Էդմոն, չեմ «սպառնըմ», բայց…

Էդմոն, չեմ «սպառնըմ», բայց…

Էդմոն Մարուքյա՞ն, էս ի՞նչ ֆռիկներ ես սկսել՝ ի՞նչ կիսանախագահական: Նիկոլի հետ ուրիշ ապուշություն չէի՞ք կարող մտածել: Այ Էդմոն, հիմա «մոքորը դուրս տանելու» ժամանակն է, ոչ թե Սահմանադրություն փոխելու: Տպավորություն ունեմ, որ Նիկոլի հետ չեք կարողանում «հեղաշրջման փորձը» Հայոց բանակի գրպանը գցել ու սեփական հեղաշրջումն եք կազմակերպում՝ սահմանադրականը:

Եվ ՀՀ նախագահին էլ դեռ փորձում եք ներքաշել այդ խաղի մեջ: Խորհուրդ չեմ տա շեղվել օրակարգից, որն այսօր մեկն է՝ երկիրն ազատել դավաճանից ու դավաճանությունից, ազատել՝ ինչ գնով էլ լինի: Էդմոն, եթե համաձայն չես, այդպես էլ ասա, որ քաղաքացին վերջապես կողմնորոշվի քո հարցում՝ դավաճանի հե՞տ ես, թե՞… Այլապես ի՞նչ պոչ ես խաղացնում, թե բա՝ գնացի Արմեն Սարգսյանին հիվանդատես, հալը հարցրի, եւ քննարկեցինք կիսանախագահական կառավարման անցնելու հարցեր: Էդ լուրջ ես ասո՞ւմ, Էդմոն: Իսկ Արմեն Սարգսյանին չհարցրի՞ր, թե ում է ուզում տեսնել մեր վաղվա կիսանախագահի պաշտոնում:

Թուրքիայից բացի ես ուրիշ երկիր չգիտեմ, որ խորհրդարանական կառավարումից կրկին անցել է նախագահական կառավարման համակարգին: Ի դեպ՝ դա արեց Էրդողանը, եւ առաջին բանը, որ ստացավ, ռազմական հեղաշրջման փորձն էր: Ես չեմ կարծում, որ նիկոլական թշվառ Հայաստանում գործը կհասնի սահմանադրական լուրջ փոփոխությունների, բայց եթե փորձ արվի սահմանադրական հեղաշրջում կատարել, ժողովրդին համոզելով, թե մեր կառավարման համակարգն էր մեղավոր պարտության համար, բանակն իսկապես կճզմի Սահմանադրությունը տապալողներին եւ այնպես կճզմի, որ դավաճաններն ու իշխանական խռովարարները չեն էլ հասցնի մնաս բարով ասել իրենց այդ մասին նախազգուշացնող Էդիկ Անդրեասյանին:

Երեկ իմացանք նաեւ, որ հանրապետության նախագահը որոշել է չստորագրել Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց եւ հակասահմանադրական հրամանագրի նախագիծը: Մեզ ասացին նաեւ, որ միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Հիմա ես չեմ հասկանում, մեծարգո նախագահ, ինչո՞ւ եք Դուք ՍԴ-ում Փաշինյանի կիսախելագար հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելու փոխարեն վիճարկում մի հարց, որը կապ չունի, շատ ներողություն, «մոլլայի բեղերի հետ»:

Ի՞նչ է ստացվում՝ որպեսզի Փաշինյանի որեւէ ցանկություն իրականացվի, ամեն անգամ պետք է Սահմանադրությունը համապատասխանեցնենք նրա մտքի թռիչքների՞ն: Լավ է, իհարկե, որ Փաշինյանի հրամանագիրը հետ եք ուղարկել, բայց ո՞րն է այդ նույն հրամանագրի հետագա գործադրման, այսինքն՝ Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու համար նոր ուղի հարթելու Ձեր ջանքերի իմաստը: Այսօր դրա՞ ժամանակն է:

Իմ համոզմամբ՝ այս պահին Հայաստանի փրկության միակ հնարավորության խեղաթյուրումն ու անտեսումը հավասարազոր է Հայաստանի Հանրապետության կործանմանը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականն արհեստականորեն ձգձգելն ու սահմանադրական մայմունություններ անելը հղի են լուրջ վտանգներով, այդ թվում եւ ընդհանրապես որեւէ տեսակի Հայաստան չունենալու հեռանկարով: Եվ, առհասարակ, վաղուց ժամանակն է, որ Հայրենիքի փրկության շարժումը վերանվանվի Հայրենիքի փրկության կոմիտե եւ ձեռնամուխ լինի իր հիմնական քայլերին՝ արդեն որպես գործադիր մարմին: Այլապես, չիշխող «քաղաքական մեծամասնությունը», որ պատասխանատու եւ մեղավոր է այս բոլոր խայտառակությունների համար, կշարունակի իր «դըմփ-դըմփ հու»-ով ոչնչացնել նաեւ հայոց վերջին պետականությունը: