Մետրոյի նոր կայարանի մասին դեռ խոսք չկա, ավտոբուսային նոր ցանցը կգործի կես տարուց

Մետրոյի նոր կայարանի մասին դեռ խոսք չկա, ավտոբուսային նոր ցանցը կգործի կես տարուց

Արդեն հայտնի է, որ Երեւանի քաղաքապետարանը մտադիր է ամբողջովին վերափոխել մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը։ Դրա համար հայտարարվել է մրցույթ, նախանշվել է ներդրումների չափը, եւ նախնական հայտնի է նոր ծրագրի կոնցեպցիան։ Մեկ բառով ասած՝ Երեւանի տրանսպորտն այսուհետ կառավարվելու է մեկ օպերատորի կողմից։ Լինելու է մեկ միասնական տոմս, ինչպես եվրոպական շատ քաղաքներում է, եւ հնարավոր է՝ ուղեվարձը կախված լինի կանգառների քանակից։ Այս հարցում արդեն իսկ մտահոգություն է բարձրացվել, որ սրանով քաղաքապետարանը գնում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռ խորհրդատուներն իրենց աշխատանքն են կատարում։ Ավարտելուց հետո ամբողջությամբ լրացուցիչ կտեղեկացնեն։ «Այն տպավորությունը, որ ստեղծված է, որ սակագին է բարձրանալու, նման բան չկա»,-շտապեց բարձրացված մտահոգությունները փարատել Տարոն Մարգարյանը։ 



Հետո մանրամասնեց ծրագրի էությունը. «Մեր պատկերացմամբ՝ հետեւյալն է, որ պետք է լինի մեկ օպերատոր եւ միասնական տոմս, նաեւ միջին եւ մեծ տարողությամբ ավտոբուսներ»։ Թե որքան ներդրում է հարկավոր դրա համար, եւ ով պետք է լինի ներդրողը, Մարգարյանն ասաց, որ իրենց համար, իհարկե, ցանկալի է, որ մասնավորն անպայման մասնակից դառնա այս ծրագրին, բայց նաեւ քաղաքային իշխանությունը կարող է մասնակից լինել։



- Այսինքն՝ ինչպե՞ս պետք է լինի, քաղաքապետարանն իր հաշվին նոր վա՞րկ պետք է վերցնի այս նախագծի համար։



- Բնականաբար, եթե քաղաքապետարանը պետք է ամբողջությամբ իրականացնի, ուրեմն պետք է փորձենք շատ էժան վարկերի բանակցություններ վարենք։ Բայց մենք նախ փաթեթն ամբողջությամբ ունենալուց հետո, բնական է, մասնավորին առաջարկելու ենք։ Եթե մասնավորը ցանկություն կունենա մասնակցելու, շատ բարի, եթե չի ունենա, նոր կմտածենք, թե ինչպես անենք։



- Կարելի՞ է ասել, որ ժամանակին տրանսպորտի թանկացման դեմ անցկացվող այդ «100 դրամի» ակցիաներն են նաեւ ազդել քաղաքապետարանի այս որոշման վրա։



- Բնականաբար, սակագնի բարձրացումը մեր հասարակության մոտ ընդվզում է առաջացնում։ Դա հասկանալի է մեզ համար, եւ մենք մեր այս մոտեցումը, որ իրականացնում ենք, խորհրդատուի առջեւ առաջին խնդիրը, որ դրվել է, հենց դա է՝ լրացուցիչ սոցիալական բեռ չառաջացնենք մեր քաղաքացիների վրա։



- Բայց ասում են, որ կանգառների քանակից կախված՝ կարող է սակագինը թանկանալ։



- Գիտե՞ք ինչ, եկեք ավարտենք-վերջացնենք, հետո կխոսենք։



- Ավտոբուսային պարկն ինչպե՞ս կձեւավորվի, առկա ավտոբուսները բավարա՞ր են, թե՞ կբերվեն նաեւ նոր ավտոբուսներ։



- Այդտեղ արդեն խորհրդատուներն իրենց առաջարկները պետք է ներկայացնեն։ Բնականաբար, թե՛ մենք, թե՛ բնակչությունը, բոլորս ենք ցանկանում, որ ունենանք նոր ավտոբուսներ։



- Ե՞րբ պատրաստ կլինի նոր ցանցը։



- Ինձ թվում է՝ մինչեւ մյուս տարվա կես մենք ամբողջությամբ ցանցը կունենանք։



- Մետրոյի ցանցի հետ կապված ընդլայնում, զարգացում սպասվո՞ւմ է, քանզի երկար տարիներ է՝ խոսվում է նոր կայարանի բացման մասին, բայց դեռ նորություն չկա։



- Ինձ համար՝ որպես քաղաքապետ, դա շատ ցանկալի է, եւ մենք դեռ երկու տարի առաջ հայտարարեցինք, նախապատրաստում ենք նախագծեր, նախահաշիվներ Բարեկամություն-Աջափնյակ վարչական շրջան մետրոյի նոր կայարանի ստեղծման համար։ Աշխատանքներն արդեն ավարտական փուլին են մոտենում։ Դուք գիտեք, շատ մեծ ծախսերի մասին է խոսքը։ Արդյոք մենք պատրա՞ստ ենք դրա տակ մտնելու եւ նման վարկեր վերցնելու։ Հետագայում, ինձ թվում է, տնտեսական աճ եթե ունենանք, արդեն նոր կանդրադառնանք այդ հարցին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ