Առաջարկ կառավարությանը.Մենք պատրաստ ենք մեր միջոցներով պահել և ցուցադրել այդ մեքենան

Առաջարկ կառավարությանը.Մենք պատրաստ ենք մեր միջոցներով պահել և ցուցադրել այդ մեքենան

Ինչպես հայտնի է՝ աճուրդի է հանվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած Mercedes մակնիշի զրահապատ ավտոմեքենան։ Այն 80-ականների արտադրության W126 թափքով S-Class է՝ Mercedes-ի մոդելային շարքի ֆլագմանը։ Առաջին նախագահին սպասրակած մեքենան վաճառքի հանելու փաստը քննադատությունների առիթ տվեց, թե նախագահների մեքենաները, սովորաբար, թանգարանային նմուշներ են համարվում և պահվում են թանգարաններում, ինչու՞ են որոշել հանկարծ վաճառել այն։



Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան այս կապակցությամբ առաջարկ է ուզում անել ՀՀ կառավարությանը։



Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստ են վերցնել այդ մեքենան և պահել այն իրենց մոտ, խնամել, հոգալ պահպանման բոլոր ծախսերն ու նաև տոնական միջոցառումներին ցուցադրել այդ մեքենան՝ որպես թանգարանային նմուշ։



«Տվեք այդ մեքենան Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիային պահպանման և ցուցադրության համար։ Մենք ամբողջությամբ պատրաստ ենք ֆեդերացիայի միջոցներով պահել-պահպանել այդ մեքենան, նաև ցուցադրել այնքան ժամանակ, մինչև որ դրա հետագա ճակատագիրը որոշվի»,-ասաց Աղաջանյանը։ Նրա խոսքով՝ բոլորովին կարիք չկա, որ սեփականության իրավունքի փոփոխություն կատարվի, թող այդ մեքենան շարունակի մնալ ՀՀ կառավարությանն առընթեր Պետգույքի կառավարման վարչության բալանսում։



«Ես կարող եմ իմ համակարգչում ցույց տալ, օրինակ, Հեյդար Ալիևի մեքենաները, որոնք ցուցադրված են թանգարանում, այնտեղ «Վոլգա» կա, «ԶԻԼ» կա, «Չայկա» կա, այլ մեքենաներ կան, որոնք սպասարկել են Հեյդար Ալիևին, և դրանք այսօր թանգարանային նմուշներ են, մարդիկ այցելում են թանգարան՝ դրանք տեսնելու համար։ Հիմա ինչու՞ է մեր կառավարությունն այսօր ցանկանում վաճառել ՀՀ առաջին նախագահին սպասարկած մեքենան, եթե այն կարող են որպես թանգարանային նմուշ պահել։ Ի վերջո, այդ մեքենայի վաճառքից գոյացած գումարը շատ չնչին օգուտ կարող է տալ բյուջեին, մի քանի հազար դոլար է լինելու, արժե՞ արդյոք դրա համար վաճառել պատմական համարվող այդ մեքենան»,-նշեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ