Ձեւավորելով Ճարտարապետների պալատ՝ կստեղծենք մենաշնորհ, որն արդեն գոյություն ունի

Ձեւավորելով Ճարտարապետների պալատ՝ կստեղծենք մենաշնորհ, որն արդեն գոյություն ունի

«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որ տարիներ շարունակ քննարկումների էր դրվել, 2016-ի դեկտեմբերին ընդունվեց կառավարության կողմից։ Այդ օրենքի ընդունմամբ ստեղծվելու է «Հայաստանի ճարտարապետների պալատ» ոչ առեւտրային, ոչ կառավարչական մի հաստատություն, որի գործունեությունը կկանոնակարգվի ինքնակարգավորման սկզբունքով, այլ կերպ ասած՝ Ճարտարապետների պալատը դառնալու է Ճարտարապետների միության ժառանգորդը։ Պալատը կիրականացնի ճարտարապետների արտոնագրում եւ գրանցում, էթիկայի կանոնների հաստատում եւ դրանց կատարման վերահսկում, ուսուցման ծրագրերի մշակում, դասընթացների կազմակերպում ու անցկացում։ Ճարտարապետների պալատն ունենալու է նաեւ խորհուրդ եւ հանձնաժողովներ, բայց դրանք կձեւավորվեն, եթե օրենքն ԱԺ-ում էլ հաստատվի։ Ի դեպ, կառավարության հավանությանն արժանանալուց առաջ օրենքը Ճարտարապետների միությունում հրավիրված ընդհանուր ժողովում 145 կողմ, երկու դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունվել է։ Շատ է, թե քիչ՝ դժվար է ասել, նկատենք միայն, որ Ճարտարապետների միությունն ունի մոտ 670 անդամ։ Ինչպես օրենքի մշակմանը մասնակցած ճարտարապետներն են նշում՝ տեղայնացվել է ֆրանսիական փորձը, եւ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի հիմքում ֆրանսիական օրենսդրությունն է։ 



Ճարտարապետ Կարեն Բալյանի դիտարկմամբ՝ այն, որ որոշումը ՃՄ-ում ընդունվել է ներկաների մեծամասնության կողմից, իր բացատրությունն ունի․ «Ինչո՞ւ, այնուամենայնիվ, համատարած ընդունվեց ներկաների կողմից, գլխավոր խնդիրն այն է, որ ճարտարապետներն իրենց զգում են չպաշտպանված։ Երբ ես քննադատում եմ մասնագիտությանը՝ իր ներուժը չգտնելու մեջ, հիմնական առարկությունն այն է, որ մեզ ճնշում են, պատվիրատուն մեզ ստիպում է։ Իսկ ինչո՞ւ պատվիրատուն չպետք է ստիպի, նրանք ցանկանում են մաքսիմալ շահ ունենալ»։



Այն դիտարկմանը, թե այդ անպաշտպանությունը չպե՞տք է ստիպի ճարտարապետներին ի շահ իրենց ընդունել այնպիսի մի օրենք, որը կպաշտպանի իրենց, Բալյանը նշեց. «Շատերին թվում է, որ պալատն այն է, ինչն իրենց կպաշտպանի եւ կկարգավորի ճարտարապետական խնդիրները, բայց մեր ճարտարապետական խնդիրները միշտ ճարտարապետական հաստատությունների միջով են անցել՝ գլխավոր ճարտարապետի, Պետշինի, երբեւիցե չի եղել, որ ճարտարապետական խնդիրները շրջանցվեն մասնագիտական ինստիտուտների կողմից։ Մարդիկ մտածում են՝ գոնե ամուր մի օղակ լինի, որն օրենքի ուժ ստանա։ Սա արտաքին կողմն է միայն, բայց կա նաեւ ներքին կողմը։ Նախ՝ ինչո՞ւ պետք է դա աշխատի, ի՞նչն է փոխվելու, փոխվելո՞ւ է արդյոք պատվիրատուից կախված լինելը, եթե մենք չունենք սահմանափակող որեւէ կարգավիճակ։ Ի՞նչ կապ ունի՝ առանձի՞ն ճարտարապետ է, թե՞ պալատի անդամ։ Բոլոր այդ խոշոր կառույցները, որոնք, միանշանակ, անհաջող են, կառուցված են պրոֆեսիոնալների կողմից, որոնք սխալներ են թույլ տվել։ Ուրեմն ինչո՞ւ պետք է այդ նույն մարդիկ փոխվեն՝ լինեն նրանք պալատի անդամ, թե պալատից դուրս»։



Բալյանը բերում է Մոսկվայի օրինակը, երբ պալատը գործում է Ճարտարապետների միության ներսում, դրա մասին նա բազմիցս ասել է ՃՄ-ում. «Պալատը պետք է լինի միայն ու միայն միության մեջ, որովհետեւ պալատի անդամները թվով սահմանափակ ճարտարապետներ են, միայն նրանք, ովքեր գործնական նախագծողներ են, բայց մենք ունենք նաեւ այլ բնույթի մասնագետներ՝ պատմաբան կամ տեսաբան ճարտարապետներ, դասախոս ճարտարապետներ։ Ընդհակառակը՝ գուցե միությունը պետք է ընդլայնվի, օրինակ՝ սոցիոլոգներ, պատմաբաններ հրավիրի իր կազմի մեջ, որպեսզի կարողանա բազմակողմանի քննարկել ստեղծված ճգնաժամային իրավիճակը ու դրանից դուրս գալու ուղիները»։



Ըստ ճարտարապետի, իրավիճակն ավելի քան պարզ է. «Ենթադրենք՝ մենք վերցրել ենք ֆրանսիական օրենսդրությունը, թեկուզ տեղայնացված մեզ համար, բայց մի՞թե մեր ճարտարապետական որակն ու կարգապահությունը համապատասխանում են Ֆրանսիային։ Քանի՞ օրինակ կարող ենք բերել Ֆրանսիայից, երբ ճարտարապետները հավաքվում են եւ, կարելի է ասել՝ աղավաղում իրենց մայրաքաղաքը։ Այսպիսի տարբերակ ունե՞նք Ֆրանսիայում։ Տարբեր իրավիճակներ են, եւ օրենքն այստեղ չի օգնի, թեեւ տարբեր երկրներում խնդիրները պալատի ստեղծմամբ են կարգավորում, եւ հաջողությամբ է դա արվում, բայց պալատի ստեղծման գաղափարը ոչ երեկ, ոչ էլ այսօր ի հայտ եկավ, արդեն 7-8 տարի է՝ այդ միտքը կար։ Այնուամենայնիվ, Ճարտարապետների միությունը, այսպես թե այնպես, այս տարիների ընթացքում որոշ չափով միավոր էր, որտեղ ձայներ էին լսվում այն միտումների դեմ, որոնք արդեն բացահայտ դարձան 2000-ականների սկզբից, եւ այդ միտումները գնալով թափ առան. բոլորս գիտենք, թե այդ ընթացքում ինչպիսի խոշորագույն վրիպումներ տեղի ունեցան քաղաքաշինության ասպարեզում։ Այդ վտանգների մեջ ամենակարեւորներից մեկն այն է, որ պալատը մի հարվածով իրենից դուրս է թողնում ճարտարապետների մի զգալի զանգված։ Բոլոր նրանք, ովքեր պրակտիկ նախագծողներ չեն՝ պալատի անդամ չեն, բայց եթե դա լիներ միության մեջ, գոնե ինչ-որ շանսեր կլինեին։ Պալատի բոլոր անդամների նպատակն է լինելու իրենց գործն առաջ տանելը, այստեղ շատ էգոիստական իրավիճակ է ստեղծվելու։ Նրան ձեռնտու չի լինի քննադատել մյուսի գործը, որովհետեւ այդ մյուսն էլ իրեն կքննադատի։ Սա կլինի այն լուռ համաձայնությունը, որը հիմա էլ կա, ասենք, քաղաքաշինական խորհրդում։ Մինչդեռ պետք է լինեն մարդիկ, որոնք դուրս են այդ ամենից։ Մենաշնորհ պալատ կազմելն ինձ հիշեցնում է 1932-ի որոշումը, երբ բոլոր ճարտարապետներին պարտադրեցին ստեղծել ստալինյան տոտալիտար ճարտարապետություն»։



Բալյանի կարծիքով՝ կոռուպցիոն ռիսկերն էլ շատ մեծ են լինելու պալատի կողմից իրականացվող մրցույթների ժամանակ. «Հիմա, օրինակ, Մոսկվան ամեն ինչ մրցույթների միջոցով է անում, դուք կարծում եք որակը դրանից բարձրացե՞լ է, բնավ, ով ինչ գիտի, նա էլ անում է։ Ընդ որում՝ մրցույթներին շատ սահմանափակ շրջանակի արվեստանոցներ են մասնակցում»։



Կարեն Բալյանն անդրադառնում է նաեւ երիտասարդ ճարտարապետների ներգրավվածությանը պալատում, ինչը շատ կարեւոր եւ իրեն մտահոգող խնդիր է։ «Երիտասարդները պետք է գան ու մտնեն պալատ՝ համապատասխանելով պալատի սկզբունքներին։ Մեր այսօրվա վիճակում նման բան ստեղծել՝ նշանակում է հիմնավորել այն, ինչ ստեղծել ենք վերջին քառորդ դարում։ Սա ամենավտանգավոր միտումն է, եւ երիտասարդը որպեսզի աշխատի, պիտի գա դառնա պալատի անդամ, իսկ որպեսզի դառնա պալատի անդամ, պետք է համապատասխանի այն սկզբունքներին, որոնք պալատի մեջ են»,-ասում է նա ու ընդգծում, որ մեր ճարտարապետությունն այսօր պահանջ ունի ամբողջովին փոխվելու եւ արդիականացվելու, բայց արդիականացումը կարող է լինել միայն սահմանափակումների միջոցով. «Այսինքն, երբ արգելենք որեւէ հին կառույց ոչնչացնել կամ կենտրոնում բարձրահարկ շենքերի շինարարություն անել, եթե դա չլինի, ոչ մի պալատ չի փոխվի, միայն կամրացնի այն միտումները, որ այսօր կան, ավելին՝ կարգելափակի երիտասարդների նոր հոսքը, հատկապես ալտերնատիվ մտածող ճարտարապետների հոսքը։ Ինձ հետաքրքրում է, որ ճարտարապետական որակը բարձրանա, իսկ պալատում ստեղծելու ենք մենաշնորհ, որն արդեն գոյություն ունի։ Մենք ամենաբարդ պահին ցեմենտում ենք, ամրացնում այն, ինչ կա, մինչդեռ պետք է փորձեինք այդ ամբողջը շտկել։ Պալատը ոչ այդ կռվանները կունենա շտկելու, ոչ էլ նպատակներ, նրան պետք չի լինի դա շտկել, որովհետեւ պալատի մեջ կլինեն այն մարդիկ, ովքեր այսօր ստեղծել են այդ ճարտարապետությունը։ Ես ասում եմ, որ դա չի կարող լինել այն ձեւով, ինչպես կա, նախ՝ առանց այն սահմանափակումների, որոնք պետք է դրվեն նախեւառաջ ճարտարապետների առջեւ։ Մասնագիտությունն ուժ պետք է գտնի իր մեջ, որ այդ ամեն ինչն անի, իսկ դա չի անի նախագծող ճարտարապետը, նա ինքն իր կոկորդին չի կանգնի»։
Ինչ վերաբերում է էթիկայի կանոնների հաստատմանը, որն այսուհետ օրենքով կկարգավորվի, ապա. «Եթե էթիկա նշանակում է քննադատության իրավունքից զրկել, իսկ այսպիսի ցանկություն կա, եւ պալատի ստեղծման իրական կողմերից մեկն էլ դա է, կարծում եմ՝ պալատի մեջ չի լինի քննադատություն, քանի որ շահ չկա քննադատելու մյուսին, բոլորը նույն գործով են զբաղված, եւ բոլորի նպատակն է իր նախագիծը հասցնել իրականացման»։



Կարեն Բալյանը չի տեսնում որեւէ պատճառ, որով օրենքը պետք է ճարտարապետության որակը բարձրացնի, ավելին՝ տեսնում է բազմաթիվ վտանգներ․ «Նախ այն, որ մենաշնորհ է մտնում, հետո՝ գործող ճարտարապետների զգալի մասը դուրս է մնում այդ պրոցեսից, եւ երիտասարդն էլ իր մուտքի տոմսը կարող է գնել՝ միայն համապատասխանելով պալատի անդամներին։ Մենք այդ բազմազանությունը չենք ունենալու, ուրիշ բան, որ միությունը չունեցավ ոչ այն մասնագիտական ներուժը, ոչ էլ կռվաններ, որ կիրառեր եւ դադարեցներ այս ամբողջ իրավիճակը։ Կառավարությունն ընդունեց այս օրենքը, եւ հիմա էլ ԱԺ պետք է մտնի, հնարավոր է այնտեղ էլ շատ հեշտ անցնի։ Այսօր մեր ճարտարապետները մի բան պետք է հասկանան, որ այլեւս չկա ЦК КПСС, ոչ էլ Հայաստանի կենտկոմ, եւ ոչ 32-ի միությունների որոշումը կլինի, ոչ էլ 54-55-երի որոշումները, երբ մերժվեց ստալինյան տոտալիտար ճարտարապետությունը, եւ առաջ քաշվեց արդիական ճարտարապետություն ստեղծելու պահանջը։ Այս որոշումներն արդեն չկան, պետությունը թույլ է տվել ճարտարապետներին որոշել իրենց ուղին, եթե պետք է դրա համար պալատ ստեղծել՝ ստեղծեք, միայն թե տվեք լավ ճարտարապետություն։ Մենք սովոր ենք, որ մեզ վերեւից միշտ ցույց է տրվել, թե ինչ ճարտարապետություն պետք է ստեղծվի։ Այսօրվա պալատն այդ նույն ճանապարհով է գնում, այդ միտումն արդեն տեսնում ենք»։ 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ