Սիրիայում սպառած Օբաման եւ կամ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:



Ամերիկյան ընտրական համակարգը կարող է վերջնականապես ի դերեւ հանել ընտրություններում հաղթելու Թրամփի հույսերը: Թրամփը դա նախազգում է, եւ պատահական չէ, որ, ինչպես հայաստանյան ընդդիմադիրներն են անում, նախօրոք հայտարարել է, որ իր չհաղթելու դեպքում ընտրության արդյունքները չի ընդունելու: Սա աննախադեպ բան է ԱՄՆ պատմության մեջ եւ, ինչպես Օբաման է ասել, թուլացնում է ԱՄՆ դիրքերը միջազգային ասպարեզում:



Բոլորս ենք հիշում, թե ինչ կատարվեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում, եւ ինչպես չընտրվածը դարձավ քաղաքապետ: Քաղաքապետարան անցած ավագանին ժողովրդի քվեն վաճառեց իշխանության ներկայացուցչին: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ ԱՄՆ ժողովրդի ընտրած պատվիրակները վերջին պահին չեն դավաճանի Թրամփին:



Թող տպավորություն չստեղծվի, թե ես Թրամփի կողմնակիցն եմ կամ Քլինթոնի հակառակորդը: Քավ լիցի, ինձ համար միեւնույն է, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում: Ի վերջո, աշխարհը գիտի, որ ԱՄՆ նախագահը ոչ թե ղեկավար, այլ ընդամենը երկրի ներկայացուցիչ է, որը ոչինչ չի որոշում։ ԱՄՆ-ն նախագահների հետ չի փոխվում, դա միշտ նույն երկիրն է, միշտ նույն ուժերի կողմից ղեկավարվող: Այնպես չի լինելու, որ Քլինթոնի ժամանակ գնալու ենք վիզա ստանալու, եւ մեզ չեն մերժելու, եւ կամ Թրամփի Ամերիկան դադարելու է մեզ դիտել որպես 3-4-րդ սորտի մարդ: Զարմանալին, սակայն, այն է, որ Հայաստանում հոդված են գրում ի պաշտպանություն Քլինթոնի եւ ժամանակից շուտ թաղում Թրամփին: Եթե սա ընդամենը զբաղմունք է, էլի ոչինչ, իսկ եթե այսկերպ ուզում են քսմսվել ԱՄՆ դեսպանատանը եւ հասկացնել, թե մեր ուժերով կարող ենք նպաստել Քլինթոնի հաղթանակին, մեղմ ասած՝ զավեշտ է: Զավեշտ է նաեւ այս հոդվածը, որտեղ, կարծես, Թրամփի օգտին է ասված ամեն ինչ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ