Ինչպես հասնել թավշյա հեղափոխության ավարտին

Ինչպես հասնել թավշյա հեղափոխության ավարտին

Իրավաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանը, անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ վեթթինգի մասին հայտարարությանը, թե այն պետք է անցկացնեն Բարձրագույն դատական խորհուրդն ու նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը, ասաց․ «Ես միշտ ասել եմ, որ դատական իշխանության մարմիններն անվերահսկելի են, ունեն միայն իրավունքներ եւ չունեն պատասխանատվություն։

ԲԴԽ-ն Սահմանադրությամբ եւ Դատական օրենսգրքով իրավունք ունի կարգապահական տույժեր կիրառելու դատավորների նկատմամբ՝ ընդհուպ մինչեւ նրանց պաշտոնանկ անելու։ Եվ պաշտոնանկ արված դատավորները որեւէ տեղ բողոքարկելու իրավունք չունեն։ Ինքը՝ ԲԴԽ-ն որեւէ ձեւով որեւէ մարմնի առջեւ իր գործողությունների համար պատասխանատվություն չի կրում։ Իսկ եթե կա իրավունք, բայց չկա պատասխանատվություն, ապա դա անարխիա է»։

Նորիկ Եղիազարյանը կարծում է, որ պետք է ստեղծել արտախորհրդարանական մի մարմին հենց խորհրդարանի կողմից, եւ ճիշտ կլինի, որ այնտեղ չընդգրկվեն դատական համակարգի ներկայացուցիչները։ 
Հարցին, թե այդ մարմնում պետք է ընդգրկվեն միայն իրավաբաննե՞ր, Նորիկ Եղիազարյանն արձագանքեց․ «Շատ դեպքերում պարտադիր չէ, որ այնտեղ ընդգրկվեն անպայման իրավաբաններ, այնտեղ քննարկվում են վեթթինգի ենթարկվողների այլ որակներ։ Ճիշտ կլինի, որ այդ հանձնախմբի մի մասը կազմեն անաչառ իրավաբանները, որոնք խարիզմատիկ են, վայելում են հասարակության հարգանքը, որոնց նկատմամբ չկա խտրական վերաբերմունք»։
Նորիկ Եղիազարյանը իշխանությունների ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, որ շուտափույթ պետք է փոխել Սահմանադրությունը, առանց որի հնարավոր չէ հասնել թավշյա հեղափոխության ավարտին։ Ցանկության դեպքում, ըստ իրավաբանի, կարող են մինչեւ տարեվերջ պատրաստել ու ներկայացնել նոր Սահմանադրության նախագիծը։ 

«Հեղափոխությունն այն հեղաշրջումն է, որի միջոցով փոխվում է հասարակական կացութաձեւը կամ պետական կարգը։ Եթե կացութաձեւը չի փոխվում, ապա գոնե պետք է փոխվի պետական կարգը, իսկ դրան կարելի է հասնել սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Իսկ գործող Սահմանադրությունը նոր ժամանակների Սահմանադրություն չէ, այն Սերժ Սարգսյանի Սահմանադրությունն է, այդ իսկ պատճառով էլ նրա հետ կապված ծագում են բազմաթիվ հարցեր»,- նշեց իրավաբանը։

Նորիկ Եղիազարյանը նշեց միաժամանակ, որ «Հանրապետություն» կուսակցությունը կողմ է նախագահական մոդելով Սահմանադրությանը։