Ռեյտինգային հարեւանս

Ռեյտինգային հարեւանս

Մեր հարեւան Շմավոնը երեկ եկավ մեր տուն, թե` կարեւոր բան ունեմ ասելու:



- Հա, Շմավոն ջան, արի, արի ներս, ի՞նչ է պատահել…
Շմավոնս ինձ շրջանցեց նեղ միջանցքում ու ինձնից շուտ հասավ հյուրասենյակ:



- Սուրճ կխմե՞ս:



- Չէ, նոր եմ խմել:



- Դե ասա, ի՞նչ է եղել:



- Հարեւաններին դեռ բան չասես, բայց մտել եմ ռեյտինգային ցուցակ:



- Շատ լավ է, Շմավոն ջան: Թե չէ մտքովս հազար վատ բան անցավ: Ո՞ւմ ցուցակն ես մտել:



- ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի:



- Ո՞նց, չի կարող նման բան լինել, գնա՝ մի տեղից դուրս արի, կբռնվես:



- Ո՞վ կբռնի:



- Մուկուչյանը:



- Ո՞վ:



- Մուկուչյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հենց որ քվեաթերթիկները տպեն, կերեւա, որ երկու տեղ ես ցուցակ մտել: Այնպես որ, հենց վաղը կգնաս, մի տեղից կհրաժարվես: Էլ առաջվանը չէ, որ երկու շտաբում աշխատես:
Շմավոնը մտքերի մեջ ընկավ: Երեւի մտածում էր` որ ցուցակից հրաժարվի:
Վերջապես խոսեց.



- Լավ, հասկացա: Բայց դրա համար չէի եկել: Ուզում եմ իմանալ` ի՞նչ է այդ ռեյտինգային ցուցակը: Բոլորն այդ մասին են խոսում:



- Շմավոն, քեզ իրո՞ք ընդգրկել են ռեյտինգային ցուցակում:
Գլխով արեց.



- Հա, էն էլ՝ 2 տեղ:



- Եվ չգիտես ինչ է ռեյտինգային ցուցա՞կը:



- Իմ արեւ, չգիտեմ:



- Ուրեմն օրենսգիրքն էլ չես կարդացել:



- Չէ:



Իմ առջեւ ՀՀ ԱԺ ապագա հնարավոր պատգամավորն էր նստած` փորձանք, բառիս բուն իմաստով: Որոշեցի խելքի բերել Շմավոնին:



- Ռեյտինգային ցուցակ մտնելը, Շմավոն ջան, ո՞նց ասեմ, ոնց որ կամավոր բանակ գնալ է, ինքնազոհողություն, հանուն կուսակցության կամ դաշինքի` սեփական միջոցների վատնում:



- Յա՛…



- Բա՞:



- Ինձ ուրիշ բան են ասել:



- Ի՞նչ են ասել:



- Հարցրին` կուզե՞ս մեր ցուցակով առաջադրվել, ես էլ ասի` հա:



- Հետո՞:



- Հետո էլ այն, որ հարցրին` քանի՞ ձայն կբերես:



- Եվ դու սկսեցիր գլուխ գովել` հազար…



- Չէ, 3 հազար եմ ասել:



- Ու գրեցի՞ն ցուցակում:



- Հա:



- Դե, շնորհավորում եմ, ապրես, շուտով քեզ համար կբացվի հանրօգուտ աշխատանքով զբաղվելու սեզոնը:
Ես գիտեի, որ Շմավոնը երբեք հանրօգուտ աշխատանքով չի զբաղվել, եւ աշխատել` նրա համար նշանակել է մտնել այնպիսի հարաբերությունների մեջ, որ համ տունը լցնի, համ էլ իր քեֆին ման գա: Թե ում հաշվին կլինի դա, երբեք չի հետաքրքրել նրան: Ահավասիկ, ինքն էլ է խոստովանում, որ եւ ՀՀԿ-ի, եւ ԲՀԿ-ի շտաբներում է եղել: Եվ հանկարծ պարզվում է, որ պետք է հանրօգուտ աշխատանքով զբաղվի…



- Չհասկացա, ի՞նչ հանրօգուտ աշխատանք, ի՞նչ կամավոր բանակ: Ես ինձ համար եմ ձայն հավաքելու, իմ անունն է գրված, մարդիկ քվեարկելու են ինձ:



- Շատ ճիշտ ես, Շմավոն ջան: Քո անունը գրված կլինի քվեաթերթիկի հակառակ երեսին, բայց դու հո գիտես, որ թեկուզ 3 հազար ձայնով Հայաստանում պատգամավոր չեն դառնում: Քո ամեն մի ձայնը, Շմավոն, նշանակելու է մեկ ձայն հօգուտ այն կուսակցությանը կամ դաշինքին, որի քվեաթերթիկի վրա կլինի քո անունը: Փաստորեն, ընտրելով քեզ, մարդիկ ընտրելու են, այն էլ առաջին հերթին, տվյալ կուսակցությանը կամ դաշինքին: Հասկացա՞ր:



- Բա ե՞ս ինչ եմ լինելու:



- Երեք հազար ձայն բերելը վատ ցուցանիշ չէ: Եթե ձերոնք անցնեն, ապա, որպես լավ ակտիվիստի, քեզ գուցե հրավիրեն նշելու այդ իրադարձությունը, կասեն շնորհակալություն, Շմավոն Նիկոլայիչ, հնարավոր է` կենացդ էլ խմեն, որ անշահախնդիր ձեւով ինքնանվիրվել ես ընդհանուր գործին:



- Ու վե՞րջ: Իսկ պատգամավոր ո՞վ է դառնալու:



- Վայ, քո տունը շինվի: Մարդ չկա՞…



- Ուզում ես ասել` իզո՞ւր եմ չարչարվելու:



- Ոչ, ոչ, ես այդպիսի բան չեմ ասել: Ասել եմ` չարչարվելու ես ընդհանուր գործի համար: Հաշվիր` կամավոր բանակ ես գնացել:



- Էյ, հե՛յ…



- Չէ, հույսդ մի կտրիր այդքան շուտ: Գնա, շեֆերիդ հետ խոսիր, փորձիր հասկանալ, թե քեզնից առաջ ովքեր են արդեն խոսել, ինչ են խոսել: Դու վարժ ես այդ հարցերում: Բայց մինչ այդ, օրենքը գոնե մեկ անգամ կարդա: Հարցեր կտան` չես իմանա, լավ չի լինի:
Շմավոնն ուշադիր լսում էր, իսկ նրա գլուխը կամաց-կամաց քաշվում էր ուսերի մեջ: Վերջում Շմավոնի միջից հառաչանք լսվեց.



- Ասում ես` տենց, էլի…



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ