Հազիվ Փաշինյանից մի ճիշտ քայլ

Հազիվ Փաշինյանից մի ճիշտ քայլ

Անցյալ տարվա մայիսին Սերժ Սարգսյանի մերժման ալիքի վրա Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետի աթոռին հավակնելուց եւ հայտնվելուց ի վեր չեմ հիշում Փաշինյանի կատարած մի քայլ, որից զարմացած լինեմ կամ սխալ չհամարեմ: Եթե անկեղծ լինեմ, ապա ինձ համար 2018-ի հայաստանյան իրադարձություններն ունեցան գլխավորապես այն նշանակությունը, որ կյանքում առաջին անգամ գիտակցեցի` Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» Ռուսաստանի բոլշեւիկյան հեղափոխության անատոմիան չէ, այլ բոլոր հեղափոխությունների կամ կվազի-հեղափոխությունների անատոմիան: Դա ինձ համար մեծագույն բացահայտում էր…

Իսկ նման բացահայտումից հետո մնացյալ ամեն ինչ արդեն օրինաչափ է` Փաշինյանի, իր թիմի եւ իր կառավարության բոլոր քայլերը կանխատեսելի են օրուելյան «Անասնաֆերմայի» կանոններով: Փաշինյանի տապալումն էլ անխուսափելի է եւ շատ ավելի արագ կլինի, քան բոլշեւիկների կամ նույնիսկ երիտթուրքերի իշխանության ավարտը: Ոչ որովհետեւ Փաշինյանը բոլշեւիկներից կամ երիտթուրքերից ավելի անտաղանդ է՝ որպես կառավարիչ եւ առաջնորդ, այլ պարզապես որովհետեւ կյանքի տեմպն է այժմ անհամեմատ արագ, եւ կրթված մարդիկ Հայաստանում մեծամասնություն են: Այսօրվա Հայաստանը ո՛չ անցյալ դարասկզբի Ռուսիա է, ո՛չ էլ Թուրքիա, որ հեղափոխությամբ իշխանություն եկած, բայց կառավարելու անկարողությունից բռնապետության վերածվող իշխանությունն արագ չտապալվի: 

Փաշինյանը մեկ տարի շարունակ ի ցույց դրեց հասարակություն կառավարելու բացարձակ անկարողություն: Դատարկ քարոզները, ձեռնածությունները, սրան-նրան ժողովրդի թշնամի հռչակելը ինչ-որ պահից կորցրին ազդեցությունը նույնիսկ լյումպեն զանգվածի վրա: Արդյունքում մնաց հասարակության հետ բռնությամբ, մահակով, ճնշումներով հարաբերվելու ճանապարհը, ինչին ականատես եղանք Իջեւանում: Փաշինյանը, գուցե նույնիսկ չնկատելով կամ չգիտակցելով, քայլ առ քայլ ճշտությամբ անցավ բոլշեւիկների եւ երիտթուրքերի ուղին` հասնելով դեպի բռնարարքներ գահավիժելու ռուբիկոնին: 

Ոչ մի կրկեսային կամ ֆեյսբուքյան էֆեկտ ու տրյուկ չէր կարող փրկել եւ չփրկեց Փաշինյանին նրանից, որ իշխանության գալուց ընդամենը մեկ տարի հետո իր իշխանությունը  բռնապետական ու թրքաբարո կոչեն, ինքն էլ սեփական ծննդավայրում մինչեւ ատամները զինված հազարավոր իրավապահներ կենտրոնացնի, անհամաչափ ուժ գործադրի` դժգոհությունների տարածման ալիքից սեփական աթոռը, վերջնահաշվում, պաշտպանելու համար: 
Հասարակության եւ քաղաքականության օրենքները նույնքան անփոփոխ ու հաստատուն են, որքան բնության եւ ֆիզիկայի օրենքները: Դրանք անշեղորեն կրկնվում են հազարամյակներ շարունակ, բոլոր օխլոկրատներն էլ իշխանության են գալիս եղածը մերժելու ալիքի վրա, վարդագույն գաղափարներուվ եւ խոստումներով, սակայն կառավարելու անկարողությունից վերածվում են բռնապետերի եւ սահում դեպի կործանում:

Այդքանով էլ Փաշինյանի չդադարող ձախողումները, սխալները, արագացող ընթացքը դեպի իր անփառունակ վարչապետության ավարտը, չունեն այլընտրանք: Եվ, այդուհանդերձ, սխալների ու ձախողումների տեղատարափի մեջ, ըստ իս, անցնող տարում երեւի առաջին անգամ Փաշինյանը երեկ մի ճիշտ քայլ կատարեց`տասն օրով արձակուրդ գնաց: 

Թեեւ շատերը կարծում են՝ Փաշինյանն արձակուրդ է գնացել նոր անիմաստ շրջագայությունների համար, բայց ինձ թվում է՝ Փաշինյանն արձակուրդ է գնացել՝ ավելի հոգեբանորեն դրա կարիքն ունենալով։ Կարծում եմ՝ նա գիտակցեց, որ Իջեւանում ռուբիկոնը հատվեց: Իր անպատասխանատու, կառավարելու անկարող եւ հասարակությանը տեսարաններով զբաղեցնելու աշխատաոճը ողջ մերկությամբ բացահայտվեց Իջեւանում: Հավանաբար, Փաշինյանին հարկավոր եղավ ինքն իր հետ միայնակ մնալ, հասարակությունից հեռու եւ մտածել, թե այդ որտեղ, հատկապես երբ սխալվեց ու սայթաքեց, որ սեփական ծննդավայրում սկսեցին իր իշխանությունը 1915 ու 37 թվականների հետ համեմատել, իր մեջ էլ մեկ տարի առաջվա Փաշինյանի անտիպոդին տեսնել: 

Իհարկե, չեմ կարծում, թե կանգ առնելուց, ռուբիկոնը գիտակցելուց, պատճառներ փնտրելուց ինչ-որ բան կփոխվի` Փաշինյանը լուծումներ կգտնի, կամ հանկարծ կառավարելու կարողություն ու ձիրք ի վերուստ կիջնի իր վրա: Ոչինչ էլ չի փոխվի, Փաշինյանը կշարունակի ավելի ու ավելի վերածվել սեփական անտիպոդին հասարակական ընկալման մեջ, մինչեւ կատարելապես սպառվի, տապալվի եւ հեռանա, որովհետեւ դա է հասարակական եւ քաղաքական օրինաչափությունը: Բայց հետո ինչ էլ լինի, գնահատելի է, որ Փաշինյանը մի պահ դադար է վերցնում` ռուբիկոն հատելուց հետո: 

Դա նշանակում է, որ որքան էլ ինքը ձախողված է իբրեւ պաշտոնյա, մարդկային հայացքն աշխարհին եւ որակը դեռ ինչ-որ տեղ ներսում խոսում է: Ափսոս միայն, որ այդ որակը ոչնչով չի կարող իրեն ո՛չ փրկել, ո՛չ օգնել, ինչպես չի օգնել նույնիսկ հզոր, արժանավոր ու խորը անհատներին պատմության ոլորաններում: Ռուբիկոն հատելուց հետո կանգ առնելը կարող է միայն վկայել անհատի վիճակի ողբերգականության եւ դեպի բռնապետություն քայլ կատարելուց առաջ ներքին տատանումների մասին: