Վատ սովորության ուժը

Վատ սովորության ուժը

Գործող իշխանությունն անտանելի է դարձել ոչ միայն անարդյունավետ, ինքնանպատակ ու ինքնահոս ընթացքի, կոռումպացվածության, համատարած տապալումների, բարոյահոգեբանական ճգնաժամի եւ տասնյակ ուրիշ պատճառներով, այլեւ ավելի առարկայական ու անհաղթահարելի մի խոչընդոտի` ֆիզիկապես անտանելի դարձած որոշ դեմքերի ու ձայների, որոնք հասարակության շրջանում բացառապես բացասական էմոցիաներ են առաջացնում: Ասենք, 6-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունն ինչո՞վ է տարբերվելու 5-րդ գումարման ԱԺ-ի խմբակցությունից: 58 հոգուց 50-ը երեւի նույն մարդիկ են` «ով ավանակ` մենք փալան» կարգախոսով կյանքն ապրող, Սերժ Սարգսյանին իմաստուն առաջնորդ ու ՀՀԿ-ի հայր կոչող, երբեւէ նրան չհակադրված ու նրա ստվերից անգամ վախեցող: Մխիթարականը թերեւս այն էր, որ բարձր իշխանության հասցեին քծնանքն ամփոփվում էր ՀՀԿ-ի շրջանակում՝ Մելիք-Ադամյանի գրասենյակում: Այժմ Սարգսյանի «հայրությունն» ու ՀՀԿ-ի «իմաստուն առաջնորդությունը» որոշել է հինգ տարով ընդունել նաեւ 125 տարվա պատմություն ունեցող, այդ երկարուձիգ հարյուրամյակում ցարական գահից մինչեւ երիտթուրքական առաջնորդների, հիտլերյան զինուժի ու խորհրդային հետախուզության հետ համագործակցած-մարտնչած, երկար փորձություն անցած ազգային կուսակցությունը՝ ՀՅԴ-ն: Երբ 2016-ի փետրվարին էին ՀՅԴ-ականները համագործակցություն կնքում ՀՀԿ-ի հետ, դեռ կարելի էր հասկանալ, որ դա անում են հանուն գործադիրում պորտֆելներ վերցնելու, վարչական ռեսուրսներ տիրապետելու եւ դրա շնորհիվ ընտրազանգված ձեւավորելու ու ԱԺ-ում մանդատներ ունենալու համար: Իսկ ԱԺ-ում 5 տարով 7 մանդատ ձեռք բերելուց հետո ի՞նչն է ՀՅԴ-ին մղում ՀՀԿ-ի առաջնորդությունն ընդունել: Արդյոք վատ սովորությա՞ն ուժը, թե՞ ախորժակն ուտելիս է բացվում։