Եթե ԱՄՆ-ն աջակցի Իսրայելին, տարածաշրջանի բոլոր ամերիկյան ռազմաբազաները կդառնան Իրանի թիրախը

Եթե ԱՄՆ-ն աջակցի Իսրայելին, տարածաշրջանի բոլոր ամերիկյան ռազմաբազաները կդառնան Իրանի թիրախը

«Հրապարակի» զրուցակիցն է իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյնին։

- Իսրայելը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հայտարարեցին, որ գրեթե ամբողջությամբ օդում կարողացել են վնասազերծել Իրանից արձակված հրթիռներն ու անօդաչուները։

- Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հորդանանն ու Իսրայելը փորձել են համատեղ ուժերով որսալ իրանական հրթիռներն ու ԱԹՍ-ները։ Շատ կադրեր կան, որ իրանական հրթիռները Իսրայելի երկնքում են՝ Թել Ավիվում և բոլոր քաղաքներում կադրեր ենք տեսնում այդպիսի, որ շատ հրթիռներ ու ԱԹՍ-ներ կան ու դա ապացույց է, որ չեն կարողացել բոլոր հրթիռները ոչնչացնել։ Պարզապես փորձել են բեռնաթափել, որ կարողանա Իսրայելի ՀՕՊ-ը մնացած հրթիռները վնասազերծել։ Բայց մենք տեսնում ենք և Իրանը հստակ տվյալներ ունի, որ շատ հրթիռներ թիրախներին հասել են, կարողացել են նպատակին հասնել։ Դա կադրերից էլ կարող ենք դատել՝ այդպիսի կադրեր տասնյակներով կան և հենվելով Իրանի պաշտոնական տվյալներին, մենք կարող ենք ասել, որ արևմտյան լրատվամիջոցները, Իսրայելի բանակի խոսնակը, երբ ասում են, որ կարողացել են չեզոքացնել իրանական հրթիռների 99 տոկոսը՝ դա ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Այդ պնդումները քարոզչական բնույթ ունեն, որպեսզի փորձեն իրանական պատասխանը փոքր և անլուրջ ներկայացնել։ Իրենք փորձում են մեծ քարզչությամբ Իրանի հակահարվածն ու պատասխանը չնչին ու անկարևոր ներկայացնել, բայց ամեն դեպքում Իսրայելի վրա հարձակումը պատժիչ բնույթ ուներ։ Իրանը մոտ 300 հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվեց, այնինչ Իրանի ղեկավարությունը հայտարարեց, որ պատրաստ են տասն անգամ ավելի մեծ հարձակում իրականացնել, եթե կարիքը լինի։ Եթե Իրանը գնա այդ քայլին, պարզ է, որ Իսրայելի ՀՕՊ-ը չի կարողանա դիմակայել այդ քանակի հրթիռներին, նաև դա շատ լուրջ մարտահրավեր կլինի Իսրայելի դաշնակից երկրներին, որոնք օգնելու են ու փորձելու են պաշտպանել Իսրայելին։ Իրանն այդ հարձակումով փորձեց Իսրայելի թույլ և ուժեղ կետերը հասկանալ ու եթե Իսրայելը փորձի հարձակվել՝ Իրանը կկարողանա ավելի արդյունավետ հարձակում կատարել։

- Իսկ հստակ թվեր կա՞ն, թե քանի հրթիռ, քանի՞ ԱԹՍ է եղել, դրանցից կոնկրետ քանիսն են հասել նպատակին, ի՞նչ վնաս են հասցրել։

- Իրանական տվյալներով 170 ԱԹՍ է եղել, 120 բալիստիկ հրթիռ և 30 թևավոր հրիթռ, թե քանիսն են թիրախին հասել՝ իրանական կողմը տվյալներ չի հրապարակել։ Բայց լուրեր կան, տեսանյութեր կան, որ Նևաթիմ ավիաբազան խոցել է յոթ բալիստիկ հրթիռներով և մի քանի ռազմական օբյեկտներ են եղել, որոնց վնաս է հասցվել, հետագայում ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրի իրանական կողմը։ Նևաթիմ ռազմաբազայում F-35 կործանիչներն են պահվում և հենց այնտեղից է Իրանի հյուպատոսությունը Դամասկոսում հարվածած կործանիչը թռիչքը կատարել։ Իրանը այդ բազային է հարված հասցրել և նաև մի հետախուզական կետ է թիրախավորել, որը մասնակից է եղել Իրանի հյուպատոսարանի դեմ ռազմական օպերացիային և մի քանի այլ ռազմական օբյեկտներ։

- Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն միշտ կանգնած է լինելու Իսրայելի կողքին ու պատերազմի պարագայում օգնելու են։ Մեծ թվով ամերիկյան ռազմական տեխնիկա ու անձնակազմ է տեղափոխվում Իսրայել։

- Միացյալ Նահանգները միշտ հայտարարում են, որ օգնելու են Իսրայելին, բայց ԱՄՆ-ն չի ուզում բախման գնալ Իրանի հետ, իսկ Իսրայելը փորձում է ներքաշել Միացյալ Նահանգները պատերազմի մեջ Իրանի դեմ։ Ամեն դեպքում, ԱՄՆ-ի տարբեր պաշտոնյաներ խոսել են, որ իրենք պաշտպանելու են Իսրայելի անվտանգությունը, բայց ցանկություն չունեն Իրանի հետ ուղիղ առճակատման գնալու, որովհետև իրենց համար էլ վտանգավոր է։ Իրանը զգուշացրել է ամերիկյան կողմին, որ եթե իրենք օգնեն Իսրայելին Իրանի վրա հարձակվել, ապա ամերիկյան բոլոր  ռազմաբազաները տարածաշրջանում կդառնան Իրանի օրինական թիրախները։ Միացյալ Նահանգները Իրանի շուրջ ունի 35 ռազմաբազա, որոնք բոլորը հասանելի են Իրանի ԱԹՍ-ների և Իրանի հրթիռների և այլ միջոցների համար։ Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների պաշտոնյաները փորձում են համոզել Իսրայելին ու հետ պահել, որ Իրանի հետ էսկալացիայի չգնա։ Ամեն դեպքում մենք պետք է տեսնենք, թե որքանով Միացյալ Նահանգները կկարողանա զսպել Իսրայելին, որ տարածաշրջանում նոր էսկալացիա չսկսվի ու չվերածվի լայնածավալ պատերազմի։ Միացյալ Նահանգները պետք է ամեն ինչ անեն՝ Իսրայելին ագրեսիայից ու հանցագործություններ անելուց զերծ մնա։

- Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, Իսրայելը կպատասխանի՞ Իրանին։

- Իսրայելի նպատակն էր ոչ թե Իրանի պրոքսի կամ պրոիրանական  խմբավորումների հետ պատերազմը և քիչ-քիչ իր ուժերը մաշելը, այլ գտնում է, որ ավելի ճիշտ է Իրանի հետ առճակատման գնալ, որ միանգամից բոլոր հարցերը լուծի։ Վտանգավոր է տեսնում իր՝ Իսրայելի գոյության ու անվտանգության համար պրոիրանական ուժերի հետ տարածաշրջանում երկար ժամանակահատվածում առճակատման գնալը, որ իր ուժերը չմաշի ու կործանման չգնա։ Իրանը գիտի և զգուշացրել է Իսրայելին, որ գիտի Իսրայելի սև նպատակը, բայց պատրաստ է ցանկացած սցենարի։ Եթե Իսրայելը հարձակվի, Իրանը զգուշացրել է, որ այս առաջին հարձակումից տասն անգամ ավելի ուժեղ հարված կտա Իսրայելին։ Շատ վտանգավոր իրավիճակ է, շատ վտանգավոր ժամանակ է և ԱՄՆ-ն և մյուս դաշնակիցները պետք է փորձեն զսպել Իսրայելին, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չսկսվի։

- Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները խոսեցին Իրանին՝ նոր ու ավելի խիստ պատժամիջոցների ենթարկելու անհրաժեշտության մասին։

- Պատժամիջոցները թույլ զենք են Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ։ Մենք 40 տարի է Արևմուտքի անարդար և ամենաանախադեպ պատժամիջոցների տակ ենք և Իրանը կարողացել է գոյատևել, և ուժեղանալ սանկցիաների ժամանակահատվածում։ Իրանը կարողացել է և կարող է դիմադրել բոլոր սանկցիաներին, որը Արևմուտքն է դնում և դա արդեն թույլ զենք է, չաշխատող զենք է Իրանի դեմ։ Իրանի դիմադրությունը շատ է ուժեղացել տարիների ընթացքում՝ պատժամիջոցների դեմ պայքարելու ու դրանց դիմանալու ընթացքում, մենք կարողացել են նվազեցնել դրանց բացասական ազդեցությունները։