Սեքս-շոփ կամ` հորինված թեմա

Սեքս-շոփ կամ` հորինված թեմա

Այնքան ենք տարվել քաղաքականությամբ, որ մեր երիտասարդներին ամբողջությամբ աչքաթող ենք արել, մատնել ինքնահոսի: Ու քանի դեռ հայրիկ-մայրիկներն ու պապիկ-տատիկները քաղաքականությամբ են տարված, երիտասարդները, ուրիշ զբաղմունք չունենալով` թեմա են մեջտեղ բերել` Երևանին (Հայաստանին) սեքս-շոփեր պե՞տք են, թե՞ պետք չեն:



Սպանում է առաջին հերթին թեմայի անհեթեթությունը: Բայց երբ անհեթեթ թեման բարձրացվում է ու ընդգրկում անսպասելի մեծ լսարան, ինչպես Ֆեյսբուքում արված խնդալու գրառումը, սկսում ես մտածել` որ այդ հողի վրա (այս դեպքում` սեքսի) մտահոգների մեծ բանակ ունենք, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում քաղաքականությունից զատ և քաղաքականությունից դուրս նաև սեքս կա:



Հասարակության մասին կարծիք կազմելու համար կա մի հին ու փորձված եղանակ: Հասարակության մեջ մի կեղծ թեմա, կեղծ ինֆորմացիա ես գցում և համբերությամբ հետևում, թե ինչպես է տվյալ հասարակությունն այն մարսում, ինչպես է գնահատում ու ինչպես է արձագանքում: Սովորաբար ընտրում են լավ մտածված սուտ կամ թեմա, ժամանակին համահունչ: Խորհրդային ԿԳԲ-ն, բնականաբար, չէր կարող սովետական ժողովրդին փորձելու համար հասարակական քննարկման հարց դարձնել սեքս-շոփերի խնդիրը` պե՞տք են դրանք, թե՞ պետք չեն: Այն ժամանակ նույնիսկ մի թևավոր խոսք էր տարածվել` ԽՍՀՄ-ում սեքս չկա: Երիտասարդները գուցե չհավատան, բայց սեքսի մասին գրելու վրա նույնիսկ տաբու էր դրված: Այսօր ազատություն է, չկան արգելված թեմաներ: Կապանքներից զերծ է նաև սեքսի թեման, և, ինչպես համոզվեցինք օրերս մի հրապարակումից հետո, այն երիտասարդների շրջանում «ձգում է» թիվ մեկ թեմայի: Վատ չէ, իհարկե, նույնիսկ բնական է, որ հենց երիտասարդությանն է այն հուզում ամենից շատ, բայց ինչո՞ւ հենց սեքս-շոփով սկսել քննարկումը: Ի՞նչ է, երբ հոմո սապիենսը սեքսով էր զբաղվում, կողքի թփի տակ սեքս-շո՞փ կար: Իսկ գուցե մեր երիտասարդները մտածում են, թե հնագույն ժամանակներում մեր ազգակիցների մեջ եղած միայնակ առանձնյակները հավերժորեն տառապել են սեռական անբավարարվածությամբ ու այդ վիճակից ելքը չեն գտել, որովհետև սեքս-շոփ չի՞ եղել:



Մարդը, թերևս, միակ կենդանին է, որ իր զարգացման ընթացքում աստիճանաբար սկսել է սեքսին վերաբերվել գիտակցորեն: Գալիս է մի շրջան, երբ արդեն գիտակցությունն է կարգավորում մարդու սեքսուալ կյանքը: Մարդը սկսում է իր սեռական կյանքը թաքցնել ցեղի մյուս անդամներից, դադարում է արահետի եզրին սեքսով չզբաղվել, վերջապես, հասնում է մի մակարդակի, որ փորձում է սեռական դավաճանությունը թաքցնել իր զուգընկերոջից` ներքուստ այն համարելով դատապարտելի արարք:



Մենք հիմա գտնվում ենք մի տեղ, երբ հակառակ պրոցեսն է, կարծես, սկսվում: Մեր երիտասարդներին հետաքրքրում է` սեքսը պետք է գաղտնի՞ մնա թե՞ լինի բացահայտ, մարդիկ պետք է ամաչե՞ն խոսել իրենց սեքսուալ կյանքի մասին, թե՞ պիտի բացահայտ հայտարարեն` ինչպե՞ս, ում հետ, ինչո՞վ, ի՞նչ եղանակով են բավարարում իրենց սեռական ցանկությունը: Դիմում են հարցման մասնակցին` մեզ սեքս-շոփ պե՞տք է, թե՞ պետք չէ: Ցանկացած նորմալ մարդու դեմքին շփոթված ժպիտ է գոյանում, առավել կարդացածները սկսում են փիլիսոփայել երևույթի շուրջ, առավել համարձակները պատասխանում` այո կամ ոչ: Հարցվածներից ոչ մեկը, սակայն, չի էլ խորանում հարցի մեջ, որ մարդը պարզապես չի կարող հետ գնալ իր զարգացման ճանապարհով, անկեղծ արտահայտվել ու մանավանդ հայտարարել, որ այո, ինքը օգտվում է սեքս-շոփի ծառայություններից ու իր կյանքն առանց այդ խանութի չի պատկերացնում:



Ի՞նչ է սեքս-շոփը. առևտրի կե՞տ, ծառայությո՞ւն, տեսարժան վա՞յր, ղժժալու բա՞ն: Ոչ: Դա մի ամբողջ ինդուստրիա է, որ վերջնահաշվում փող է բերում որոշակի խմբի մարդկանց` ի հաշիվ մյուսների` իրենց սեռական կյանքը հասարակությունից թաքցնելու բնական ռեֆլեքսի: Երբ ստեղծվեց առաջին համակարգիչը, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ մի օր այդ համակարգիչն ունենալու է այնքան աքսեսուարներ, որոնց հավաքածուն գնային առումով կրկնակի կամ եռակի անգամ կգերազանցի համակարգչի արժեքը: Այսօր գնեք ձեր բջջայինի համար պատյան, ականջակալ-խոսաափող, կաշվե տոպրակ, գոտու հարմարանք, թաղանթապատեք էկրանը, միացեք զանազան ծառայությունների ու կպարզվի, որ բավականին թանկ եք վճարում ընդամենը հեռախոս ունենալու համար: Սեքսի բնագավառի առաջին համակարգիչը, սիրելի երիտասարդներ, սովորական պահպանակն է եղել: Մյուս սեքս խաղալիքներն այդ պրիմիտիվ առարկայի աքսեսուարներն են, չեղած բանից փող կպցնելու` մարդու անսպառ երևակայության արդյունք: Ծանո՞թ եք սեքս-շոփերում վաճառվող ապրանքների գովազդներին: Դրանք չեն տարբերվում, օրինակ, երևանցիներին Երևանում անմոռաց հանգստի հրավիրող գովազդներից, որոնք 5 րոպեն մեկ հնչում են տարբեր ռադիոեթերներից. երկարացվող բառեր, ծոր տալով խոսող աղջիկ, թասիբի գցող երիտասարդ տղայի ձայն` ձեզ սպասվում է թագավորներին վայել հանգիստ` շեղաչք կամ խափշիկ մերսուհիների օգնությամբ: Նույնը չէ՞, արդյոք, եթե մարդուն խնդրես հրապարակավ հայտարարել` հասարակաց տուն գնո՞ւմ է, թե՞ չի գնում:



Նույնիսկ հիմա, երբ մարդը սկսել է բացահայտ խոսել նաև իր սեռական կողմնորոշումների մասին, չի թվում, թե կգան ժամանակներ, երբ մարդիկ հասարակական տրանսպորտով կերթևեկեն սեքս-շոփից կատարած գնումներով ծանրաբեռնված` պայուսակներից երևացող ֆալլոիմիտատորներով կամ իրենց սեքս-տիկնիկին գրկած. լինի դա ժնևյան տրամվայ կամ երևանյան «Գազել»: Հետևաբար բացարձակապես տեղին չէ մեր երիտասարդների մտասևեռումն այնպիսի «լուրջ» թեմայի վրա, ինչպիսին սեքս-շոփի թեման է: Պետք չէ հույս տածել, որ մեկը կկանգնի ու կասի` այո, դա անհրաժեշտություն է, ես հաճախ եմ այցելում և այնտեղից ձեռք բերում ինձ անհրաժեշտ սեքս-աքսեսուարը: Նորմալ երկրներում, որտեղ ի դեպ քիչ չեն սեքս-շոփերը, մարդիկ ցույց են տալիս, թե դրանց գոյությունը չեն էլ նկատում: Չես կարող բացառել, որ նրանց տունը լիքը չէ այդ խաղալիքներով, բայց դա պատճառ չէ, որ մարդը քեզ խոստովանի ամեն ինչ: Չգիտեմ, կարողացա՞ բացատրել հարցի նրբությունը:



Երևանում փակվեց միակ սեքս-շոփը: Ցույցեր չեղան: Ի՞նչ եք կարծում, ցույցեր կլինե՞ն ԱՄՆ-ում, եթե Թրամփը հրամանագիր ստորագրի սեքս-շոփերը փակելու մասին: Չեմ կարծում, իսկ եթե լինեն էլ, մարդիկ փողոցում չեն կանգնի` «Տվեք մեզ ֆալլոիմիտատոր», «Ձեռքներդ հեռու սեքս-տիկնիկներից» կարգախոսներով: Գուցե բողոքեն բիզնեսի կանոնները ոտնահարելու դեմ, բայց ոչ երբեք սեքս խաղալիքներն իրենցից խլելու: Սեռական կյանքի գաղտնիությունը, կոպիտ ասած` ասունի և ան-ասունի միջով անցնող սահմանագիծն է: Երբ դիմում ես մարդուն, որպեսզի նա քեզ պատմի ամեն ինչ իր սեքսի մասին, մեղմ ասած` փորձում ես տեսնել` նա կանցնի՞ այդ սահմանը, թե՞ ոչ:



Կարդում եմ հոդվածը` «Սեքսս գաղտնի թող մնա»: Հեղինակը մի շնորհալի երիտասարդ է, ծանոթ եմ նրա այլ հոդվածների, նաև գեղեցիկ կինոքննադատություններ ունի գրած: Եւ  այնքան խելացի է, որ անձամբ չի պատասխանում հարցին` սեքս-շոփ պե՞տք է, թե՞ պետք չէ: Նա կարծիք չունի կամ գաղտնի է պահում դա` փոխարենը ծաղրելով (ես այդպես հասկացա) հայերի ոչ այն է հետամնացությունը, ոչ այն է ծածկամտությունը` որ տակից ամեն ինչ անում են, բայց մի շատ սովորական հարցի չեն պատասխանում կամ ամաչում են պատասխանել: Հեղինակը ձայնագրիչը շտապ դեմ է տալիս մյուս քաղաքացիներին: Իսկ ո՞ւր է քո՞ կարծիքը, բարեկամ:



Էդիկ Անդրեասյան