Սերժ Սարգսյանն ընդունե՞ց, որ կոտրած տաշտակի առջև է հայտնվել

Սերժ Սարգսյանն ընդունե՞ց, որ կոտրած տաշտակի առջև է հայտնվել

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունելության էր հրավիրել ԵԱՀԿ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպաններին: Շատերը կհիշեն, որ անցյալ տարի ապրիլին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրադրության լարման օրերին Սերժ Սարգսյանը ձեռքը նույն փրկօղակին էր մեկնել` ԵԱՀԿ դեսպաններին, ինչը օպտիկայի մակարդակում էլ հուշում է, որ իշխանությունը բարդ եւ անելանելի իրադրության մեջ է հայտնվել: Բոլոր հույսերը, որ Սերժ Սարգսյանը կապել էր հաջող խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, դրա շնորհիվ Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու եւ, ի թիվս այլնի ֆինանսական ներդրումներ ստանալու հեռանկարի հետ, կարծում եմ, ջախջախվեցին` Սարգսյանին, հայտնի հեքիաթի պառավի նման, թողնելով դատարկ տաշտակի առջեւ:



Սերժ Սարգսյանի կողմից ԵԱՀԿ դեսպաններին հադիպման հրավիրելը ոչ այլ ինչ է, քան իր կողմից ապրիլի խորհրդարանական ընտրությունները տապալելու եւ դրա արդյունքում միջազգային մեկուսացման մեջ հայտնվելու իրողության ընդունում եւ մեկուսացումը ճեղքելու ջանքերի հրապարակայնացում:



Չնայած ՀՀԿ-ականներն իրենց մտավոր ունակությունների ամեն բջիջով գիտակցում էին, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների տապալումը բացասական հետեւանքներ է ունենալու ՀՀԿ-ի, դժբախտաբար` նաեւ Հայաստանի համար, եւ ամեն տեղից վեր կացող ՀՀԿ-ական թութակում էր, թե Հայաստանի 25-ամյա պատմության լավագույն ընտրությունն են անցկացնելու, իրականում ապրիլի 2-ը իշխանության համար դարձավ Հայաստանի միջազգային տապալման դրվագ: Ե՛վ ապրիլի 2-ի ընտրություններին միջազգային դիտորդների կողմից տրված գնահատականն էր խիստ ու չներող` «ապրիլի 2-ի ընտրությունները ապականվել են քվեների գնումով եւ ընտրողների վրա գործադրված ճնշումներով», ե՛ւ դրա հետեւանքն էր Սերժ Սարգսյանի համար աննախադեպ ծանր: 



Գրեթե ոչ մի երկիր` պետության կամ կառավարության ղեկավարի մակարդակով չշնորհավորեց Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ի ընտրությունների կամ ՀՀԿ-ի արձանագրած արդյունքների կապակցությամբ: Միակ բացառությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր, որը բացեց շնորհավորողների շարքը ապրիլի 3-ին: Մի քանի ժամ հետո շարքը եզրափակեց երկրորդ եւ վերջին շնորհավորողը` Բակո Սահակյանը: Եվ վերջակետ: Այլեւս ոչ մի մայրաքաղաքից անդրադարձ կամ շնորհավորանք չհնչեց:
Այդ մասշտաբի անտեսումն իրոք աննախադեպ դարձավ Հայաստանի 25-ամյա պատմության մեջ: Ոչ դիվանագիտական լեզվով ասած, ԵԱՀԿ երկրները Սերժ Սարգսյանին հասկացրեցին, որ գոհ չեն ընտրություններից, ինչի արդյունքում էլ այժմ Սարգսյանը նույնիսկ ավելի վատ վիճակում է, քան 2013-ի սեպտեմբերին 3-ից հետո:
2013-ի սեպտեմբերին այսպես, թե այնպես բոլորն էլ գիտակցում էին, որ արտաքին գործոնը` Ղարաբաղում իրադրությունը սրելու Ռուսաստանի շանտաժը Սարգսյանին հարկադրեց միանալ մեռելածին ԵՏՄ-ին: Դրան հետեւած զարգացումները Ուկրաինայում, ռուսական ներխուժումը Ղրիմ, պատերազմի սադրումը Ուկրաինայի հարավ-արեւելքում, անհաշվելի ավերածությունները, տաս հազարից ավելի զոհերը շատերին բերեցին այն մտքին, որ նույն իրադրությունը կարող էր Հարավային Կովկասում ստեղծվել, եւ ինչ-որ առումով Հայաստանի` դեպի ԵՏՄ շրջադարձը Հարավային Կովկասը փրկեց ուկրաինական սցենարից: Իրավիճակի նման գնահատումն էլ դեր կատարեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ գրեթե նույն Ասոցացման համաձայնագիրը (բացառությամբ որոշ բաժինների) վերստին բանակցվի եւ նախաստորագրվի:



Մինչդեռ ապրիլի 2-ի ընտրությունները արդար, ազնիվ եւ թափանցիկ չանցկացնելը, դրանք ընտրակաշառք բաժանելով, քվեներ գնելով եւ ընտրողների հանդեպ ճնշումներով ապականելը օբկեկտիվ իրադրությամբ ու հարկադրանքով չի բացատրվում: Այդտեղ լոկ իշխանության անպարկեշտ ու անվայել վարքն է դեր կատարել, երբ նրա մտահոգությունը ոչ թե ազնիվ եւ արդար ընտրություններ անցկացնելն է եղել, ինչպես խոստանում ու երդվում էին նախապես, այլ ընտրակեղծումների եւ խաբեբայությունների չբացահայտվելը: Դա խորապես հիասթափեցնող իրողություն էր:



Պատասխանը եղավ ԵԱՀԿ երկրների կողմից Սերժ Սարգսյանի եւ ապրիլյան ընտրություների տոտալ անտեսումը: Այժմ Սերժ Սարգսյանն սկսել է Եվրոպայի դռները բախել, ինչը արտահայտվել է դեսպաններին ընդունելության հրավիրելով: Եվ երեւում է` նորից ձեռնունայն է մնացել: Դատելով ՀՀ նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունից Սարգսյանը հանդիպման ընթացքում դեսպաններից դրական կամ հուսադրող խոսքեր չի լսել ընտրությունների վերաբերյալ, այլապես իբրեւ հաղորդագրություն չէին տարածի Սարգսյանի միապաղաղ մենախոսությունը:
Այժմ մնում է տեսնել, թե միջազգային հանրության կողմից անտեսված, բարոյազուրկ, մտավոր թերզարգացած, թաղային խուժանի հետ սերտաճած ՀՀԿ-ն ինչպե՞ս պետք է լուծի Հայաստանի առջեւ կանգնած խնդիրները: Ռուսաստանյան քրեա-օլիգարխիայի մի քանի հայազգի ներկայացուցիչներ, որոնք իբրեւ թե միլիարդ դոլարի կարողություններ ունեն (դա էլ դեռ հարց է` իրո՞ք ունեն) պետք է մի քանի միլիարդ հանգանակելով կամ ներդնելով, պետության առջեւ ծառացած խնդիրնե՞ր լուծեն…



Որքան Մեքսիկայի կամ Կոլումբիայի նարկոբարոններն են այդ երկրների համար խնդիր լուծել, այնքան էլ Ռուսաստանի կիսաքրեական հայ անհատները Հայաստանի համար խնդիր կլուծեն: Մնանք սպասող:



Լուսինե Պետրոսյան