ԸՕ հեղինակները ՀՀԿ-ի տակ ռումբ են դրել

ԸՕ հեղինակները ՀՀԿ-ի տակ ռումբ են դրել

Հինգշաբթի օրը, ճիշտ այն պահին, երբ ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն ու իր թիմը որոշում էին կուսակցության նախընտրական կարգախոսը՝ «Անվտանգություն եւ առաջընթաց», Մասիսում նրա թիմակիցներն իրար «փոր էին թափում»՝ դրանով ասելով Սերժ Սարգսյանին, որ նա անգամ իր թիմում չի կարողանում առաջընթաց ու անվտանգություն ապահովել։ Ընտրական նոր օրենսգրքով, այսպես կոչված, մանավանդ ռեյտինգային քվեարկության մեխանիզմ ներդնելով՝ Սերժ Սարգսյանը մտածում էր, թե կանաչ լույս է վառել իր իշխանության համար, քանի որ «շուստրի» մոդերատորների միջոցով գծվել է մի սցենար, որը հնարավորություն կտա ձայներ բերել կուսակցությանը՝ առանց մանդատ ստանալու երաշխիքի։ Այս պարագայում խաղի մեջ են բոլոր քիչ թե շատ ակտիվ կուսակցականները, բայց եթե նախկինում այդ պայքարը, ջանքերը, ծախսերն արդարացված էին՝ շատ չարչարվողը գնում էր խորհրդարան, ապա այժմ մարդիկ կչարչարվեն հանուն կուսակցության՝ արդյունքում մնալով ձեռնունայն։



Սակայն եթե ընտրական այս մեխանիզմի «պապաներին» թվում է, թե իրենք ամենախելոքն են եւ, այսպես ասած, կարողացել են ֆռռացնել բոլորին, այնքան էլ այդպես չէ։ Այս ընտրակարգն իր մեջ մեծ վտանգ է պարունակում, եւ դրա հեղինակները ռումբ են դրել իշխանության տակ, որի առաջին ականները պայթեցին Մասիսում։ Ռեյտինգային ընտրակարգի գոյության պայմաններում ներկուսակցական «ռազբորկաների», տուրուդմփոցների եւ հաշվեհարդարների պակաս չենք ունենալու, այժմ միմյանց դեմ պայքարում են ոչ այնքան կուսակցությունները, որքան Հանրապետականի ներկայացուցիչները։ Եվ ընտրություններից հետո մենք կարող ենք բախվել մի իրողության, որ իշխանական կուսակցությունը կարող է վերածված լինել իրար ատող, իրար հանդեպ անհաշտ, ղեկավարներից ու միմյանցից «աբիժնիկ» մարդկանց մեծ խմբի, որն առաջին իսկ առիթի դեպքում կլքի հարազատ կուսակցությունն ու կգնա հոգեւոր կոմֆորտ ապահովող ուժի ետեւից։



Որքան էլ Սերժ Սարգսյանն ընտրատարածքների ՀՀԿ-ական «տարածքներ» գծի, որտեղ, իբրեւ թե, պայքարելու են իր կուսակցության անդամները, ձայների համար սկսված մրցավազքում նրանք անխուսափելիորեն ներխուժելու են միմյանց տարածք, իրարից ձայն են փախցնելու, որպեսզի անհավանական թվեր խփեն եւ ԱԺ-ում ամրագրեն իրենց տեղը։ Եվ այդ ընթացքում նորանոր բախումներ ու լարվածության օջախներ են գոյանալու։



Պակաս սուր չեն լինելու նաեւ հետընտրական «ռազբորկաները», երբ Սերժ Սարգսյանը որոշի, թե տվյալ տարածքից որ թեկնածուն կամ թեկնածուներն են անցնելու խորհրդարան։ Ի դեպ, նա նեղ միջավայրում արդեն հայտնել է, որ ռեյտինգայինով առաջադրված մականունավորները, թաղային հեղինակություններից ոմանք հնարավոր է չանցնեն խորհրդարան։ Ըստ երեւույթին, նա շատերին ներշնչել է, թե իրենց աշխատանքից է կախված լինելու խորհրդարան անցնել-չանցնելու հարցը, եւ ամենքի հավաքած քվեի չափն է որոշիչ լինելու, բայց չի բացառվում, որ ընտրություններից հետո, երբ «ձայնահավաք» խումբը կատարած կլինի իր միսիան, Սերժ Սարգսյանը նրանցից ոմանց ասի՝ կներեք, ձեր տեղը խորհրդարանը չէ, բավարարվեք նրանով, որ թողնում ենք աշխատել, ապրել, բիզնես անել մեր երկրում։



Կարճ ասած՝ այս ընտրակարգով, թվում է, իշխանությունն ապահովեց իր վերարտադրությունը, բայց չի բացառվում, որ այն ավելի մեծ վտանգներ է իր մեջ պարունակում, քան նախագահական կառավարումն էր եւ իրավահաջորդի փնտրտուքը։
Ինչպես երեկ արդեն տեղեկացրել ենք, մրցապայքարը դեռ չսկսված՝ Մասիսում իրավիճակը պայթյունավտանգ դարձավ՝ բախվեցին «Ավշարի» Գրիգորյանների ու Մուրադ Մուրադյանի թիմակիցները։ Այս կռիվը հենց «տարածք» ներխուժելու, ձայներ փախցնելու պատճառով էր։ Ոչ պակաս լարված իրավիճակ է մարզերում։ Լոռիում, օրինակ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի թիմակիցներն են անհանգիստ, մարզի «գազավիկներն» ու «էլեկտրիկներն» են իրար դեմ պատերազմում։ «Լույսի մարդիկ» աշխատում են ՀԷՑ բաժնետեր, «Տաշիրի» նախագահ Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի համար, իսկ «գազի մարդիկ»՝ Վահրամ Բաղդասարյանի։ Վերջինիս եղբայրը՝ Վարդան Բաղդասարյանը, Լոռվա գազի գրասենյակի տնօրենն է։ Եվ չնայած, հատկապես Տաշիրում, Կարեն Կարապետյանն անցնելու խնդիր չունի, սակայն նրա կողմնակիցները որոշել են աննախադեպ քվեներով հաղթել բոլորին ու հատկապես՝ Վահրամ Բաղդասարյանին։ Մարզի մեկ այլ թեկնածու՝ Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ), ընտրել է ավելի հուսալի տարբերակ․ ըստ տեղեկությունների՝ նա ընդամենը ցուցակագրում է մարդկանց, ասելով, որ քվեարկությունից հետո, երբ կապացուցեն, որ իրեն են ընտրել, նոր վարձահատույց կլինի։ Մարզի ՀՀԿ-ականները կրակն են ընկել, չգիտեն ում աջակցեն։



Սյունիքում հարաբերական անդորր է, բայց լավատեղյակները վստահ են, որ իշխանությունից նեղացած Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ձեռքերը ծալած չի նստելու, «տակից» աշխատելու է, որ գործող մարզպետ, ռեյտինգային ով առաջադրված թեկնածու, ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավար Վահե Հակոբյանը ձախողի այս ընտրությունները՝ անցած տարիներից նկատելիորեն պակաս ձայներ բերելով ՀՀԿ-ին։ Հակոբյանն էլ իր հերթին է գիշեր-ցերեկը մեկ անում, որ չզիջի իր նախորդին, ով բոլոր ընտրություններում բարձր տոկոսներ է խփել։ Օրերս նա իր մոտ է հրավիրել մարզպետարանին ենթակա հիմնարկների ղեկավարներին եւ հրահանգել, որ ժամը 6-ից հետո աշխատեն իր օգտին։ Ասել է, որ խորհրդարան չի գնալու, բայց պետք է շատ բարձր թվեր ներկայացնի ղեկավարությանը, ու դրանում նրանք են օգնելու իրեն։



Արմավիրում պայքարելու է մականունավորների մի ամբողջ վաշտ՝ ՄԱՊ-ի Ալիկ, Նովո, Շմայս, Սեյրան Սարոյան, Հրանտ Գրիգորյան, ով Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, բայց նրանք երկար տարիներ թշնամական հարաբերություններ ունեն։ Այստեղ ընտրությունները թեժ էին անցնում նույնիսկ նախորդած տարիներին, երբ իշխանությունը մեկ թեկնածուով էր հանդես գալիս, ուր մնաց հիմա։



Արշալույսները խաղաղ չեն նաեւ նախընտրական Շիրակում՝ Մարտուն Գրիգորյան-Արման Սահակյան ֆավորիտների մեջ ընթացող պայքարին կմիջամտեն նաեւ մարզի գողականները, որոնց հետ Գրիգորյանը ջերմ հարաբերություններ ունի։ Նշված թեկնածուների դեմ էլ իր հերթին տակից կպայքարի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որի «մուրազը փորը մնաց», Չինաստաններում սովորած տղան Գրիգորյան-Սահակյան դուետի ջանքերով դուրս մնաց ընտրապայքարից։ Նրանք «վերեւներին» դժգոհել էին, որ այդ դեպքում քաղաքային ռեսուրսները կուղղվեն Բալասանյանի որդուն, ու կառաջանա անհավասար մրցակցություն, ուստի որոշվեց, որ Խաչիկ Բալասանյանը չպետք է առաջադրվի։ Վարագյաններ-Պետոյաններ դարավոր թշնամանքն էլ Արթիկում է սրել նախընտրական իրավիճակը։ Շիրակի ՀՀԿ-ի ռեյտինգայինով առաջադրված Պետոյանի դեմ է աշխատելու քաղաքապետ, ընդ որում՝ ՀՀԿ-ական, բայց հակառակորդ Մխիթար Վարագյանը։



Ներհհկական գզվռտոցը սուր է նաեւ Երեւանի ընտրատարածքներում․ թիվ 2-ում, որը ներառում է Երեւանի Աջափնյակ, Դավթաշեն եւ Արաբկիր համայնքները, իրար դեմ են ելել Արթուր Գեւորգյանը՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, պատգամավոր Արտակ Սարգսյանը։ Երեկ լուրեր տարածվեցին, որ Գեւորգյանը Դավիթաշենի «իր» տարածքում ՍԱՍ-ի Արտակի չորս շտաբ է փակել եւ զգուշացրել է Դավթաշեն համայնքին չմոտենալ։ Արտակի տարածքն Արաբկիր համայնքն է, իսկ նա վայելում է Հայկազ Բաղմանյանի հովանավորությունը, ում Վովա Գասպարյանն զգուշացրել է հեռու մնալ փեսայի տարածքից։



Թիվ 1-ում իրար դեմ են ելել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը եւ Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանը, որոնք նույնպես մեկը մյուսի տարածք են մտել եւ մոբիլիզացրել ուժերը։ Ռոբերտ Սարգսյանի ստացած քվեները Տարոն Մարգարյանն իր պատվի հարցն է համարում, իսկ Միհրան Պողոսյանը ռեաբիլիտացիայի խնդիր ունի, որի լավագույն միջոցն ընտրություններում բարձր վարկանիշ ապահովելն է։



Այնպես որ, դատելով այս ամենից՝ ՀՀԿ-ում «սալյուտը» ներսից է խփելու։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ