Գեւորգ Պետրոսյանը Ռուբեն Կարանզայի «պորտը տեղը դրեց»

Գեւորգ Պետրոսյանը Ռուբեն Կարանզայի «պորտը տեղը դրեց»

Ազգային ժողովը երեկ լսումներ էր հրավիրել՝ անցումային արդարադատության թեմայով։ Լսումներին ելույթ ունեցան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով խոսեց ավելի շատ քաղաքական տեսանկյունից, արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, ով խոսեց իրավական տեսանկյունից, ICTJ փորձագետ Ռուբեն Կարանզան, ով խոսեց անցումային արդարադատության միջազգային փորձից, ինչպես նաեւ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Այնուհետեւ եղան հարցուպատասխան եւ ելույթներ։ Մասնակիցների մեջ էին տարբեր իրավաբաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, իշխանամետ փաստաբաններ, նախկին պատգամավորներ, օրինակ՝ Գուրգեն Արսենյանը, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը: Սերժ Սարգսյանի օրոք բանտարկված, Նիկոլ Փաշինյանի օրոք ազատ արձակված «Սասնա ծռերն» էլ էին եկել ու անցումային արդարադատության վերաբերյալ հարցեր էին տալիս, ինչպես նաեւ բազմաթիվ անհայտ ու անհասկանալի դեմքեր, որոնք լուրջ դեմքով ելույթ էին ունենում վեթթինգի ու անցումային արդարադատության մասին, բայց «անցումային արդարադատության» փոխարեն ասում էին «անցումային արդարություն»։

Հիմնականում պրոիշխանական դեմքեր էին, որոնք փորձում էին իրենց ելույթներով համոզել, որ անցումային արդարադատությունը լավ բան է։ Բայց ուշագրավ է մեկ այլ հանգամանք՝ ընդդիմության պահվածքը։ Թվում էր, թե ընդդիմությունը պետք է այս առիթն օգտագործեր՝ խոսելու Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչի իրավաչափության մասին, քանզի երկու օր առաջ ստորագրահավաք էին անում, որ ԱԺ-ն թույլ տա արտահերթ նիստ հրավիրել հենց այդ թեմայով։ Բայց ԱԺ խորհուրդը մերժեց այդ առաջարկը՝ պատճառաբանելով, թե ամսի 24-ին, այսինքն՝ երեկ, խորհրդարանական լսումներ են հրավիրվելու անցումային արդարադատության թեմայով, եւ ընդդիմադիրները կարող են այդ լսումների ժամանակ խոսել նաեւ իրենց բարձրացրած հարցի շուրջ։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր՝ քանի որ ԱԺ խորհուրդը մերժել է իրենց առաջարկը, ուստի իրենք դատարանների ակցիայի մասին կխոսեն այս լսումների ժամանակ։

Բայց այդպես էլ ընդդիմադիր երկու խմբակցություններից որեւէ մեկը ելույթ չունեցավ։ ԲՀԿ-ից ելույթ ունեցան Նաիրա Զոհրաբյանը, Գեւորգ Պետրոսյանը, Վահե Էնֆիաջյանն ու Արման Աբովյանը, որոնցից միայն Նաիրա Զոհրաբյանը մի թեթեւ անդրադարձավ իր խոստացած թեմային՝ այն էլ ակնարկով, որ չպետք է քաղաքական ճնշումներ լինեն դատական համակարգի վրա։ Մյուս երեք ԲՀԿ-ականները խոսեցին միայն օրվա թեմայի շրջանակներում՝ անցումային արդարադատության մասին, իսկ «Լուսավոր Հայաստանից» Արտակ Մանուկյանն ու Տարոն Սիմոնյանը չհիշեցին դատարանների ակցիայի մասին՝ կենտրոնանալով անցումային արդարադատության վրա։

Համեմատաբար ուշագրավ էր ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ելույթը, որտեղ նա իրեն հատուկ ոճով սրեց իրավիճակը՝ անդրադառնալով «հեռախոսով զբաղված իրենց օտարերկրյա գործընկերոջ» ելույթին։ Խոսքը միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի մասին է, ում ելույթն ակնհայտորեն դուր չէր եկել Գեւորգ Պետրոսյանին, եւ նա որոշեց կոշտ հակադարձել նրան։

«Ուրեմն համաձայն չեմ նրա հետ, որ ասում է՝ ենթադրյալ մեղավոր անձանց նկատմամբ վերաբերմունք։ Ես ուզում եմ իմանալ՝ իրենց երկրում կա՞ անմեղության կանխավարկածի սկզբունք, թե՞ չէ։ Ի՞նչ է նշանակում՝ ենթադրյալ մեղավոր անձանց։ Կամ ասում է՝ հեղափոխության դիմաց իշխանությունը ժողովրդին պետք է հատուցեր դատական համակարգով։ Ո՞վ ա տենց բան ասել։ Ուրեմն, առաջին հերթին, երբ որ ժողովուրդը հեղափոխություն ա արել, պահանջել ա իր կյանքի բարելավում, ունեցել ա այդպիսի լեգիտիմ ակնկալիք, հարգելի գործընկեր, որ իր կյանքը բարելավվի, որովհետեւ, եթե իր կյանքը բարելավված չի, դատական համակարգի կատարելագործումն իրեն հետաքրքրում ա էնքան, ինչքան թռչնագրիպի վարակը կարար հուզեր Մովսես Խորենացուն»,-վրդովված տոնով հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը՝ դահլիճում նստած Կարանզայի կողմը նայելով։

Իսկ Ռուբեն Կարանզան ելույթի ժամանակ արհամարհանք էր դրսեւորում ԲՀԿ-ական պատգամավորի ելույթի նկատմամբ՝ ընկղմված հեռախոսի մեջ եւ հայացքը վեր չբարձրացնելով։ Գեւորգ Պետրոսյանին վրդովեցրել էր նաեւ այն, որ Ռուբեն Կարանզան իր ելույթում Հայաստանին համեմատում էր բացառապես Պերուի, Գվատեմալայի ու նմանատիպ այլ երկրների հետ։ Պետրոսյանը հայտարարեց, որ Կարանզային պետք է հուշել, որ ինքը ելույթ է ունենում համաշխարհային քաղաքակրթության օրրանում։ Պետրոսյանի այս խոսքերը քմծիծաղ առաջացրին դահլիճում նստած «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների մոտ։

«Եվ հետո, ասում է՝ չունենք մոդել, բայց եկել ենք ձեզ դաս տանք։ Կներեք, եթե մոդել չեք բերել, ո՞վ ա ասել, որ էդ դասը մեզ հետաքրքիր ա»,- վերջին հարվածը Կարանզային հասցրեց Գեւորգ Պետրոսյանը։