Քոչարյանի դաշինքում խոստանում են բացահայտել Մարտի 1-ը

Քոչարյանի դաշինքում խոստանում են բացահայտել Մարտի 1-ը

Երեկ, մինչ միս ու արյուն կստանար նախընտրական եւս մի դաշինք, այն էլ բավականին սպասված, խոսքը պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր հայտ ներկայացրած Սեյրան Օհանյանի կողմից համակարգվող դաշինքի մասին է, դաշինքի պոտենցիալ հավակնորդներից Վիկտոր Դալլաքյանն աղմկահարույց բացահայտումներ արեց՝ «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակում առավոտյան ասուլիս տալով եւ որոշ մանրամասներ ներկայացնելով։



Հիշեցնենք, որ Դալլաքյանը, Արամ Գասպարի Սարգսյանը եւ Վարդան Օսկանյանը շաբաթներ առաջ հուշագիր էին ստորագրել՝ ընտրություններին դաշինքով մասնակցելու հեռանկարի վերաբերյալ, իսկ գործընթացը համակարգում էր Սեյրան Օհանյանը։ Ավելի ուշ դաշինքին իրենց աջակցությունը հայտնեցին Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը, Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը։ Անցած շաբաթ, սակայն, մեզ արդեն հայտնի էր դարձել այդ ուժերի փխրուն համագործակցության ու դրա տապալման հնարավորության մասին, քանի որ դաշինքաստեղծ գործընթացն իր վրա էր վերցրել Արցախի հերոս, բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։



Մինչ երեկ Վիկտոր Դալլաքյանի հանդես գալը, անցած շաբաթ Արամ Սարգսյանը հայտարարեց համագործակցությունը կասեցնելու մասին, Պարույր Հայրիկյանն էլ բարձրաձայնեց ցուցակի շուրջ գզվռտոցների մասին։ Վերջինը Դալլաքյանն էր, ով երեկ հայտարարեց, որ Սեյրան Օհանյանի հետ գործակցությունը դադարեցնում է միավորված քաղաքական ուժերի մեջ «ստվերային գործարքների» առկայության պատճառով․ «Ցանկացած համաձայնագիր պետք է ունենա տրամաբանություն, որը պետք է նախանշվի սկզբունքներով, որոնք պետք է ներկայացվեն հանրությանը, պետք է լինի աշխատանքային կանոնագիրք, պետք է քննարկումներ լինեն, որով ծրագրերը պետք է համադրվեն: Սակայն քննարկում չի եղել, համապատասխան պլատֆորմները չեն ձեւավորվել»:



Դալլաքյանը չհերքեց նաեւ Բաբայանի ազդեցության փաստը։ Պատմեց, որ փետրվարի 6-ին իրենց կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանն ու համամասնական ցուցակի էսքիզը ներկայացրել իրեն: Այն ներկայացվել է նաեւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին: «Սամվել Բաբայանը «Համախմբման» անդամ է եւ նրանց լոբբինգն էր անում»,- ասաց Դալլաքյանը:




Ցուցակում առաջին տասնյակի անուններն էին` Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թեւանյան, Վահե Հովհաննիսյան, 7-րդ տեղում՝ Արմեն Մարտիրոսյան, «Համախմբման» անդամ Սուսան Մուրադյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան:



«10-ից 7-ը «Համախմբման» անդամներ են»։ Դալլաքյանը վստահեցրեց, որ Հայրիկյանի հայտարարած «գզվռտոցի» պատճառով չէ, որ լքում է, իր համար կարեւոր չէ, թե կոնկրետ ցուցակի որ համարը կզբաղեցնի ինքը, կարեւոր է այն, որ ցանկացած դաշինքի ցուցակ պետք է կազմվի այնպես, որ դրանում ընդգրկված կուսակցությունները խորհուրդ ձեւավորելու հնարավորություն ունենան: Իսկ այդ խորհուրդը համապատասխան քննարկումների արդյունքում պետք է ձեւավորի համապատասխան ցուցակ: Դրա հիման վրա պետք է ժողովրդին ներկայացվի ծրագիր եւ այն, թե այդ ծրագիրը որ ուժերն ու անհատները պետք է իրագործեն:



«Եվ ոչ թե պետք է մի անձնավորություն ցուցակ ներկայացնի կուսակցության ղեկավարին եւ ներկայացնի համապատասխան մոտեցումներ: Այս մոտեցումն է մեզ համար անընդունելի: Ըստ էության, Սեյրան Օհանյանն այսպիսով ընդունում է, որ իր բազան «Համախմբում» կուսակցությունն է: Սա քաղաքական ու քաղաքագիտական տեսանկյունից անընդունելի է: Սա է պատճառներից մեկը, որ մենք դադարեցրել ենք համագործակցությունը համապատասխան կուսակցության հետ: Ես պատրաստ եմ լինել ցանկացած ցուցակի վերջին համարը, եթե կա համապատասխան պլատֆորմ եւ դա իրականացնելուն ուղղված քաղաքական թիմ, որը ձեւավորվել է այդ կուսակցությունների համագործակցության արդյունքում»,- ասաց նա:



Մեզ մի քանի հարց էր հետաքրքրում, մասնավորապես՝ Սամվել Բաբայանը հենց սկզբի՞ց է դերակատարում ունեցել այդ համագործակցությունում։ Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց, որ ի սկզբանե համագործակցությունը ձեւավորվել է չորսի միջեւ՝ Օսկանյանի, Սեյրան Օհանյանի, իր եւ Արամ Գասպարիչի, իսկ թե ում հետ է կապ ունեցել Բաբայանը եւ ինչ դերակատարմամբ, Դալլաքյանը տեղյակ չի եղել։
Հարցրինք նաեւ՝ Սեյրան Օհանյանի համար ընդունելի՞ էին Սամվել Բաբայանի մոտեցումները, թե՞ Բաբայանը կարողացել է ազդել նրա վրա։



«Սեյրան Օհանյանն այն անձնավորությունը չէ, որ իր նկատմամբ կարողանան ճնշումներ գործադրել, միեւնույն ժամանակ, քանի որ Սեյրան Օհանյանը նոր է մտնում քաղաքական ասպարեզ, կարող էին որոշ մարդիկ նրա քաղաքական անփորձությունն օգտագործել այլ-այլ նպատակներով»։ Հետաքրքրվեցինք, թե Բաբայանն ինչպես էր հիմնավորում իր առաջարկները, ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցության մասին հարցրինք։ Դալլաքյանը խուսանավեց ուղիղ պատասխանից եւ ասաց․ «Առավել եւս այդպայմաններում ես ի՞նչ գործ ունեմ այդ համագործակցության մեջ, ես գործ չունեմ»։ 



Դալլաքյանի ասուլիսից մեկ ժամ անց երեւանյան առաջակարգ հյուրանոցներից մեկում հանդիսավորությամբ ստորագրվեց Օհանյանի դաշինքի հուշագիրը, որը պաշտոնապես ստացավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» անվանումը։ «Ժառանգությունից» եւ «Համախմբումից» բացի, դաշինքում եւս երկու կուսակցություն կլինի՝ «Արդարությունը» եւ Տիգրան Կարապետիչի ԺԿ-ն, ինչպես նաեւ Ամարասի Արթուրի «Միասնական Արմենիան», «Կարմիր բերետավորներ», «Արդար դատարան» ՀԿ-ները։ Հանդիպման պաշտոնական արարողակարգից եւ իշխանափոխության մասին խոստումներից հետո Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հայտնվեցին լրագրողների «օղակում», թեպետ հայտարարել էին, որ չեն խոսելու՝ առաջիկայում ասուլիս կտան, սակայն ստիպված եղան զիջել լրագրողների ճնշմանը։



Մեր հարցին ի պատասխան, Սեյրան Օհանյանը հերքեց Դալլաքյանի՝ իր հասցեին հնչեցված մեղադրանքները․ «Ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել, եւ իմ գործունեության մեջ էլ ես երբեք չեմ փորձել որեւիցե անհատի, որեւիցե կուսակցության վրա ազդեցություն ունենալ: Որոշումներն ընդունվում են փոխադարձ հարգանքի հիման վրա»։ Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ Սամվել Բաբայանի հետ ունի մտերիմ հարաբերություններ, սակայն նա ոչ մի դերակատարություն չունի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» ձեւավորման հարցում: Սեյրան Օհանյանն ընդունեց նաեւ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, սակայն ճշտող հարցին` Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյա՞լ է, հրաժարվեց պատասխանել:



Հարցին` դաշինքը հետընտրական փուլում քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչեր կհնչեցնի՞, եւ իրեն կտեսնե՞նք Ազատության հրապարակում, Օհանյանը պատասխանեց, որ հանրահավաքների հրավիրման համար ինքը որեւիցե խնդիր չի տեսնում. «Եկեք ժամանակից շուտ որեւիցե մի որոշում չընդունենք: Ես առաջարկում եմ, որ քաղաքակիրթ ձեւով, խաղաղ պայմաններում եւ բարեկրթորեն մոտենանք մեր պարտականությունների կատարմանը եւ ժողովրդին տանենք նրան, որ բարեկիրթ ձեւով կատարեն իրենց պարտականությունները»:



Հարցրինք՝ լավ ճանաչելով իշխանություններին, հնարավոր համարո՞ւմ է, որ նորմալ ընտրություններ կանցկացնեն, Օհանյանը լսեց, բայց չպատասխանեց մեր հարցին։
Նա նաեւ վստահեցրեց, որ իշխանության գալու դեպքում կզբաղվի Մարտի 1-ի բացահայտմամբ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ