Ինչու Թուրքիան ընտրեց Ռուսաստանին 

Ինչու Թուրքիան ընտրեց Ռուսաստանին 

Թուրքիան անդրդվելի է ռուսական Ս-400 համալիրների ձեռքբերման հարցում։ Պատճառը ոչ միայն այդ համալիրներն ունենալն է, այլ նաեւ Միացյալ Նահանգների հանդեպ Անկարայի ունեցած վստահության կորուստը։ Այս մասին գրում է հեղինակավոր The National Interest պարբերականը։

Հոդվածում նշվում է, որ ռուս-թուրքական ռազմական մատակարարումների հարցով հարաբերությունների սերտացումը ունի մի քանի պատճառ, որոնցից հիմնականը կապված է այն իրողության հետ, որ Մերձավոր Արեւելքի հարցում Անկարան ու Վաշինգտոնը ունեն իրար հետ չհամապատասխանող, իսկ շատ դեպքերում նաեւ՝ հակադիր մոտեցումներ, ինչը հատկապես ցայտուն կերպով երեւաց Սիրիական պատերազմի ժամանակ։  Այսպես, ԱՄՆ-ն աջակցում է քուրդ զինյալ խմբավորումներին այն դեպքում, երբ Անկարան քուրդ զինյալներին համարում է իր պետական անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը։ Ընդ որում, ամերիկացիների այն քայլը, որ քրդերի վրա հարձակման դեպքում սպառնացին քանդել թուրքական տնտեսությունը, վկայեց այն մասին, որ Վաշինգտոնում Անկարային ամենեւին էլ անկեղծորեն չեն վերաբերվում ու պատրաստ են զոհել իրենց ռեգիոնալ ամենակարեւոր դաշնակցին։

Արդյունքում Անկարան կատարեց խիստ բնականոն ընտրություն եւ սկսեց հարաբերությունները սերտացնել Ռուսաստանի հետ։ Բացի այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր անձնական հաշիվներն ունի Վաշինգտոնի հետ։ Էրդողանը բազմիցս է ամերիկացիներին մեղադրել այն բանի մեջ, որ նրանք համագործակցում են թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որի կազմակերպությունը Անկարայում մեղադրվում է 2016-ի պետական հեղաշրջման փորձի մեջ։

The National Interest-ը նաեւ ընդգծում է, որ ապստամբության փորձը ցույց տվեց, որ թուրքական զինված ուժերը նկատելիորեն կաղում են եւ Էրդողանը չի կարող պաշտպանվել իրեն իսկ պատկանած ու ասպտամբների կողմն անցած ամերիկյան ծագման ինքնաթիռներից, օրինակ։ Անվտանգության համակարգում այս բացը, տարատեսակ ռազմական մատակարարումների հետ կապված սահմանափակումները եւ հակասությունները, որոնք երբեմն հասնում էին բախման աստիճանի, ներառյալ նաեւ Միջերկրականի ավազանում ածխաջրածինների հետ եղածները, որոշեցին թուրք-ամերիկյան հարաբերություններում բացասական իմաստով որակական փոփոխությունների ելքը, եւ Անկարայում որոշում կայացվեց, որ պետք է ստեղծել ոչ-ամերիկյան հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր։