Բա Ավինյանի՞ն ով բերեց

Բա Ավինյանի՞ն ով բերեց

Եվ, այնուամենայնիվ, ո՞վ բերեց Նիկոլին: Այս հարցի պատասխանը մենք կստանանք Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: Իսկ մինչ այդ պետք է հետեւել դատական գործընթացներին, որ հասկանանք հնարավոր քաղաքական վերադասավորումների տրամաբանությունը: Կարծում եմ՝ պարզ արտահայտվեցի: Ասում եմ՝ գալու է մի շրջան, երբ թերթերն ամեն օր գրելու են ընտրական պրոցեսների վրա ավանդաբար մեծ ազդեցություն ունեցող անհատների մասին, որոնք անցնում են տարատեսակ քրեական գործերով՝ սկսած ընտրակաշառքի գործերից, վերջացրած ապօրինի գույքով:

Ըստ այդմ էլ տեղի կունենան վերադասավորումները: Վերջերս, օրինակ, թերթերն անդրադարձել էին Գագիկ Ծառուկյանին, մի քրեական գործի հետ կապված՝ ընտրակաշառքի: Գագիկ Ծառուկյանն ընտրակաշառք է տվել, թե ոչ՝ դա չէ էականը, էականն այն է, որ նա չմոռանա այդ քնած գործի մասին ու վերադասավորվի ինչպես հարկն է: Եվ այսպես բոլորին են հիշեցնելու իրենց «գործերը»՝ հերթով, կարգով:

Նրանցից ոմանք, հնարավոր է, լուրջ դժվարություններ ունենան Նիկոլի շուրջ վերադասավորվելու հարցում: Օրինակ՝ նույն Գագիկ Ծառուկյանը «ո՞նց կարա» բացահայտ պաշտպանել Փաշինյանին, չնայած ստեղծված են բոլոր պայմանները, որ նա կարողանա հաղթահարել այդ «բարիերը»: Ինչպե՞ս… Շատ պարզ՝ ԲՀԿ-ն չի մասնակցում Երեւանի ընտրություններին եւ տակից սատարում է Ավինյանին: Այստեղ ոչ միայն Նիկոլի մասին խոսք չկա, այլեւ օրնիբուն խոսում են Ավինյան-Նիկոլ տարբերության ու հակասության մասին: Ուրեմն՝ ինչո՞ւ չօգտագործել այս լավ հնարավորությունը՝ հաջող վերադասավորման համար: Թերեւս արժե հիշել նաեւ Նիկոլի օրոք վտարանդի դարձած մեր այն «երեւելիներին», որոնք շարունակում են որոշակի ընտրական ռեսուրսի տիրապետել Հայաստանում: Հետագա հետապնդումներից զերծ մնալու պայմանով նրանց եւս կառաջարկվի սատարել համեմատաբար «անշառ» Ավինյանին:

Այս ամենը ղեկավարողները չեն մոռացել նաեւ Երեւանի ավագանիում «առաջատար» ընդդիմության մասին: Չի կարելի թույլ տալ, որ «Նիկոլ» պրոյեկտի մի մասը հանդիսացող «Ավինյան» պրոյեկտն անկանխատեսելի ընդդիմախոսներ հավաքի ավագանու կազմում: Անակնկալներից խուսափելու համար հրապարակ է բերվել Մանե Թանդիլյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությամբ, որը կփոխարինի Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանին»: Էդմոնն այս պահին Նիկոլի մոտ է աշխատում եւ ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող «քննադատել» Ավինյանին: Իսկ սա նշանակում է, որ ԼՀԿ-ն եւս առերեւույթ չի մասնակցի ընտրություններին՝ միայն տակից կսատարի Ավինյանին՝ մնալով «պրոյեկտի» շրջանակներում: Պրոյեկտի շրջանակներում «կթիավարի» նաեւ ՀԱԿ-ը, բայց ոչ թե այն պատճառով, որ «նախկինների» նման վախենում է քրեական հետապնդումներից, այլ այն, որ արդեն հասցրել է Նիկոլին տալ աշխարհի տակ եղած բոլոր «ամենահետաքրքիր» բնորոշումները:

Մանր-մունրների վրա շատ կանգ չեմ առնի, որովհետեւ նրանք ընդամենը բուտաֆորիա են լինելու այս ընտրություններում: Օրինակ՝ Խզմալյան Տիգրանն իր ուկրաինամետ կուսակցությամբ եւ երգիչ-երգահան թեկնածուով ի՞նչ պետք է որոշի ուժերի վերադասավորման հարցում: Հախվերդյան Ռուբոն, հնարավոր է, որոշակի էկզոտիկա ապահովի՝ միայն այդքանը:

Ամենաբարդը ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համար է լինելու: Ի՞նչ անել, մասնակցե՞լ Ավինյան «պրոյեկտի» կյանքի կոչմանը, թե՞ տապալել այդ պրոյեկտն ու հանրությանը ներկայացնել ողջ ճշմարտությունը «Նիկոլ» պրոյեկտի մասին՝ ինչու, ինչ հանգամանքներում եւ ինչ հեռահար նպատակով կյանքի կոչվեց այն: Ի վերջո՝ ինչքա՞ն կարելի է լռել ու թույլ տալ, որ «Նիկոլ» պրոյեկտը հարատեւի այլեւայլ դրսեւորումներով:

Թե ինչ կորոշի ՀՅԴ-ն՝ մասնակցե՞լ ընտրություններին, մասնակցել առանձի՞ն, թե՞ դաշինքով, այդ ընտրությունները վերածել Նիկոլի հրաժարականի ընտրությունների՞, թե՞ պայքարել՝ Ավինյանին բացարձակ մեծամասնություն ունենալու հաճույքից զրկելու համար, պարզ կդառնա ամենավերջում: Այս հարցերի շուրջ, ինչպես վստահեցնում են ՀՅԴ-ական պատգամավորները, քննարկումները դեռ շարունակվում են: Ըստ իմ «քաղաքագիտական վերլուծությունների»՝ գրեթե նույն վիճակն է նաեւ ՀՀԿ-ում, մեկ տարբերությամբ՝ ՀՀԿ-ն քննարկումներն սկսել է սեփական կետից՝ թեկնածուի հարցից: Տարոն Մարգարյանն ուժեղ թեկնածու է, թերեւս Ավինյանից էլ ուժեղ, բայց նա մի տեսակ չի տեղավորվում այս կարդեբալետում եւ կարող է հանրության շրջանում վերաթարմացնել «նախկինների» մասին ասեկոսեները: Կարելի է ասել՝ ՀՀԿ-ն նոր դեմքի խնդիր ունի, ինչը լուծել չի կարողանում իր պահպանողականության պատճառով: ՀՀԿ-ն կմասնակցի՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել: Դեռ պետք է սպասել այդ մասին պաշտոնական հայտարարությանը: Փոխարենը, ընտրության օրվա ավարտին, երբ ինձ հայտնի կդառնան Ավան վարչական շրջանի ընտրատեղամասերի արդյունքները, ես կարող եմ հստակ ասել, թե ինչպես է վերադասավորվել ՀՀԿ-ն եւ ինչ է արել «Ավինյան» պրոյեկտին սատարելու կամ խանգարելու համար:

Ասում են՝ աչքը տեսածից է վախենում: Իսկ այն, ինչ ես տեսել եմ, ոչ միայն վախենալու է, այլեւ՝ տարակուսելի: Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ավելի ստույգ՝ «Նիկոլ» պրոյեկտը, հասցրել է Ավանում մի քանի անգամ հաղթել ՀՀԿ-ին ու Տարոն Մարգարյանին: Ընդ որում՝ ամեն անգամ, երբ իմ ծանոթ ՀՀԿ-ականներին հարցնում էի՝ ո՞նց, ախպեր, Նիկոլը ո՞նց կարա Ավանում ընտրություն կրի, նրանք երեսները թեքում եւ առանց պատասխանելու հեռանում էին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի, եթե հիմա էլ «Ավինյան» պրոյեկտը Տարոն Մարգարյանին կրի: Մալաթիայի մասին չեմ ասում, այնտեղ «Նիկոլը մեր ախպերն ա», Էրեբունու մասին չեմ ասում՝ «Թոխմախի Մհերի» գործերը լավ չեն, բայց Ավանո՞ւմ․ Անդրանիկ Մարգարյանի, Ռուբեն Հայրապետյանի, Տարոն Մարգարյանի թաղո՞ւմ, որ ՀՀԿ-ի բոլոր հաջողությունների ամենամեծ գրավականն է եղել:

Համադրելով վերն ասվածն ու Երեւանի ընտրությունների արդյունքները՝ մենք վերջապես կկարողանանք պատասխանել բուն հարցին՝ ո՞վ բերեց Նիկոլին: Ավինյանի հաղթանակի դեպքում զրոյանալու են մինչ այս եղած բոլոր վարկածները, թե Նիկոլին Արեւմուտքը բերեց, դրսի մութ ուժերը, Պուտինը, Էրդողանը, Ալիեւը…