Սխալմամբ ընդդիմությունից մեկ բան ենք պահանջում` միավորվել

Սխալմամբ ընդդիմությունից մեկ բան ենք պահանջում` միավորվել

Ընդդիմության հետ կապված օրվա խոսակցություններն ընթանում են մեկ հարցի շուրջ` ԱԺ ընտրություններից առաջ ընդդիմադիրները կմիավորվե՞ն, արդյոք, ընդհանուր ճակատում, դաշինքներ կձեւավորե՞ն, արդյոք, թե՞ ոչ: Ընդ որում՝ նաեւ պայման է դրվում` միայն միավորվելով կարող են հաղթել:



Ճանաչելով հայ ընդդիմադիրների ամբիցիոզ էությունը՝ միանշանակ կարող ենք պնդել, որ ընդդիմադիր դաշտում որեւէ դաշինքի, իսկ առավել եւս՝ ընդդիմադիր ճակատի ձեւավորումը, ընդամենը գեղեցիկ ցանկություն է, որ շրջանառում է մամուլը: Այլապես ընդդիմադիրները լավ են ճանաչում միմյանց եւ այնքան միամիտ չեն, որ, իշխանություններից համապատասխան ցուցում չստացած, սկսեն գրկախառնվել: Ընդդիմադիր բլոկների ձեւավորումն սկսում է իշխանությունը, ավարտում են հուսահատ ընդդիմադիրները: Սա չգրված օրենք է: Բա մի հատ չտեսնե՞ն նախագահն ինչ է ասում` այս տրամաբանությամբ:



Թե ինչպիսի երեւելի ընդդիմադիր գործիչներ հայտնվեցին ՀՀԿ նախընտրական ցուցակում, ավելորդ է պատմելը: Մտածել, որ այդ ցուցակում «ընդդիմադիրների» համար այլեւս տեղ չկա, ճիշտ չի լինի իսկապես հոգնած ընդդիմադիրների կողմից: Чем черт не шутит?... Մեկ էլ տեսար` ստացվեց, եւ իրենք էլ հայտնվեցին բաղձալի ցուցակի բաղձալի տեղում: Սա, հասկանալի է, քաղաքական մահվան ճանապարհն է, որով արդեն անցել են ընդդիմության նախահայրեր Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը եւ այլ անկարեւոր դհոլներ, սակայն, միեւնույն ժամանակ, դա այն ճանապարհն է, որն իրենց կյանքի 60-րդ տասնամյակ ոտք դրած ընդդիմադիր գործիչները սիրով կընտրեն, եթե լինի առաջարկ:



Այլ է դաշինքներ կազմելու եւ միավորվելու տակավին երիտասարդ ընդդիմադիր ուժերի տատանման պատճառը: Բավականին համարձակ ծրագրերով դաշտ մտած այդ ուժերը հասկանում են համախմբվելու կարեւորությունը, սակայն մեծ տեղ են տալիս նաեւ հնարավոր համախմբման դեպքում իրենց դերակատարության եւ առավելությունների գնահատմանը: Զիջելու մասին խոսք չկա, կա ցուցակը, որտեղ հստակ երեւում է` ով ով է եւ ով որքան կշիռ ունի այդ համախմբման մեջ: Ցուցակում մի կետ վերեւ-մի կետ ներքեւն արդեն բավական է չմիավորվելու համար: Իրենք սա լավ գիտեն եւ, որպեսզի հետո չպառակտվեն, այսօրվանից զգուշավորություն են հանդես բերում միմյանց նկատմամբ: Կարելի է տասնյակ գործիչների թվարկել, որոնց մեկտեղվելը, թվում է, րոպեների հարց պետք է լիներ, բայց նրանք չեն համախմբվում: Այստեղ մի նրբություն եւս կա` երիտասարդ ուժերի ծագումը: Ինչպե՞ս իմանալ, թե ում թելն է մանում խոստումնալից ընդդիմադիր գործիչը` իշխանությա՞ն, թե՞ ժողովրդի: Դա ժամանակի խնդիր է, նաեւ` ընտրություններով բացահայտվող խնդիր, իսկ շատերի համար ԱԺ ընտրություններն առաջինն են լինելու:



Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր դաշտում, որքան էլ այն խառնամբոխ է հիշեցնում, առանձնանում է երկու ուժ` ՀԱԿ-ը եւ «Հայկական վերածնունդը», որոնցից առաջինը ներկայացված է Լեւոն Տեր-Պետրոսյանի շվաքով, իսկ երկրորդը՝ Սերժ Սարգսյանի: Արթուր Բաղդասարյանն այնքան բնական է խաղում իր դերը, որ եթե մինչեւ ընտրություններ ՀՎԿ-ի ներսում փակվածները ցիրուցան չլինեն, գուցեեւ այդ կուսակցությունն ընդդիմության տեղ անցնի: Հնարավո՞ր է համագործակցություն ՀԱԿ-ի եւ ՀՎԿ-ի միջեւ: Այո, եթե Արթուր Բաղդասարյանն ընդունի Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած քաղաքական ուժի հեգեմոնությունը: Այլ տարբերակ պարզապես չկա:



Մինչ մամուլը գրում ու ջնջում է ընդդիմության հնարավոր համախմբման մասին, որոշ ընդդիմադիր ծերուկներ արդեն հասել են հոգեխանգարմունքի եզրին եւ մնացյալ ընդդիմությանը կոչ են անում միանալ իրենց` հակա-ՀՀԿ-ական (իրենց խոսքով` «անտիՀՀԿ») պայքար սկսելու համար: Փորձեք պատկերացնել այն քաղաքական պայքարը, որի կողմերից մեկի ծրագրային նպատակը մյուս կողմից ազատվելն է: Այդպես արել են բոլշեւիկները` հակաբոլշեւիզմից ազատվելու համար:



Իսկ հիմա ենթադրենք, որ ընդդիմադիրները մի հրաշքով դաշինք են կազմել եւ այդ դաշինքով մտել խորհրդարան, բնականաբար` մի-մի հոգի ամեն կուսակցությունից: Եվ ի՞նչ: Մենք դարձյալ մինչեւ հաջորդ գումարման ԱԺ պետք է զբաղվենք պատգամավոր կուսակցապետերին դաշինքի գծի մեջ պահելու խնդրո՞վ: Մեր դեմ չէ՞ ՀԱԿ-ի նախընթաց օրինակը, «Ժառանգություն» խմբակցությունը նույն բանը չէ՞: Եվ, առհասարակ, բարոյակա՞ն է, արդյոք, երբ խոստումների մի որոշակի հավաքածուով անցնում ես խորհրդարան, իսկ այնտեղ 3-րդ, 4-րդ նիստից հետո քո դաշինքի մնացորդներն անգամ հնարավոր չի լինում գտնելը: Միավորվելը, այո, լավ բան է: Բայց միավորվելը նաեւ պատասխանատվություն է ենթադրում: Առանց պատասխանատվության զգացումի նույնիսկ գաղափարական հենքի վրա կայացած դաշինքն է դառնում անիմաստ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ