Կա՛մ ընդունում են նոր աշխատանքը, կա՛մ հայտնվում կադրերի ռեզերվում

Կա՛մ ընդունում են նոր աշխատանքը, կա՛մ հայտնվում կադրերի ռեզերվում

Մշակույթի, սպորտի եւ կրթության ու գիտության նախարարությունների միավորումից հետո արդեն նախկին նախարարությունների աշխատողներին ծանուցումներ են ուղարկվել՝ տեղեկացնելով, որ վերակազմակերպման արդյունքում իրենց կարող են ոչ թե համարժեք, այլ ավելի ցածր կարգավիճակ ենթադրող աշխատանք առաջարկել, եւ եթե աշխատակիցը դեմ է դրան, ապա նրան կուղարկեն կադրերի ռեզերվ։ Մենք տեղեկացանք, որ միավորված նախարարություններում բոլոր նախկին աշխատակիցներին են նման ծանուցումներ ուղարկել, եւ արդեն իսկ ոմանց աշխատանք է առաջարկվել, եւ անգամ կան մարդիկ, որոնք չեն համաձայնել ցածր կարգավիճակ ստանձնել եւ հեռացել են։

Արա Էդոյանը՝ հայտնի բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Էդոյանի որդին, որը նախկինում զբաղեցնում էր ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, միավորված ԿԳՄՍ նախարարությունում այսուհետ չի աշխատելու։ Մեզ պատմեցին, որ նրան նախկինից ցածր կարգավիճակ են առաջարկել, եւ նա չի համաձայնել, թեեւ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն բավականին հետաքրքիր առաջարկ է արվել, բայց չի ընդունել, որովհետեւ այլ ծրագրեր ունի։ «Ինձ առաջարկեցին մշակույթի բաժնի պետ՝ մշակութային համագործակցության արտաքին կապերում, պարզապես այլ ծրագրեր ունեի, դրա համար չընդունեցի, այլապես կստանձնեի այդ գործը»,- ասում է Էդոյանն ու նկատում, որ իր նախկին գործին համարժեք աշխատանք է առաջարկվել՝ ոչ ավել, ոչ պակաս։ «Ոչ մի նեղվածություն չունեմ, բնական պրոցես է, այդպես էլ պետք է լիներ։ Ես ժամանակին մշակույթի նախարարությունում էլ եմ աշխատել՝ մշակութային կապերի գծով։ Եթե այլ պլաններ չունենայի, կհամաձայնեի»,- ասում է նա ու հավելում, որ նոր աշխատանքը պետական համակարգում չի լինի, այլ՝ մասնավոր։

Թե որքանով է կենսունակ սուպերնախարարության այս մոդելը, համակարգում ցնցումներ չե՞ն առաջանա այդ փոփոխությունից հետո, Արա Էդոյանն ասաց․ «Կարծում եմ՝ շատ դժվար կլինի, որովհետեւ շատ մեծ ոլորտ է դառնում, բայց այստեղ այնքան հին՝ փորձ ունեցող մարդիկ կան, որ թույլ չեն տա ցնցումներ լինեն համակարգում, ուղղակի կառավարման հարցն ավելի կդժվարանա ու կբարդանա, գործն էլ իր հերթին կշատանա եւ կդժվարանա, բայց թող մեկ տարի անցնի, նոր ավելի հստակ կերեւա»։

Արա Էդոյանը նկատում է՝ որքանով տեղյակ է, նախարարությունների միավորման արդյունքում դեռեւս ոչ ոք չի կրճատվել եւ աշխատանք չի կորցրել․ «Ինչքան գիտեմ, բոլորին էլ առաջարկ արվել է, կարող է պաշտոնի փոփոխություն է եղել, ինչպես իմ դեպքում՝ այս բաժնից մեկ այլ բաժին։ Կարող եմ միայն ասել, որ բովանդակային մասով ոչինչ չի փոխվել այդ վարչություններում, իսկ մյուս աջակցող վարչություններում փոփոխություններ եղել են, բայց դեռ ոչ մի մարդ դրսում չի մնացել, մեզ էլ էր թվում, որ կարող է մասսայական կրճատումներ լինեն, բայց, փառք Աստծո, չի եղել, հետագայում կլինի, թե ոչ, դա արդեն պրակտիկ աշխատանքի մեջ կերեւա»։

Որքանո՞վ է արդարացված համարում, երբ մի ոլորտում մասնագիտացած երկարամյա աշխատակցին առաջարկում են գնալ այլ ոլորտ։ Էդոյանը նկատում է, որ ոլորտները, ըստ էության, չեն փոխվել։ «Այնպես չի եղել, որ ֆինանսիստը գնա իրավաբանական վարչություն, կամ կադրային աշխատողը գնա բուհերի վարչություն։ Նման բաներ չեն եղել։ Իմ մասով էլ առաջարկվել է այլ պաշտոն, որովհետեւ մշակույթի ոլորտում եմ աշխատել, արտասահմանում սեմինարների եմ մասնակցել՝ մշակութային գծով, դրա համար ինձ առաջարկեցին մշակույթի բաժնի պետ՝ արտաքին կապերի մասով»,-ասում է նա ու հավելում, որ եթե առաջարկեին իր նախկին գործը՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գուցե թե չհամաձայներ։ «Ես ո՛չ նեղված եմ, ո՛չ դժգոհ եմ, հիմա արդեն կադրերի ռեզերվում եմ գտնվում եւ վարձատրվելու եմ դեռեւս 3 ամիս»,- եզրափակեց Արա Էդոյանը։