Եթե չկան ֆիգուրներ՝ գործող անձինք, այդ կետերը մնալու են որպես բարի ցանկություն

Եթե չկան ֆիգուրներ՝ գործող անձինք, այդ կետերը մնալու են որպես բարի ցանկություն

Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո ի՞նչ ձեւաչափով են աշխատելու մշակույթի նախարարություն-արվեստագետներ-Նկարիչների միություն կողմերը։ Այս հարցը հատկապես հուզում է Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Գագիկ Խաչատրյանին․ «Այդ կապն առայսօր անհասկանալի է, եղել են մասնակի խնդիրներ, որոնք լուծվել են, բայց այդ փոփոխություններից հետո հիմա ի՞նչ պետք է անի մշակույթի նախարարությունը Նկարիչների միության հետ համատեղ»։

Ըստ նրա՝ առանց այն էլ կերպարվեստի ոլորտն անտեսված է եղել, եւ նույնիսկ Սերժ Սարգսյանի օրոք՝ վերջին 5-6 տարվա ընթացքում կերպարվեստի ոլորտում որեւէ մրցանակ չի շնորհվել․ «Եվ դա ճիշտ է եղել, որովհետեւ չի եղել կերպարվեստի ոլորտում մի լուրջ գործ, որին մրցանակ տրվի, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ում կամ ընդհանրապես հայ նկարիչների մեջ չկան այդ կատեգորիայի գործեր, որոնք արժանանան մրցանակի։ Մշակույթի նախարարությունը կառավարության հետ խորհրդակցելով՝ պետք է մի փոքր հետ գնա եւ իրավիճակը շտկի»։  

Ժամանակակից արվեստի ոլորտում նոր կառավարության ծրագրային նպատակներից է՝ ապահովել մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը եւ հասանելիությունը մարզերում։ Գագիկ Խաչատրյանը կարծում է, որ եթե չկան ֆիգուրներ՝ գործող անձինք, ովքեր պետք է իրականացնեն կառավարության ծրագրի կետերը, դրանք մնալու են որպես բարի ցանկություն։ Գեղանկարչին մտահոգում է նաեւ Հայաստանում ժամանակակից արվեստի թանգարան ունենալու գաղափարը։ «Մինչ այսօր ժամանակակից նկարիչների, արվեստագետների համար ցուցասրահ էր համարվում Հենրիկ Իգիթյանի կողմից ստեղծված կենտրոնը, որն անցյալ դարից է։ 90-ականներին նման խնդիր որեւէ մեկը չէր կարող բարձրաձայնել, որովհետեւ ամոթ էր, երկիրը պատերազմի մեջ էր, եւ բոլորս ըմբռնումով էինք մոտենում․ այդ ժամանակ նույնիսկ բարոյապես ճիշտ չէր այդ խնդիրը բարձրաձայնել, բայց 2000-ականներից այդ հարցը նորից հասունացավ, որ պետք է ունենալ նոր, մեծ ժամանակակից արվեստի թանգարան»,- ասում է Խաչատրյանն ու նկատում, որ ժամանակակից գեղանկարչությունը ներկայացված չէ նաեւ Ազգային պատկերասրահում․ «Պատկերասրահում ոչ մի նոր նկարիչ՝ 90թ․-ից այս կողմ, չի ընդգրկվել հայ նկարիչների բաժնում։ Պետությունը գոնե տարին մեկ անգամ պետք է շնորհաշատ նկարիչներից գնի որոշ գործեր։ Ես, օրինակ, 100 հատ գործ եմ վաճառել Եվրոպայում, սովետական ժամանակ իմ գործերն ընդգրկվել են մի քանի թանգարաններում, բայց հիմա ոչինչ չի արվում այդ ուղղությամբ»։

Ինչ վերաբերում է Նկարիչների միությանը, որի նախագահ ընտրվեց երիտասարդ նկարիչ Սուրեն Սաֆարյանը՝ դեկտեմբերին տեղի ունեցած համագումարի ժամանակ, ապա, Խաչատրյանի կարծիքով, 190 ձայնը, որ հավաքել էր միության նոր նախագահը, մեծ թիվ չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ միության անդամների թիվն անցնում է 1200-ը․ «Ներկա էր միայն 350-400-ը, ինչը նշանակում է, որ քվորում ապահովված չի եղել, բայց համագումարը որոշեց, որ շատ արվեստագետներ գտնվում են Հայաստանից դուրս, դրա համար այդպես անցկացրեց։ Բայց դա դեռ չի նշանակում, որ լեգիտիմ, հոգ տանող վարչություն եւ նախագահություն են հաստատվել եւ ընտրվել։ Բնականաբար, ամեն ինչ անցել է թափանցիկ ու առանց խախտումների, բայց խախտումները սկսվեցին սկզբից, երբ միանգամից բեմ բարձրացան թեկնածուներից մեկի ներկայացուցիչները, ինչն առնվազն սիրուն չէր»։  

Նկարիչների միությունը 20 տարուց ավելի պաշտոնավարած Կարեն Աղամյանը մի շարք պրոբլեմատիկ, չլուծված խնդիրներ է թողել՝ կապված շենքերի, շինությունների վարձակալության, սեփականության հետ՝ նկատում է նկարիչն ու հավելում, որ դրանք հիմա այլ դաշտում են փորձում լուծել․ «Կարեն Աղամյանի՝ նախագահ լինելու տարիներին միության անդամներ են դարձել բազմաթիվ ոչ նկարիչներ, ոչ պրոֆեսիոնալներ, եւ կան փաստեր, որ շատ դեպքերում Աղամյանը նկարիչներից ուղղակի մաղարիչ է ուզել միության անդամ դարձնելու համար՝ 500 դոլարից սկսած։ Վարչության անդամների մեջ կային, օրինակ, դիպլոմով բժիշկ անդամներ եւ ընդհանրապես միության հետ կապ չունեցող անդամներ։ Ես կուզեի, որ միությունը մի քիչ ֆիլտրվեր»։ Այդ մասին Խաչատրյանը՝ հենց ընտրությունների օրը, հպանցիկ ասել է նոր նախագահին։

Այնուհանդերձ, մի բան Աղամյանի ժամանակ լավ է եղել՝ միության աշխատանքների մեջ նրա օրոք ընդգրկված են եղել 4 մարզերից ներկայացուցիչներ։ Նա նույնն առաջարկում է անել նաեւ նորընտիր միության նախագահին․ «Բոլոր մարզերի համար էլ օգտակար կլիներ, որ ամեն մարզից մեկական ներկայացուցիչ ընդգրկվի միության վարչությունում կամ գոնե աշխատանքներում։ Նախ՝ ակտիվ կլինի մարզերի հետ ինֆորմացիոն կապը, եւ հետո՝ պետք չէ միայն Երեւանով սահմանափակել»։